Պատրաստ է դիմակայել ցանկացած ագրեսիա

24/08/2008

«Ռուսաստանը թույլ չի տա որեւէ մեկին իրեն պայմաններ թելադրել, եթե վստահ է, որ ճիշտ է»,- երեկ ասել է ՀԱՊԿ-ի Տեղեկատվական աջակցության միջազգային հասարակական կենտրոնի տնօրեն Ռամիլ Լատիպովը` մեկնաբանելով ՆԱՏՕ-ի անդամ-երկրների արտգործնախարարների օգոստոսի 19-ի հայտարարությունը` վրաց-ռուսական հարաբերությունների, Ռուսաստանի հանդեպ կառույցի երկրների քաղաքականության վերաբերյալ: Ռ.Լատիպովի խոսքերով` Ռուսաստանն ունի իր դիրքորոշումը, որը հիմնավորված է փաստերով եւ հետ չի կանգնի իր որոշումներից ու հայտարարություններից: «Ռուսաստանը երբեք ագրեսոր չի եղել: Եվրոպական երկրները, որոնք փոխում են իրենց դիրքորոշումը մեկ օրվա ընթացքում, լուրջ չեն վերաբերվում խնդրին: Նրանք ընկնում են ամերիկյան ազդեցության ներքո, որն «ամոթ է եւ ոչ հարիր եվրոպական երկրի»: Մենք ընդունում ենք մեր սխալները, եթե դրանք առկա են լինում, բայց որեւէ մեկը մեզ պայմաններ թելադրել չի կարող»,- ասել է գեներալ-լեյտենանտը: Նրա հավաստմամբ` «ՀԱՊԿ-ն ռազմաքաղաքական կառույց է, որը պատրաստ է դրանում ներառված յոթ երկրների զինուժը համախմբել` դրանցից որեւէ մեկի դեմ ագրեսիայի դեպքում: Կառույցը զբաղվում է ահաբեկչության, թմրաբիզնեսի դեմ պայքարի հարցերով եւ պատրաստ է ջանքերը համատեղել նաեւ միգրացիոն խնդիրների ուղղությամբ: Դրված են նաեւ հեռանկարային խնդիրներ` ուժային բլոկը պետք է լինի կառույցի ուշադրության կենտրոնում. դրա համար հիմք կարող են ծառայել ռուսական զինված ուժերը, որոնք լուրջ աշխարհաքաղաքական գործոն են: Ռուսաստանը շարունակում է լինել ռազմատնտեսական լիդեր. պատմական այդ փաստը պետք է հասկանալ ու հաշվի նստել դրա հետ»,- ասել է Ռ. Լատիպովը:

«ԽՍՀՄ աշխարհաքաղաքական տարածքը, որը 70 տարի միավորել է պետությունների, ներկայումս էլ լավ հիմք է ստեղծում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների, այդ թվում` Ռուսաստանի ու Հայաստանի համագործակցության համար: Մենք եղբայրներ ենք. Հայաստանում ռուսներին են ընկալում որպես եղբայր. Ռուսաստանում` հայերին»,-ընդգծել է նա: Ռ.Լատիպովը նաեւ ասել է, թե ՀԱՊԿ-ի ներսում երկրները չունեն որոշիչ տարաձայնություններ: Ըստ նրա` ՀԱՊԿ-ն մեծ հեռանկարներ ունի, եւ կառույցը պատրաստ է դիմակայել ցանկացած ագրեսիայի` ուղղված կառույցի անդամ-երկրներից որեւէ մեկի դեմ: Ի դեպ, Հայաստանում ՀԱՊԿ-ի Տեղեկատվական աջակցության միջազգային հասարակական կենտրոնը ստեղծվել է կազմակերպության աշխատանքների լուսաբանման, Հայաստանի բնակչությանը կառույցի նպատակների, խնդիրների, գործունեության մասին ամբողջական տեղեկատվություն ապահովելու առաքելությամբ: