Արդեն մեկուկես ամիս է, ինչ Համաժողովրդական շարժման ակտիվիստները նստացույց են անում Հյուսիսային պողոտայում: Նստացույցի տարբեր օրերին տարբեր քանակի մարդիկ են մասնակցում` 30-100 հոգի:
Նրանցից շատերն օրերով իրենց տուն չեն գնում, գիշերում են հենց Հյուսիսային պողոտայում: Ավելի վաղ սկսվել էին եւ մինչեւ հիմա էլ երեկոյան ժամերին շարունակվում են քաղաքական զբոսանքները: Այս մի քանի ամիսների ընթացքում պողոտան կարծես դարձել է Համաժողովրդական շարժման բացօթյա կենտրոնը: Անցորդները մոտենում են, հետաքրքրվում, կարդում են մակագրությունները, զրուցում են նստացույցի մասնակիցների հետ, ստորագրում են կամ չեն ստորագրում: Պողոտայում այսօրվանից սկսվել է անհատների անդամագրումը Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսին: Այս օրերին Հյուսիսային պողոտայում նաեւ գիրք է ծնվել` «Ազատագրում» եռահատոր գրքի երրորդ հատորը՝ նվիրված Ղարաբաղյան շարժմանը, պատերազմին: Առաջին երկու հատորները հրատարակվել են 2003 եւ 2006 թթ.: Երրորդ հատորը լույս կտեսնի հավանաբար սեպտեմբերին: Հեղինակը` արդեն բանակից զորացրված փոխգնդապետ Մարտին Բաղդասարյանն, իր գրքում ներկայացրել է պատերազմի գրեթե բոլոր հերոսներին, մասնակիցներին: Գրքի հերոսներն իրենք են պատմում Ղարաբաղյան շարժման կամ պատերազմի` իրենց մասնակցության դրվագների մասին: Իսկ մարտի 1-ից հետո գրքում ավելացել է չնախատեսված մի գլուխ, որը հեղինակը վերնագրել է «Արյունոտ արշալույս»: Մ.Բաղդասարյանն ընտրություններից հետո Ազատության հրապարակի բոլոր հանրահավաքներին մասնակցել է եւ գիշերներն էլ այնտեղ է անցկացրել: Մարտի 1-ի գիշերը, երբ ոստիկանները հարձակվել են ցուցարարների վրա, Մ.Բաղդասարյանը նույնպես դաժան ծեծի է ենթարկվել: Հետո նրան երկու անգամ ձերբակալել են ու բաց թողել: «Տո ծեծում էին, հայհոյում էին, տո նսեմացնում էին, ահաբեկում էին, հետապնդում են: Զենք էին ման գալիս: Մեր զենքն այնտեղ եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի չիբուխը: Շարժման առաջին զենքը ես եմ արտադրել, առաջին ջոկատները ես եմ կազմավորել: Բայց այսօր որտեղ գնում ենք, դռները փակում են մեր առաջ, արհամարհում են, թե՝ լեւոնական ես: Վախ հիվանդությունն է ավելացել ժողովրդի մեջ, ժողովուրդն իր հավատն է կորցրել, վաղը բանակը չի կռվի: Սա ապրելու ձեւ չի: Մենք ոչ միայն մեր հերոսներին ենք կորցրել, այլեւ հերոսական ժամանակներն ու ոգին: Ես նստացույցին մասնակցելու եմ մինչեւ վերջ, մինչեւ ժողովուրդը հաղթի»,- ասում է Մ.Բաղդասարյանն ու իշխանություններին կոչ անում՝ «Լ.Տեր-Պետրոսյանի մտքերը քջուջ չանել»: Իսկ «Ազատագրումի» երրորդ հատորի «Արյունոտ արշալույս» բաժնում հեղինակը ներկայացրել է մարտի 1-ի դեպքերը, դրան հաջորդող հացադուլի ու նստացույցի որոշ դրվագներ: