«Ինձ միշտ չի բավականացնում ժամանակը»

20/08/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

– Պարոն Աբրահամյան, հայաստանյան քաղաքական դաշտում Դուք հայտնի եք որպես ստվերային լուրջ ազդեցության գործիչ։ Այժմ Դուք գալիս եք ամենահրապարակային քաղաքական դաշտ՝ խորհրդարան։ Մինչդեռ, որոշ վերլուծաբանների գնահատմամբ՝ Ձեր տիպի գործիչներն ուժեղ են հատկապես իրենց ստվերային ազդեցությամբ։

– Ես, իհարկե, հասկանում եմ, որ քաղաքական տարբեր վերլուծաբանների համար շատ ավելի հետաքրքիր է, եւ իր մեջ շատ ավելի մեծ ինտրիգ է պարունակում խոսել ինչ-ինչ ստվերային ազդեցությունների եւ քաղաքական դաշտն ուղղորդող ստվերային գործիչների մասին, դրանով քննարկման լայն նյութ տալով հանրությանն ու լրատվամիջոցներին։ Ինձ համար, սակայն, հասկանալի չէ «ստվերային» եւ «ոչ ստվերային» գործիչների բաժանման այս տրամաբանությունը. քաղաքական գործիչը, պաշտոնյան կա՛մ ունի ազդեցություն, կա՛մ չունի, եւ այն բնավ կախված չէ «ստվերից» ու «լույսից»։ Խնդիրն այն է, որ, այո, խորհրդարանը շատ ավելի բաց ու հրապարակային քաղաքականության դաշտ է եւ, բնականաբար, օրենսդիր մարմինն ունի աշխատանքի իր յուրահատկությունները, ինչն ինձ համար նորություն չէ։ Ի վերջո, ես եղել եմ առաջին գումարման խորհրդարանի պատգամավոր եւ, բացի դա, որպես կառավարության անդամ, գրեթե ամենօրյա շփում եմ ունեցել խորհրդարանի հետ։ Այնպես որ, իզուր են ձեր նշած վերլուծաբանները անհանգստանում։ Եթե կա աշխատելու կամք, եթե հստակ պատկերացնում ես առաջադրված խնդիրների շրջանակը, դա արդեն ցանկացած գործում հաջողության հասնելու լուրջ նախադրյալ է։
– Եվ չնայած Դուք համառորեն շրջանցում եք այդ հարցը, այդուհանդերձ, հասկանալի է, որ երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարը չէր առաջադրվի պատգամավորության թեկնածու, ընդամենը շարքային պատգամավոր դառնալու համար։ Ըստ մամուլի հրապարակումների, Դուք հավակնում եք ԱԺ նախագահի պաշտոնին։

– Երբեւէ չեմ խուսափել որեւէ հարցի պատասխանելուց, սակայն այդ հարցին իմ պատասխանը կրկին լինելու է նույնը. Հանրապետական կուսակցությունը որոշել է առաջադրել իմ թեկնածությունը թիվ 17 ընտրատարածքում, իմ թեկնածությունը պաշտպանել է քաղաքական կոալիցիան, իսկ թե ի՞նչ կլինի օգոստոսի 24-ից հետո, դա կուսակցության քաղաքական որոշման խնդիրն է, եւ ես իսկապես կոռեկտ չեմ համարում կանխորոշել կուսակցության քաղաքական որոշումները։

– Պարոն Աբրահամյան, եթե լինենք անկեղծ, ապա Դուք պատկանում եք այն գործիչների թվին, որոնց հանդեպ ընդդիմադիր մամուլն առանձնապես բարեհաճ չէ։

– Իհարկե, ես այն գործիչներից չեմ, ովքեր գտնում են, որ իրենց մասին մամուլում հրապարակված ցանկացած տող, բացի մահախոսականից, գովազդ է։ Այո, մամուլն իսկապես ուժեղ զենք է, սակայն մամուլի ուժն իր անաչառության եւ անկողմնակալության մեջ պիտի լինի։ Բայց երբ առավոտյան բացում ես որոշ թերթեր եւ հանդիպում ես այնպիսի հրապարակումների, որոնք իրենց անհեթեթությամբ անցնում են աբսուրդի ցանկացած սահման, բնական է, որ նման լրատվամիջոցի չես կարող լուրջ վերաբերվել։ Ես հասկանում եմ, որ բուլվարային մամուլը եւս ունի իր սպառողը՝ քանի դեռ մենք քաղաքացիական լուրջ հասարակություն կայացնելու խնդիր ունենք, սակայն, անգամ նման որակի մամուլը պիտի կարողանա պահպանել լրագրողական պրոֆեսիոնալիզմի գոնե նվազագույն կանոնները։

– Ի դեպ, վերջերս մամուլում Ձեր մասին երկու ուշագրավ հրապարակում կար. մեկը վերաբերում էր Ձեր ունեցվածքին, իսկ երկրորդում՝ որպես «Հայկական Ժամանակ» օրաթերթի լրագրողի հանդեպ բռնություն կատարելու պատվիրատու, ի թիվս երկու այլ անձանց, նաեւ Ձեր անունն էր տրվում։ Եթե այդ հրապարակումները հերյուրանք էին, ինչո՞ւ չհերքեցիք։

– Ես ուղղակի ափսոսում եմ այն ժամանակը, որ պիտի տրամադրեմ հերքելու համար մամուլում տպագրվող այս կամ այն անհեթեթությունը։ Ես շատ ավելի կարեւոր գործեր ունեմ, քան որոշ լրատվամիջոցների անլուրջ հրապարակումների հետեւելը։ Այդուհանդերձ, իմ ունեցվածքով խստագույնս հետաքրքրվողներին ասեմ, որ ես երբեւէ չեմ թաքցրել այն, ինչ ունեմ, որը, ի դեպ, հայտարարագրված է, եւ հատկապես հետաքրքրասերները կարող են ծանոթանալ հայտարարագրի բովանդակությանը։ Ինչ վերաբերում է մամուլում ինձ վերագրված սեփականությանը, պետք է ասեմ, որ ես ագահ մարդ չեմ, իմ ընտանիքին միանշանակ բավարարում է մեր սեփականությունը, ուստի այլոց սեփականությունն ինձ վերագրելու «մեծահոգություն» անելու կարիքը պարզապես չկար։ Իսկ թերթի լրագրողի հանդեպ կիրառված բռնության մասին ձեր հարցին չեմ էլ ցանկանում անդրադառնալ, որովհետեւ, ինչպես արդեն ասացի, նույնիսկ աբսուրդը ինչ-որ, գոնե տարրական տրամաբանության պետք է ենթարկվի։ Եվ չնայած որոշ լրատվամիջոցների բացարձակ անպատասխանատվությանն ու էթիկայի նորմերի պարբերական կոպտագույն խախտումներին, այնուամենայնիվ, ինձ համար անընդունելի եւ դատապարտելի է առհասարակ մամուլի, լրագրողների հանդեպ որեւէ ճնշում եւ բռնություն։

– Իսկ Ձեզ չի՞ վիրավորում, որ մամուլում բավականին հաճախ շրջանառվում է Ձեր մականունը։

– Գիտեք, ես ավելորդ բարդույթներ չունեմ եւ եթե որոշ լրատվամիջոցներ «մուկ» գրելիս հատուկ հաճույք են ստանում, ապա թող շարունակեն վայելել այդ հաճույքը։ Ինձ դա բնավ չի հուզում, եւ եթե հաշվարկն ինձ վիրավորելը կամ զայրացնելն է, ապա հաստատ սխալ հաշվարկ է։ Ի դեպ, ես որեւէ դատապարտելի բան չեմ տեսնում, որ մարդ մականուն ունենա։ Ավելի լավ է մանկական մականուն ունենալ, քան որոշ լրատվամիջոցների հովանավորների եւ տերերի նման՝ գործակալական կեղծանուն։ Ի վերջո, եթե ավելի լուրջ բան ունենային գրելու, լուրջ բան կգրեին։

Իսկ այդ մականունի պատմությունը դեռ մանկությունից է գալիս. հիշում եմ, մի անգամ մայրս Նոր տարվա համար կոնֆետներ էր պահել, որ դնի տոնական սեղանին, ու երբ բերեցին, պարզվեց, որ կոնֆետների կեսը չկա։ Տատս, իհարկե, հասկացավ, որ ես եմ կերել, ու կատակով ասաց, որ երեւի տանը մուկ կա։ Այդպես էլ ահա այդ մանկական մակակունը, տատիս ձեռամբ, կպցրեցին ինձ։

– Դուք, թերեւս, միակ բարձրաստիճան պաշտոնյան եք, որ այդպես էլ չտեղափոխվեցիք ապրելու Երեւան, եւ ամեն օր աշխատանքի եք գալիս հայրենի Մխչյան գյուղից։ Ինչո՞ւ չեք տեղափոխվում մայրաքաղաք։

– Կարող է մի քիչ հուզական հնչի, բայց ես սիրում եմ իմ փոքր հայրենիքը, իմ գյուղը, եւ ուղղակի չեմ պատկերացնում, որ կարող եմ ապրել այլ տեղ։ Ես ինձ իսկապես սենտիմենտալ մարդ չեմ համարում, բայց ինձ համար կարծես կենսական անհրաժեշտություն է դարձել, որ ամեն օր աշխատանքի գալիս պիտի տեսնեմ երկու Մասիսները։ Ու ինչքան էլ հոգնած լինեմ, այդ պահերին հոգնությունս թեթեւանում է։ Իսկ երբ երբեմն հաջողվում է մի քիչ շուտ վերադառնալ տուն, սիրում եմ իմ տան այգում աշխատել, ծառ եմ տնկում, եւ թոռնիկներիս էլ, որ դեռ փոքր են, սովորեցնում եմ սիրել հայրենի հողն ու հայրենի տունը։ Հասկանում եք երեւի, որ պաշտոնի բերումով հաճախ եմ բացակայում Հայաստանից, բայց ամեն անգամ, երբ օդանավը վայրէջք է կատարում մեր օդակայանում, ես կրկին ու կրկին վերապրում եմ յուրաքանչյուր հայիս բնորոշ նույն ջերմ ու անփոխարինելի զգացումը։

– Մեր ունեւոր որոշ պաշտոնյաներ, օլիգարխներ տարբեր հոբբիներ ունեն. ոմանք, օրինակ, համաշխարհային գեղարվեստի գործեր են հավաքում, ոմանք՝ հնաոճ թանկարժեք զարդեր։ Ի՞նչ հոբբի ունի Հովիկ Աբրահամյանը։

– Պատանի հասակում դրոշմանիշեր էի հավաքում, հիմա նման կարգի հատուկ որեւէ նախասիրություն չունեմ։ Իհարկե, երբ լինում եմ որեւէ երկրում, ապա ինչքան էլ օրը ծանրաբեռնված լինի, աշխատում եմ ժամանակ գտնել եկեղեցի եւ պատկերասրահ մտնելու համար։ Շատ եմ սիրում իտալական Վերածնունդը եւ ամեն անգամ Հռոմում լինելիս ուղղակի հաճույք եմ ստանում այդ մշակույթի հետ շփումից։ Ինչ վերաբերում է զարդերին, ապա սիրում եմ ինքս կնոջս ու երկու աղջիկներիս համար զարդեր ընտրել՝ իմ ճաշակով։ Պիտի ասեմ, որ երբեք նրանց հուսախաբ չեմ արել, եւ իմ ընտրությունը միշտ հավանել են։

– Ի՞նչ երաժշտություն եք լսում, երբ մեքենայի մեջ եք լինում։

– Անկեղծ ասած՝ մեքենայի մեջ, երբ գալիս եմ աշխատանքի կամ կեսգիշերից անց վերադառնում եմ տուն, այն հարցերը, որոնք հնարավոր է կարգավորել հեռախոսով՝ աշխատում եմ կարգավորել, պատասխանել բազմաթիվ հեռախոսազանգերի, ու չեմ էլ նկատում, թե ինչպես հասա աշխատանքի կամ տուն։ Իսկ ընդհանրապես՝ երբ հաջողվում է, նախընտրում եմ լսել ռադիոլուրեր ու նաեւ՝ հանգիստ երաժշտություն։

– Ինչպե՞ս եք անցկացնում Ձեր հանգիստը։

– Երբ ես տուն եմ վերադառնում՝ տնեցիներն արդեն քնած են լինում, ու այնպես էր ստացվել, որ թոռներիցս մեկն ինձ երբեք չէր տեսել քնած կամ քնելիս ու մորը հարցրել էր, թե ինչո՞ւ պապիկը քնել չգիտի։ Շատ դժվար է հանգստի համար ժամանակ գտնել, բայց եթե տարվա մեջ մի քանի օր հաջողվում է հանգստանալ, ապա հանգիստս անպայման անցկացնում եմ ընտանիքիս հետ։ Այս ամռան առաջին օրերին կարողացա մոտ մեկ շաբաթով մեկնել հանգստի, ու թոռնիկիս էլ հետս էի տարել, որպեսզի տեսնի, որ իր պապիկը եւս բոլոր պապիկների նման է ու երբեմն իսկապես շատ է ուզում մի ամբողջ օր քնել։

– Պարոն Աբրահամյան, ո՞րն է մանկությունից մնացած Ձեր ամենավառ հիշողությունը։

– Լավ ու բարի հիշողությունները շատ են։ Սակայն, մանկությանս ամենավառ հիշողությունը, թերեւս, Նոր տարվա գիշերը մորս թխած գաթայի բույրն է, որ մինչ օրս հիշում եմ։ Ամեն Նոր տարուն մայրս հատուկ համեմունքներով իր գաթան էր պատրաստում, ու երեք եղբայրներով, հիշում եմ, անհամբեր սպասում էինք, թե ե՞րբ է թոնրից հանվելու տաք ու բուրումնավետ գաթան։

– Հայաստանում երեք միլիոն մարդ ցանկություն ունի զբաղվել քաղաքականությամբ, առնվազն հարյուր հազարը տարբեր մակարդակներում զբաղվում է քաղաքականությամբ, հաջողության հասնում են քչերը։ Ո՞րն է Հովիկ Աբրահամյան քաղաքական գործչի հաջողության բանաձեւը։

– Այդ բանաձեւը շատ պարզ է. աշխատասիրություն, հետեւողականություն, հավատ այն գործի հանդեպ, ինչով զբաղվում ես, ու երեւի մի քիչ էլ Աստծո բարեհաճություն։

– Ի՞նչը չի բավականացնում, եւ ինչի՞ կարիք ունի Հովիկ Աբրահամյանը։

– Ժամանակի։ Ես երբեմն մտածում եմ, որ 24 ժամն իսկապես քիչ է՝ օրվա ողջ ծրագրած գործերը հասցնելու համար։ Ինձ միշտ չի բավականացնում ժամանակը, եւ յուրաքանչյուր օրվա ավարտին ես ինքս ինձ խոստովանում եմ, որ այդ օրը եւս մի տեսակ արագ անցավ, ու ժամանակը, ինչպես միշտ, չբավականացրեց։