Ընդդիմությունը բոյկոտում է ոչ միայն ԱԺ նիստերը, այլեւ ԱԺ-կառավարություն
հարցուպատասխանը` պատճառաբանելով, թե կառավարության կողմից տրվող որեւէ
պատասխան որեւէ հարցի վերաբերյալ համոզիչ չէ: Վարչապետ Ա. Մարգարյանը,
սակայն այս ամենին հանգիստ է վերաբերվում` հայտարարելով, թե ինքն
ընդդիմության պատճառով կառավարությունը չի փոխելու. «Ո՞վ է
ընդդիմությունը, օրինակ, Արշակ Սադոյանը ընդդիմությո՞ւն է, թե՞ ոչ, Մանուկ
Գասպարյա՞նը, Հմայա՞կը,- թվարկեց Ա. Մարգարյանը՝ ավելացնելով,- ուրեմն
պետք է սպասեն, որ այնպիսի կառավարություն լինի, որի պատասխանները համոզիչ
լինեն, որ գան-մասնակցեն: Ես իրենց պատճառով կառավարություն չեմ փոխելու»:
Անդրադառնալով իշխանափոխությանն առնչվող մեկ այլ հարցի, Ա. Մարգարյանը
նկատել է. «Մենք երկու տարի առաջ ընտրությունների հետեւանքով եկել ենք
իշխանության, կազմել ենք կոալիցիա, եւ, բնականաբար, եթե կոալիցիան ինքը չի
նախաձեռնում, մենք դեմ ենք լինելու իշխանափոխության ցանկացած
նախաձեռնության: Եվ եթե ընդդիմությունն ասում է՝ իշխանափոխություն, դա չի
վերաբերում միայն ՀՀ նախագահին: Դա վերաբերում է եւ՛ ԱԺ նախագահին, եւ՛
կառավարությանը, եւ՛ վարչապետին: Մենք թիմով ենք եկել եւ թիմով էլ պետք է
գնանք. մասնակի իշխանափոխություն չի լինելու»: Ա. Մարգարյանին հիշեցնենք,
որ երբ Ռ. Քոչարյանն իշխանության էր, ինքն ընդամենը ՀՀԿ նախագահն էր: