Թուրքական «Էրգենեկոն» ծայրահեղ ազգայնական ահաբեկչական կազմակերպության հետաքննության շրջանակում ձերբակալված կասկածյալի տանը հայտնաբերված զեկույցի համաձայն, Ադրբեջանի A. կոչված հոլդինգը գործում է «Քրդական աշխատավորական կուսակցություն» կազմակերպության (PKK) անունից:
Թուրքական «Միլիեթին» հայտնի է դարձել, որ «Էրգենեկոն» գործողության շրջանակում ձերբակալված հատուկ ծառայությունների մայոր Ֆիքրեթ Էմեքի տանը հայտնաբերված փաստաթղթերում Բաքվի A. կոչվող հոլդինգը, որը գործում է PKK-ի անունից, բացվել է Ադրբեջանի բարձրաստիճան իրավասուներին կաշառելու միջոցով, եւ, որ հոլդինգի գաղտնի փայատերերից մեկն էլ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւն է: Զեկույցում բերված են հոլդինգի գտնվելու վայրի սխեման, քարտեզը, գործունեություն սկսելու թույլտվությունը եւ PKK-ի կողմից կատարվող ֆինանսական աջակցությունը հաստատող փաստաթղթեր: Ըստ զեկույցի, A. հոլդինգին են պատկանում Բաքվում գործող T. եւ I. անունով ընկերությունները եւ Անկարայում ու Իզմիրում գործող երկու ընկերություններ եւս: Ըստ զեկույցի, հոլդինգն ու նրա հետ կապված ընկերությունները պաշտոնապես պատկանում են Յ.Ա. անունով մի թուրք քաղաքացու, սակայն, դրանց իսկական սեփականատերը Դուբայում բնակվող Բ.Գ. անձն է:
Ըստ այդ զեկույցի, T., A. հոլդինգն ու I. ընկերությունները տիրում են Ադրբեջանի պարենի հատվածի 40 տոկոսին: Հիշյալ խմբի խիստ արագ եւ զարմանալի աճը վախեցրել է Ադրբեջանի պարենի հատվածի մյուս ընկերություններին: T., A. եւ I. ընկերություններում մոտ 100 քրդական արմատներով Թուրքիայի քաղաքացիներ են աշխատում, ովքեր բացահայտ քարոզչություն են կատարում PKK-ի եւ քրդերի օգտին: Ընկերություններում աշխատող բարձր որակավորում ունեցող Թուրքիայի քաղաքացի մասնագետներն՝ ամսական 4500 դոլար, իսկ ցածր որակավորում ունեցողները՝ 2500 դոլար աշխատավարձ են ստանում: Ադրբեջանի մաքսատները T. ընկերությանը մեծ աջակցություն են ցուցաբերում: Ընկերությունն ազատված է Ադրբեջան ներկրվող ապրանքների համար 38 տոկոս հարկի վճարումից: T. ընկերությունը գրասենյակ ունի նաեւ Մոսկվայում: Գրասենյակն առեւտրային գործունեություն չի կատարում, սակայն ամսական 1 մլն դոլար գումար է փոխանցում Բաքու: Ենթադրվում է, որ հիշյալ գումարը փոխանցվում է PKK-ին:
1998թ. «Ենի Ազերբայջան» թերթի համարներից մեկում տպագրված հոդվածում խոսվել է T. ընկերության՝ PKK-ի անունից գործելու մասին, որից անմիջապես հետո թերթի գլխավոր խմբագրի որդին առեւանգվել է եւ ազատ արձակվել միայն այն բանից հետո, երբ թերթը պաշտոնապես հերքել է T.-ի մասին տեղեկատվությունը: «T. ընկերությունը հովանավորվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից: Վերջին ընտրություններում Իլհամ Ալիեւի ընտրական քարոզչության համար օգտագործվող նկարներն ու գովազդները տպագրվել են T. ընկերության կողմից: Բաքվի Նարիմանով թաղամասում գտնվող 5-հարկանի շենքը գործում է PKK-ի անունից, որի վրա փակցված է «Մեսոպոտոմիայի մշակույթի եւ արդի մտածողության ընկերություն» վահանակը: Ընկերության բոլոր ծախսերը հոգում է T. ընկերությունը»,- հայտնել է թուրքական թերթը: