«Պիտանի մատնահետքեր» չեն գտել

17/08/2008

Մարտի 1-2-ի դեպքերն ու դրանց պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երեկվա արտահերթ նիստում ՀՀ Ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության պետ Ստեփան Մանուկյանը` ներկայացնելով մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում իր ղեկավարած կառույցի կողմից իրականացված աշխատանքները, մի շարք սենսացիոն հայտարարություններ է արել:

Նախ՝ Ս. Մանուկյանը հայտարարել է, որ փորձագիտական գործողություն իրականացնելուն պատրաստ լինելու հրահանգն ինքը ստացել էր դեռեւս նախորդ օրը երեկոյան. մարտի 1-ի առավոտյան իրեն հանձնարարել են խմբով լինել Ազատության հրապարակում: «Մոտ 8:30-ին աշխատակիցների հետ հրապարակում էինք, որտեղ կատարվում էր դեպքի վայրի պահպանություն` համապատասխան ուժերի կողմից: Քննչական ծառայության ղեկավարությունը բաժանեց հրապարակն ու հարակից տարածքները համապատասխան հատվածների, կազմվեցին խմբեր՝ քննիչներից, փորձագետներից եւ ընթերականերից, որոնք սկսեցին իրեղեն ապացույցների հայտնաբերման, ֆիքսման, առգրավման եւ հետագայում փաթեթավորման գործողությունները՝ համապատասխան փորձաքննությունների ուղարկելու համար: Խմբերը կազմված էին քննիչից, փորձագետից եւ 2 ընթերակայից»,- ասել է Ս. Մանուկյանը: Հրապարակից եւ հարակից տարածքներից զննության արդյունքում, ըստ նրա` առգրավվել է մեծ քանակությամբ զինամթերք՝ 3 ատրճանակ, նռնակներ, մետաղյա ձողեր, դանակներ, շշեր՝ դյուրավառ հեղուկներով: «Այդ ամենը ֆիքսվում էր արձանագրության մեջ, իրեղեն ապացույցները մասնագետների կողմից մշակվում էին համապատասխան հատուկ փոշիներով՝ դրանց վրա մատնահետքերի առկայությունը պարզելու համար, որից հետո հետագայում կատարվում էր փաթեթավորում, կնքում, ապա դրանք հանձնվում էին քննիչին՝ հետագա փորձաքննություններ նշանակելու նպատակով»,- պատմել է նա` հավելելով, թե մշակման արդյունքում պարզվել է, որ բոլոր իրեղեն ապացույցները բարենպաստ չեն` դրանց վրա մատնահետքերի արտատպման առումով: «Դրանք ժանգոտ մակերեսով ձողեր էին, ապակյա տարաներ, որոնք ծածկված էին յուղոտ վառելանյութով, եւ դրանց վրա մատնահետքեր չէին կարող լինել: Ատրճանակների մակերեսները հետքի արտատպման առումով նույնպես սահմանափակ էին: Բազմաթիվ հետքեր կային գրեթե բոլոր առարկաների վրա, սակայն նախնական զննությամբ մասնագետները պիտանի մատնահետքեր չգտան: Դա արձանագրվել է տեղազննության արձանագրության մեջ»,- նշել է նա` չմանրամասնելով, թե «պիտանի մատնահետքեր» ասելով՝ ինքը ինչ նկատի ուներ: Հանձնաժողովի անդամներից մեկի հարցին, թե այդ դեպքում մատնահետքերի բացակայության հանգամանքից ելնելով, կա՞ արդյոք որեւէ ապացույց, որ այդ զենքերը կապ ունեն ցուցարարների հետ, Ս. Մանուկյանը պատասխանել է, թե անհրաժեշտ է ուսումնասիրել նաեւ այն տեսագրությունները, որոնցում երեւում է փորձագիտական խմբի աշխատանքը, պարզել այդ նկարահանումներից յուրաքանչյուրի կատարման ժամանակը: Ըստ նրա, խոսակցություններ են եղել, թե կադրերից մեկում երեւում է ոստիկան, որը ձեռքում բռնել է ատրճանակ՝ իրեղեն ապացույցը, եւ խոսում է մեկ այլ անձի հետ: «Պետք է ճշտենք կադրի ժամը, իմ մասնագետներն իրեղեն ապացույցների հետ շփվելուց օգտագործում են ձեռնոցներ»,- ասել է նա` հավելելով, թե այդ կադրը կատարվել է մշակումից հետո, եւ «այդ անձը եղել է նրա տեղակալ գնդապետ Սաֆարյանը, որն ունի երկար տարիների փորձ, բարձր մակարդակի մասնագետ է եւ չէր կարող այդպես վարվել»:

Ըստ Մանուկյանի` տեղազննությամբ հայտնաբերված 3 ատրճանակների առումով վարչության կողմից համալիր փորձաքննություն է անցկացվել, բոլոր 3 զենքն էլ եղել են պիտանի` օգտագործման համար, փողերի մեջ հայտնաբերվել են «կրակոցների արգասիքներ», ինչը վկայում է, որ դրանք օգտագործվել են մինչեւ հայտնաբերելը: Սակայն, թե ե՞րբ են վերջին անգամ կրակել այդ զենքերից` իրենք դեռեւս չգիտեն: Ս. Մանուկյանի ասելով` «հայտնաբերված մահակները, երկաթյա ամրակները հարթ մակերես չունեն, դրանք կոռոզացված են, ու հնարավոր չի եղել դրանց վրա մատնահետքեր հայտնաբերել, նռնակների առումով եւս մատնահետքերը պիտանի չեն եղել. դրանք կամ մաքրվել են հանցագործի կողմից, կամ հողի հետ շփվելուց»:

Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի դիտարկմամբ` իրենք առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար պետք է դիմեն նաեւ այլ փորձագիտական հաստատությունների: Նա նաեւ տեղեկացրել էր, որ հանձնաժողովը մոտենում է մարտի 1-ի առավոտյան իրադարձությունների փաստահավաք գործունեության ավարտին: «Հույս ունենք, որ հանձնաժողովը կունենա բավարար տեղեկատվություն՝ վերջնական եզրակացության գալու համար: Սակայն մեզ համար բավարար չեն այն փաստերը, որ տրամադրում են պետական հաստատությունները՝ որեւէ եզրակացության գալու համար, որպեսզի իրադարձությունների առումով ժամանակագրական պատկերը պարզ լինի: Հատուկ միջոցների օգտագործման մասին մեր հարցին ուղղակի պատասխանել են, թե որքան զենք է օգտագործվել ընդհանուր առմամբ: Սակայն մեզ համար կարեւոր է իմանալ, թե որ ստորաբաժանումն է այդ զենքերը ստացել, կոնկրետ որ ծառայողն ինչ զենք է ստացել, այդ զենքի քանի փամփուշտ է ստացել, քանիսն են վերադարձվել, ինչ պայմաններում են օգտագործվել փամփուշտները»,- ասել է Ս. Նիկոյանն` ավելացնելով, որ իրենք պետք է հանդիպեն վկաների, զենք ստացած Ոստիկանության աշխատակիցների եւ նրանց ղեկավարների հետ, որպեսզի պարզեն օգտագործված բոլոր հատուկ միջոցների պարամետրերը: