Մարդիկ, ովքեր թերթ չեն կարդում, հարկավոր է տեղնուտեղը բարոյապես սպանել:
Օստապ Բենդեր
Լրագրողները մի մեծ ողբերգություն ունեն. նրանք բոլորի եւ ամեն ինչի մասին գրում են, եւ չկա մեկը, որ նրանց մասին գրի: Մինչդեռ ես եղել եւ մնում եմ այն կարծիքին, որ հայաստանյան միջին մակարդակի լրագրողը մի քանի գլխով բարձր է իրենց քաղաքական գործիչ համարողներից: Այս վերջիններից անգամ ամենալավագույնները հանրահավաքներում հաճախ կրկնում են լրագրողների շրջանառած մտքերը: Սա էլ ազգային ողբերգության ախտանիշներից մեկն է: Այժմ, թվում է, անգամ անհաղթահարելի:
Չնայած բազմահազար ընթերցողների փաստին, իսկական լրագրողը հազվադեպ է բարեկամներ ունենում: Նա, հայտնի արտահայտության հանգույն, մշտապես օտար է յուրայինների մեջ եւ յուրային՝ օտարների մեջ: Լրագրողը ինչ-որ իմաստով նման է պետերբուրգյան սառնաշունչ ու սարսափելի սենյակում հայտնված Ռասկոլնիկովին. հանրային կյանքի սանիտարի մտահոգությամբ նա անում է ամեն ինչ, բայց ստացվում է, որ սպանում է պառավին եւ պատահաբար այնտեղ հայտնված նրա քրոջը: Լրագրողը մեղք գործո՞ւմ է: Անընդհատ: Որովհետեւ ցանկացած լրագրող մի քիչ աթեիստ է, Թովմա առաքյալի բարդույթով համակված մեկը. մինչեւ չի տեսնում եւ չի շոշափում, չի հավատում:
Հանրային գիտակցության մեջ Արամ Աբրահամյանը մշտապես օտար ներկայություն է, որովհետեւ նախընտրում է ճշմարտությունն ու ազատությունը: Կրոնն իշխանություն է, Աստված՝ ազատություն: Լրագրությունը իշխանություն է՝ առանց կրոնական լինելու, եւ օրինակ է դառնում ազատության՝ չհավատալով Աստծուն: Արամ Աբրահամյանի համար լրատվամիջոցը նախ եւ առաջ բիզնես է: Դժվար է հայ ընթերցողին տեղեկություն տալը. նա ամեն ինչ գիտի: Հավանաբար, հինգհազարամյա պատմությունը ինչ-որ բան նշանակում է: Այդ պատճառով հայ ընթերցողին ոչ թե լուրն է հետաքրքրում, այլ դրա հետ կապված բամբասանքը: Իսկ բամբասանքը հեռավորություն է սիրում. ինչքան հեռու, այնքան ապահով եւ լեզուն երկար: Լեզվի երկարությունը ուղիղ համեմատական է հեռավորությանը: Լրագրողը սովորաբար հազվադեպ է ինտրավերտ լինում: Նա ստիպված է էքստրավերտ լինելու: Հակառակ դեպքում դա կլիներ մասնագիտական մահ: Հայտնի է, որ մարդն առաջնորդվում է այն տվյալներով, որ նրան առաջարկում է արտաքին աշխարհը: Լրագրողի համար դա միակ ելքն է, որովհետեւ նա, ով տիրապետում է տեղեկատվությանը եւ լավ գիտի համաշխարհային գործընթացների օրինաչափությունները, շատ ավելի հեշտությամբ է կորցնում սեփական Ես-ը:
Արամ Աբրահամյանի աշխարհայացքի՝ լիբերալիզմի ընտրությունն ապրանք է շուկայում, որովհետեւ այն չափազանց շատ եւ վարպետորեն է գովազդվել եւ ոչ թե ինքնին լավ է: Քաղաքականության նկատմամբ այսպիսի դիրքորոշումը պետք է որ ծնի որոշակի երկակիություն, քանի որ մեր ժամանակներում քաղաքականությունը հավակնում է լինել գրեթե ամեն ինչ, բայց ոչ երբեք՝ ճշմարտություն: Ճշմարտությունը՝ անկախ նպատակներից, միշտ էլ իշխանություն է: Այլ բան է, որ ողջ 20-րդ դարում իշխանությունը դարձավ ճշմարտություն, եւ լրագրողը՝ նրա մարգարեն՝ հաճախ անգամ սեփական կամքին հակառակ: Արամ Աբրահամյանին երբեմն-երբեմն մեղադրում են Լեւոն Տեր-Պետրոսյանին դավաճանելու մեջ, որի մամուլի խոսնակն էր ժամանակին, մոռանալով, որ այն տասը տարիներին, երբ առաջին նախագահը լռության ուխտ էր կապել, Արամը այն եզակիներից էր, որ շարունակեց ծառայել ազատական արժեքներին, որոնց մասին տասը տարվա ընդմիջումից հետո խոսում է առաջին նախագահը: Եվ ազատության այն տարածությունը, որ նվաճվեց այս տարիներին, շատ կողմերով պարտական ենք հենց Արամ Աբրահամյանին: Նրա լեզուն բանական է, հակառակ այն որակի, որ ունի առհասարակ ժամանակակից հայերենը: Հայերենին ոչ հատուկ կառուցվածք ունի, որ գուցե գալիս է կրթությունից, սակայն բերում է մի որակ, որ դժվար թե կարողանար անել հայերեն կրթություն ունեցող մեկը: Այդ որակը գնահատելի է այն պատճառով, որ ռուսաբանություն չէ, որ այդքան նկատելի է, ասենք, Վահան Հովհաննիսյանի լեզվում. վերջինիս լեզուն կրկնակի կեղծ է, որովհետեւ համատեղվում է հայերենի երեւանյան խոսակցական լեզվի հետ, այն դեպքում, երբ Արամի լեզուն գրական հայերենն է եւ զուրկ խոսակցական-ռաբիս շեշտից: Հայաստանում ազնվությունը միմիայն դիմացինին ներկայացվող պահանջ է, այսինքն՝ այն ոչ թե ներքին տվյալ է, այլ արտաքին ցուցադրանք: Ոչ ոք չի հավատում, որ ազնիվ լինելով՝ կարելի է երջանիկ լինել ու ապահով, բարեկեցիկ կյանքով ապրել: Սա եւս մեր ազգային ողբերգություններից է: Ողբերգություն, որ ավելի ու ավելի է խորանում վերջին տարիներին ու համոզմունք դառնում՝ ոչնչացնելով պետության նկատմամբ վստահության վերջին պաշարները: Ոչ թե Հայաստանից ու հայրենիքից են փախչում, այլ պետությունից: Արամի Ես-ը բավականաչափ զարգացած է, սակայն ներթափանցված չէ տռփանքով: Հազվադեպ է նարցիսականությամբ վարակվում: Նրա համար բնութագրական է քաղաքացիական արիությունը, որով կարողանում է հաղթահարել բանականության հանդեպ եղած բոլոր տարակույսները: Նա չի կարող լռել, երբ անարդարություն է կատարվել, անգամ այն դեպքում, երբ անձնապես իր համար վտանգավոր է: Ճիշտ է, նա հաճախ խուսափում է առճակատումից, սակայն ոչ երբեք՝ անարդարության դեմ ընդվզումից: Նա Տիգրան Հայրապետյանի հետ՝ առաջիններից էր, որ 98-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, կանխատեսեց «սապոգի դիկտատուրան» եւ չվախեցավ բարձրաձայնել: Անհաջողությունը բնավորությունը փչացնող լավագույն միջոց է, գուցե թե նաեւ այն բացահայտող լավագույն գործիքը: Երկրի նման կացության պայմաններում մշտապես ձիու վրա մնալը գրեթե անհնար է: Արամի պայքարի միակ նպատակը մարգինալ, լուսանցքային չդառնալն է, որ առայժմ հաջողում է, երբեմն կորցնելով ընթերցողներ, որոնք ոչ թե ճշմարտության կարիք ունեն, այլ սրտամոտ քարոզչության, ինչը նրա համար անընդունելի է: Նա գրեթե զուրկ է սենտիմենտալիզմից, ինչը նրան դժվարկառավարելի է դարձնում:
Հայ մամուլի բազմաթիվ դասակարգումներ կարելի է անել: Ինձ համար կարեւոր է բովանդակային դասակարգումը: Ըստ այդմ՝ կա մամուլ,
ա) որ գրում է միմիայն ընդդիմության դեմ,
բ) որ գրում է միմիայն իշխանության դեմ,
գ) միմիայն տեղեկատվական:
Ըստ այս դասակարգման՝ Հայաստանում շահեկան վիճակում է իշխանության դեմ հանդես եկող մամուլը (տպաքանակի իմաստով): Անվերջ տանուլ է տալիս ընդդիմության դեմ գրող մամուլը: Արամի համար նախընտրելին տեղեկատվական մամուլն է, այսինքն՝ մամուլի ազատությունը թե՛ ընդդիմությունից, թե՛ իշխանությունից:
Արամ Աբրահամյանը բարեհոգի է, անբռնազբոս: Միտքը սուր է, սակայն երբեք ցինիզմի չի հասնում: Սովորաբար ցինիզմը հայաստանյան ինտելեկտուալների համար իրավիճակի հաղթահարման միջոց է: Այն ավելի է խորանում, երբ խոսքը քաղաքականության մասին է: Հայաստանում քաղաքականությամբ կարող է զբաղվել միմիայն հումորի զգացումը կորցրած մարդը: Հայաստանում բարոյականությունը եւ քաղաքականությունը գտնվում են տարբեր հարթություններում: Եվ դա այնքան բնական է համարվում, որ փորձ իսկ չի արվում բարոյականացնել քաղաքականությունը: Արամի ներկայությունը քաղաքականությունը բարոյականացնելու առայժմ միակ հաջողված փորձն է: Որպեսզի երկիրը ժողովրդավարական դառնա, ժողովրդավարների որոշակի քանակություն է անհրաժեշտ: Արամ Աբրահամյանի ներկայությունը գուցե եւ դառնա այն բջիջը, որով ժողովրդավարությունը կունենա ցանկալի հանգրվան եւ ոչ թե կլինի մերկ գաղափարախոսություն: