Կվերաշահագործվի այլընտրանքային կամուրջը

24/08/2008

Աշխատանքներ են իրականացվում վերաշահագործելու Գորի-Թբիլիսի երկաթգծի` Գորիից 40 կմ դեպի Թբիլիսի գտնվող երկաթուղային կամրջի համար այլընտրանքային համարվող հին կամուրջը: Ըստ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մամուլի քարտուղար Վահե Դավթյանի` այդ կամուրջը բավականին հին է եւ երկար տարիներ չի շահագործվել: Սակայն այն կարելի է վերանորոգման աշխատանքներից հետո շահագործել որպես այլընտրանք օգոստոսի 16-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վնասված կամրջի համար: Չնայած հին կամրջի թողունակությունը զիջում է ավերված կամրջի թողունակությանը, այդուհանդերձ, այն կարող է օգտագործվել բեռների տեղափոխման նպատակներով: Վ. Դավթյանի ասելով` հին կամրջի վերաշահագործմանն ուղղված վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել առաջիկա 3-4 օրերին, իսկ թե երբ այն շահագործման կհանձնվի, Վ. Դավթյանը դժվարացավ նշել` ավելացնելով, որ այն դեռ փորձարկումների պետք է ենթարկվի: Այդուհանդերձ, ըստ նրա, այս տարբերակը կարող է օգտակար լինել բեռնափոխադրումների իրականացման համար, քանի որ ավերված կամրջի վերականգնման աշխատանքների ավարտի ժամկետները դեռ հստակեցված չեն, նախնական տվյալներով` պայթյունից մասամբ ավերված կամուրջը վերաշահագործելու համար դեռ էլի մոտ 2 շաբաթ կպահանջվի: Ամեն ինչ արվում է` երկաթուղային ճանապարհով բեռնափոխադրման խնդիրները հնարավորինս արագ լուծելու նպատակով: Վ. Դավթյանի խոսքով` հայկական կողմն աջակցում է երկաթուղային կամուրջների վերաշահագործման աշխատանքներին, մասնավորապես, 3 վագոն երկաթբետոնե կոճ է տրամադրել, նաեւ մասնագիտական 12 անդամից բաղկացած խումբ է ուղարկվել` աջակցելու պայթեցված կամրջի վերականգնման աշխատանքներին: Այդ խումբը երեկ վերադարձել է Հայաստան: Իսկ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղարն «Արմենպրեսին» ասել է, թե նախնական տվյալներով` ավերված կամրջի մոտ կուտակված հայկական բեռները չեն ավելացել: Այդտեղ ներկայում գտնվող բեռների վերաբերյալ տվյալները ճշտվում են: Իսկ կուտակված բեռները Հայաստան տեղափոխելու համար որպես այլընտրանքային ուղի է կիրառվում բեռնատարների միջոցով փոխադրումը: