Օգոստոսի 12-ին հինգ օրվա ընթացքում առաջին անգամ առավոտյան լրատվական ծրագրի հաղորդավարը հեռուստադիտողներին ողջունեց «Բարի լույս» արտահայտությամբ:
Այդ օրը հաջող էր Վրաստանի համար`թվում էր, թե խաղաղ բանակցություններն արդյունք են տալիս, եւ Թբիլիսիի կենտրոնում հավաքվել էին Ռուսաստանի ագրեսիայի դեմ բողոքող տասնյակ-հազարավոր ցուցարարներ: Գիշերը համեմատաբար հանգիստ էր անցել, սակայն, զինադադարի խոստումներին հակառակ, Գորի քաղաքի շուրջ վերսկսվեց ռմբակոծությունը: Հաղորդվում էր, որ ժամը 13:00-ին ռուսական ՍՈՒ-25 ինքնաթիռները հինգ ռումբ են նետել Կասպյան որոշ շրջանների վրա: Մեկ ժամ անց հաղորդվեց Կարելի շրջանի երկու գյուղերի` Կիոլեւիի եւ Ռուիսիի ռմբակոծության մասին: Ըստ տվյալների, զոհվել է՝ երկու, վիրավորվել՝ մեկ մարդ: Տեղացիների խոսքերով, Ագարա գյուղը նույնպես հարձակման է ենթարկվել, սակայն տուժածներ չեն եղել: Հաղորդվում էր, որ Գորիի հեռուստակայանի վրա հարձակման ժամանակ զոհվել է հոլանդացի օպերատոր Ստեն Ստորիմանսը, լրագրող Յերոեն Ակերմանսը վիրավորվել է: Վրաստանի քաղաքներից ամենաշատը տուժել է Գորին, որտեղ բնակելի շենքերը հրդեհվել են ռուսական կողմի ռմբակոծությունից: Զոհվածների վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան, բայց վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ, զոհվել են տասնյակ քաղաքացիներ:
Ռադիոլրագրող Ռոման Կեւխիշվիլին պատմում է օգոստոսի 9-ին քաղաքի վրա ռուսական հարձակման մասին:«Մի խումբ լրագրողներ խանութում ծխախոտ էին գնում, երբ սկսվեց առաջին ռմբակոծությունը: Այնտեղ բազմաթիվ մարդիկ կային, բոլորը փորձում էին մեծ քանակությամբ մթերք գնել: Սարսափելի աղմուկ բարձրացավ, մարդկանց մոտ հիստերիա սկսվեց: Կանայք բղավում էին, բոլորը վազում էին: Մենք վազեցինք այնտեղ, ուր ընկել էին ռումբերը. դա այլեւս այն քաղաքը չէր, որ գոյություն ուներ մեր`խանութ մտնելուց մի քանի րոպե առաջ,- ասում է նա,- Ամենուր տագնապ էր, մարդիկ ճչում էին, կանանցից ոմանք ուշագնաց եղան: Հետո եւս մեկ ռումբ ընկավ: Մենք պատսպարվեցինք բնակելի շենքի մուտքում: Մեր շուրջը սարսափելի տեսարաններ էին: 5-հարկանի չորս շենքեր կրակի բոցերի մեջ էին: Մենք փորձում էինք մոտենալ դրանց, որպեսզի նկարենք, թե ինչ է տեղի ունենում: Քանդված տներում դիակներ էին: Զոհվածների հարազատները լալիս էին: Ճանապարհին փոշու մեջ ընկած էր մարդու ձեռք: Հարձակման ենթարկված տների պատշգամբներում կանգնած մարդիկ բղավում էին եւ օգնության կանչում»:
«Ես տեսա, թե ինչպես երկրորդ հարկից մի կին ներքեւ ցատկեց եւ մահացավ: Տեսա մոտ 10 տարեկան երկու աղջիկների դիակներ։ Գետնին ընկած էին մի քանի տարեց կանանց դիակներ: Նրանք, ում հաջողվել էր փրկվել այրվող տներից, աղաչում էին մեզ՝ օգնել իրենց, ասելով, թե ներսում դեռեւս մահացածներ ու վիրավորներ կան:
Դրսում մի կին նստած էր իր տան առջեւ եւ նայում էր տանը խելագար, անկենդան հայացքով: Նա ցնցված էր: Զինվորները նրան հեռու տարան: «Բժիշկ, օգնե՛ք ինձ, մեռնում եմ»,- լսեցինք մենք: Հետո ես տեսա, թե ինչպես փլվեց մի շենքի ողջ թեւը, որտեղ պատշգամբում մարդիկ էին կանգնած: Մենք վազեցինք դեպի բժշկական կենտրոն: Ռմբակոծությունը շարունակվում էր, եւ այնտեղ մնալը վտանգավոր էր: Շուտով եկան զինվորները եւ տարհանեցին մեզ քաղաքից: Գորիից հեռանալիս մենք ճանապարհին բազմաթիվ կործանված շենքեր տեսանք: Մարդիկ փախչում էին քաղաքից: Ճանապարհներին սարսափելի խցանումներ էին, շտապօգնության եւ հրշեջ ծառայության բազմաթիվ մեքենաներ»:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից