Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները` սեռավարակները, վեներական հիվանդությունների հետ համեմատած՝ ավելի ընդգրկուն են: Պարզապես վեներական հիվանդությունները սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների մի մասն են կազմում:
Սեռավարակները բաժանվում են մի քանի խմբի` «դասական», «նոր» վեներական հիվանդություններ, մաշկային հիվանդություններ, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով, հիվանդություններ, որոնք ախտահարում են մյուս օրգան-համակարգերը: Ներկայումս առանձնանում են մոտ 20-25 տեսակի հիվանդություններ, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով: «Դասական» վեներական հիվանդությունների թվին են պատկանում գոնորեան, սիֆիլիսը, գարդնելլերան, սեռական օրգանների հերպեսը, տրիխոմոնոզը, ուրեապլազմոզը, քլամիդիոզը եւ այլն: Սեռական ճանապարհով փոխանցվող ամենահայտնի հիվանդությունը քոսն է, իսկ ՁԻԱՀ-ը, հեպատիտի B եւ C տեսակները, լյամբլիզը հիվանդություններ են, որոնք ախտահարում են նաեւ մյուս օրգանները: Չնայած հեպատիտ C-ն ավելի հաճախ փոխանցվում է արյան միջոցով:
Ժամանակակից վիճակագրությանն այնքան էլ պարզ չէ սեռավարակներով տառապողների իսկական թիվը, իսկ դրա պատճառները մի քանիսն են. մարդիկ հաճախ բժշկի չեն դիմում, որովհետեւ չգիտեն իրենց հիվանդության մասին: Եթե սիֆիլիսի ու գոնորեայի ախտանիշներին ծանոթ են հնուց եւ, վախենալով այդ հիվանդություններից, բուժվում են, ապա «նոր» վեներական հիվանդությունները, ինչպիսիք են` քլամիդիոզը, տրիխոմոնոզը, գարդներելեզը, շատերը նույնիսկ չեն էլ կասկածում: Այս վարակներն ընթանում են առանց որեւէ ախտանիշի, հատկապես կանանց դեպքում: Բացի այդ, վեներական հիվանդությունները վտանգավոր են այնքանով, որ հնարավոր է՝ փոխանցվեն դեռեւս ներարգանդային կյանքում կամ մայրական կաթի միջոցով:
Սեռավարակների վտանգավորությունը նրանց առաջացրած այս կամ այն հիվանդության բարդություններն են: Այդ հիվանդությունները զարգանալով բերում են շատ լուրջ հետեւանքների: Օրինակ, քլամիդիաները, միկոպլազմաներն ու ուրեապլազման շատ հաճախ առաջացնում են պրոստատիտ, օրխիտ: Այս հիվանդությունների բարձիթողի վիճակն էլ տղամարդկանց մոտ կարող է հանգեցնել անպտղության: Կանանց մոտ եւս այս վարակները պատճառ են հանդիսանում ներքին օրգանների բորբոքային հիվանդությունների, օրինակ` արգանդի: Հղիության ընթացքում կամ ծննդաբերության ժամանակ դրանք կարող են փոխանցվել երեխային` առաջացնելով նորածնի մոտ աչքերի բորբոքային հիվանդություններ, շնչուղիների հիվանդություններ, օտիտ եւ այլն: Այնպիսի սեռավարակը, ինչպիսին մարդու պապիլոմայի վիրուսն է, կարող է առաջացնել արգանդի վզիկի քաղցկեղ: Լյարդի քաղցկեղի բուն պատճառ է համարվում հեպատիտ B-ն: Հերպեսի վիրուսը ներարգանդային կյանքում առաջացնում է շատ ախտաբանական երեւույթներ:
Սեռավարակների սրման տարիքը համարվում է 25 տարեկանը, քանի որ սեռական կյանքով զբաղվելու ամենաակտիվ տարիքն է: Ժամանակակից երիտասարդները սեռական կյանքով սկսում են ապրել 14-16 տարեկանում, իսկ արդեն 25 տարեկանում դառնում են մի քանի վարակների կրող, ինչը շատ բարդացնում է բուժումը: Որքան էլ զարմանալի թվա` վարակվելու ռիսկային խմբում են 50 տարեկանին մոտ մարդիկ: Պատճառն այն է, որ նրանք 6 անգամ ավելի քիչ են պահպանակներ օգտագործում եւ 5 անգամ ավելի քիչ են ստուգվում ՁԻԱՀ-ի համար, քան երիտասարդները, չնայած նրանց վարակվելու հավանականությունը հավասար է:
Պարտնյորը կարող է հանդիսանալ պոտենցիալ վարակակիր, եթե թմրադեղեր է օգտագործում, եթե նրա աշխատանքը կապված է արյան հետ (բուժքույրերն ու բժիշկները): Պոտենցիալ վտանգավոր են մարդիկ, որոնց մոտ հեմոդիալիզ կամ արյան փոխներարկում են իրականացրել: Վտանգավոր են նաեւ դեպքերը, երբ զուգընկերը գայթակղվում է պատահական հանդիպումներով, այսպես ասած` վարում է փնթի սեռական կյանք: Երբեմն նույնիսկ անալիզների արդյունքները ոչ մի սեռավարակի մասին չեն ասում, բայց դա ոչինչ չի նշանակում, որովհետեւ ցանկացած վարակ ունի իր գաղտնի շրջանը: Հատկապես տղամարդկանց արտաքին տեսքից չի էլ երեւում այս կամ այն հիվանդությունը:
Առհասարակ վեներական հիվանդություններն ընթանում են 2 ձեւով` սուր եւ քրոնիկական: Սուր ընթացքը լինում է այն ժամանակ, երբ հիվանդը նոր է վարակվել, եւ նոր են արտահայտվում ախտանիշները:
Սեռավարակների ինկուբացիոն շրջանն ընդհանրապես տեւում է 1-7 օր: Այս ժամանակահատվածում տղամարդկանց մոտ առաջացող ախտանշանները լինում են քորի ու այրոցի տեսքով, իսկ կանանց մոտ, այս ամենի հետ մեկտեղ, նաեւ լինում է արտադրություն: Երբեմն մարդիկ մտածում են՝ չարժե այդ աննշան գանգատների համար դիմել բժշկի: Բայց սա համարվում է վարակի սուր շրջան, իսկ այն չբուժելու դեպքում վերածվում է քրոնիկականի: Հիվանդության քրոնիկական բնույթի դեպքում հնարավոր է ընդհանրապես որեւէ ախտանշանի բացակայություն, եւ հիվանդը գտնում է, որ իր ինքնաբուժումը նպատակին ծառայեց, բայց դա այնքան էլ այդպես չէ: Ինքնաբուժության դեպքերն այնքան էլ շատ չեն: Իրականում հիվանդությունը քրոնիկական բնույթի անցնելիս հիմնավորվում է հիվանդի օրգանիզմում, ու այսպիսով՝ նա դառնում է վարակակիր: Այս դեպքում արդեն ոչ մի բժիշկ չի կարող ասել, թե երբ ու ինչպես կարող է արտահայտվել այդ վարակը, իսկ դրանից առաջացած հիվանդությունը կոնկրետ որ օրգանները կարող է ախտահարել: Հաճախ են նաեւ դեպքերը, երբ հիվանդությունը հենց սկզբից էլ իր մասին զգացնել չի տալիս: Դա բնավ էլ վարակի բացակայություն չէ, այլ պարզապես հիվանդությունը հենց սկզբից կրում է քրոնիկական բնույթ: Հիվանդության անմիջապես ախտորոշումը, ասենք, քլամիդիոզ կամ տրիխոմոնոզ, այնքան էլ ճիշտ չէ, որովհետեւ սեռավարակները «միայնակ» չեն հանդիպում, այլ միշտ, կարելի է ասել` հանդես են գալիս «փնջով»: Եվ որպեսզի այդ հիվանդությունների «փունջը» բուժվի, պետք է գտնել, թե հիվանդության որ հարուցիչն է առաջացրել այն, եւ, թե հիվանդությունը որ փուլում է գտնվում: Ահա թե ինչու մի փոքր կասկածի դեպքում անգամ պետք է հանձնել անալիզներ առնվազն 10 վարակի համար:
Հիվանդության գաղտնի շրջանը վարակման րոպեից մինչեւ առաջին ախտանիշների առաջ գալու ժամանակահատվածն է: Օրինակ, գոնորեան կարող է արտահայտվել վարակումից 10-20 օր անց, իսկ հեպատիտ C-ն մինչեւ 6 ամիս կարող է չարտահայտվել ընդհանրապես: Հերպեսի ախտանշաններն ի հայտ են գալիս 1-3 շաբաթ հետո, միկոպլազմոզը` 3-5 շաբաթ հետո, սիֆիլիսը` միջինում 3-4 շաբաթ անց, բայց կարող է այդ ժամանակահատվածը կրճատվել կամ երկարել մինչեւ 110 օր:
Սեռավարակներից առաջացած խնդիրները մի քիչ ավելի լուրջ են, քան ցավն ու անհարմարությունը: Հիմնական վտանգը դրանցից առաջացած բարդություններն են ու հետեւանքները: Դրանք շատ վտանգավոր են թե տղամարդկանց, թե կանանց առողջության համար: Բայց սեռավարակները հատկապես վտանգավոր են կանանց առողջության համար` հաշվի առնելով հղիության փաստը, քանի որ վարակը պտղին կարող է փոխանցվել ընկերքի միջոցով կամ ծննդաբերության ժամանակ: Իսկ ամենակարեւորը, որ սեռավարակների բարդությունները կարող են անպտղության պատճառ դառնալ թե տղամարդկանց, թե կանանց մոտ:
Օրինակ, սիֆիլիսի հարուցիչը, որ ընդունակ է ներխուժելու ցանկացած օրգան կամ օրգան-համակարգ` սիրտ, ստամոքս, լյարդ, երիկամ, նյարդային համակարգ, ապրում ու բազմանում է այնտեղ` բերելով այդ օրգանի աշխատանքի խափանմանը: Իսկ ավելի լուրջ դեպքերում էլ հնարավոր է անդամալուծություն, ընդհուպ՝ մինչեւ մահ:
Շատերը գտնում են, որ հնարավոր չէ վարակվել այն մարդուց, ով սեռական օրգանների շրջանում բորբոքային ախտանշաններ չունի: Բայց սեռավարակները միայն սեռական ճանապարհով չէ, որ փոխանցվում են, այլ նաեւ արյան միջոցով (ՁԻԱՀ, սիֆիլիս, հեպատիտ B)՝ արյան փոխներարկման ժամանակ, ոչ ստերիլ ասեղների պատճառով: Որոշ դեպքերում սիֆիլիսը կարող է փոխանցվել նույնիսկ թաց համբույրի միջոցով: Այնպես որ` պրոֆիլակտիկայի համար անպայման պետք է դիմել բժշկի, հաշվի առնելով այն փաստը, որ վեներական հիվանդությունների մեծ աճ է զգացվում: Օրինակ, Ռուսաստանում վեներական հիվանդությունները, կարելի է ասել, համաճարակի բնույթ են կրում: Դրա պատճառները մի քանիսն են: Օրինակ, սեքսուալ հեղափոխությունը, որն իր փոփոխության հետ չբերեց նաեւ սեքսուալ հարաբերությունների անհրաժեշտ հիգիենա, տարբեր տեսակի հակաբեղմնավորիչների ի հայտ գալը, որը կտրուկ նվազեցրեց վախն անցանկալի հղիություններից, որն էլ համապատասխանաբար ազդում է ցանկացած սահմանափակումների վրա: Պատճառներից մեկն էլ, որքան էլ զարմանալի է, բժշկի մոտ հիվանդի ոչ մինչեւ վերջ անկեղծանալն է, իսկ նման պահվածքը թույլ չի տալիս ժամանակին ու մինչեւ վերջ բուժել հիվանդին ու իր զուգընկերոջը: Գոյություն ունեն մի քանի հասարակ կանոններ ու խորհուրդներ, որոնց հետեւելու դեպքում կարելի է հնարավորինս խուսափել սեռավարակներից: Առաջին հերթին պետք է ձեռնպահ մնալ պատահական կապերից, որովհետեւ նույնիսկ ամենալավ մասնագետը չի կարող երաշխավորել, որ այս կամ այն կինը կամ տղամարդն առողջ են: Կամ գոնե պահպանակի օգտագործումը պարտադիր է: Իհարկե, միշտ պետք է հիշել, որ պահպանակը եւս 100 տոկոսով չի կարող պաշտպանել սեռավարակներից:
Կարծիք կա, որ վեներական հիվանդություններով կարելի է վարակվել լողավազաններում, սաունաներում ու այլ հասարակական վայրերում: Վեներական հիվանդությունների հարուցիչներն արտաքին միջավայրում այնքան էլ երկար չեն ապրում: Իրենց կյանքի համար ոչ բարենպաստ պայմաններում, այսինքն` մարդու օրգանիզմից դուրս, դրանք մահանում են: Բացի այդ, միայն մեկ վիրուսն ու բակտերիան չեն կարող առաջացնել հիվանդություն: Այդ միկրոբների մեծ քանակություն է անհրաժեշտ, որը կարողանա առաջացնել հիվանդություն: Իսկ այդ քանակությունը օրգանիզմ կարող է ընկնել միայն սեռական կապի միջոցով: Այնպես որ` հետեւելով հիգիենայի կանոններին, շատ հեշտ կարելի է խուսափել վեներական հիվանդություններից:
Շատերը կասկածելով, որ իրենք վարակվել են ինչ-որ հիվանդությամբ, հատկապես կանայք, սկսում են զբաղվել ինքնաբուժությամբ եւ դրանով ավելի են բարդացնում իրենց ու զուգընկերոջ վիճակը: Մինչդեռ հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու ու բուժելու ամենաճիշտ ու երաշխավորված տարբերակը 1 տարվա մեջ գոնե 2 անգամ բժշկի մոտ հետազոտվելն է: