ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի օրը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է վերջին օրերին տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Զեկույցներով հանդես են եկել Խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը: Ս. Սարգսյանը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ ողջունել առկա կառուցողական դիրքորոշումները, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը: Նշվել է, որ ռազմական ճանապարհով առկա խնդիրների լուծման փորձերը հղի են ողբերգական հետեւանքներով: Նախագահը մեկ անգամ եւս շեշտել է, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Վրաստանը` բարեկամ երկիր, հետեւաբար, Հայաստանը մեծապես շահագրգռված է խնդրի շուտափույթ խաղաղ կարգավորմամբ: Սերժ Սարգսյանը վերահաստատել է ՀՀ` «մարդասիրական միջանցք» հանդիսանալու պատրաստակամությունը եւ շեշտել, որ մեր երկիրը նաեւ ինքն է պատրաստ կողմերին մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու: Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննության են առնվել ստեղծված իրավիճակում մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները, անդրադարձ է կատարվել Հայաստան ներկրվող բեռների ամբողջ ծավալով եւ անխափան մատակարարման խնդիրներին, զեկուցվել է տարբեր ուղղություններով տարվող աշխատանքների ընթացքի մասին, հանձնարարականներ են տրվել ինչպես՝ առկա խնդիրների լուծման արդյունավետության բարձրացման, այնպես էլ՝ երկարաժամկետ ինստիտուցիոնալ միջոցառումների ուղղությամբ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված` Ս. Սարգսյանը հանձնարարել է Եվրամիության անդամ երկրների քաղաքացիների տարանցիկ ուղեւորությունների համար ժամանակավորապես սահմանել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ: