Վրաստանը ստիպված է համաձայնել ռուսաստանյան զինվորականների ժամանակավոր ներկայությանը Վրաստանի հակամարտության գոտիներում, բայց ապագայում նրանք այդտեղ չեն լինի: Նման հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսում: «Մենք ստորագրել ենք հրադադարի համաձայնագիր, բայց դա ժամանակավոր լուծում է: Ոչ ոք չի ասում, թե Ռուսաստանի խաղաղապահները մնալու են Վրաստանում: Բոլորը հասկանում են, որ Ռուսաստանը հակամարտության գլխավոր կողմն է, հետեւաբար՝ վերջինիս ռազմական ուժերը չեն կարող դիտվել որպես խաղաղապահներ»,- ասել է նա:
«Ցխինվալում Մոսկվան է կառավարում, եւ այդ ողջ դիմակահանդեսն արդեն ավարտված է. Վրաստանի դեմ հանդես է գալիս Ռուսաստանը, ու հիմա մենք անցումային փուլում ենք, որում մեզ անհրաժեշտ է երկխոսություն Ռուսաստանի հետ»: Սահակաշվիլիի խոսքով` միջազգային ուժերի աջակցությամբ բնակչությունը պետք է վերադառնա իր բնակավայրերը եւ այն գյուղերը, որը Ցխինվալը երբեք չի վերահսկել: «Մենք չպետք է թույլ տանք, որ Ռուսաստանն օրինականացնի էթնիկ զտումը եւ վրացիներին չթողնի իրենց տներ մուտք գործել»,- ասել է Մ. Սահակաշվիլին` հայտարարելով, թե Վրաստանը երբեք էթնիկ զտում չի իրականացրել: «Եթե չլինի արդարություն, չի լինի նաեւ խաղաղություն»,- հայտարարել է Վրաստանի նախագահը` ավելացնելով, որ դիվանագիտության համար միշտ ժամանակ կա, եւ «մենք պետք է դրանով զբաղվենք, չնայած ավելի ճիշտ կլիներ դրանով զբաղվել հակամարտությունից առաջ»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան եւ Եվրամիության մյուս երկրները պատրաստ են խաղաղապահ ուժեր տրամադրել` տեղակայելու համար Վրաստանի հակամարտության գոտիներում: «Սակայն դա առաջիկա բանակցությունների հարց է, եւ որոշում կլինի ավելի ուշ»,- նշել է նա: Ըստ Գերմանիայի կանցլերի` ներկայումս անհրաժեշտ է լուծել առաջին անհրաժեշտության հարցեր` բացել մարդասիրական միջանցք եւ ապահովել փախստականների վերադարձն իրենց տներ: «Մենք միաժամանակ ակտիվացնում ենք ԵՄ հարեւանության քաղաքականությունը Վրաստանի համար»,- ասել է նա: Ի դեպ, երեկ Միխայիլ Սահակաշվիլին ազգային հեռուստատեսության եթերում կոչ է արել Ռուսաստանին՝ բանակցություններ սկսել` երկու երկրների միջեւ կապերի վերջնական խզումը կանխելու նպատակով: «Մենք պահանջում ենք ռուսական օկուպացիոն ուժերի անհապաղ դուրս բերումը: Դրանից հետո եկեք մտածենք, քննարկենք, թե ինչպես կարող ենք խուսափել երկու երկրների միջեւ կապերի վերջնական խզումից»,- ասել է Մ. Սահակաշվիլին` միաժամանակ հայտարարելով, թե իր երկիրը երբեք իրեն պարտված չի համարի եւ թույլ չի տա նույնիսկ ամենափոքր տարածքի կորուստ: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ օգոստոսի 18-ին սկսվում է ռուսական զորքերի դուրսբերումը: