Եռագույնը՝ Էլբրուսի գագաթին

31/05/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հայրենական Մեծ պատերազմի 60-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի Ալպինիզմի
ֆեդերացիան Հայաստանի Ալպինիզմի ֆեդերացիայի անդամներին հրավիրել էր
մասնակցելու Էլբրուսի լեռնագագաթ բարձրանալու ակցիային: Մայիսի 5-ին
Հայաստանի Ալպինիստների ֆեդերացիայի նախագահ Հայկ Տոնոյանը, ալպինիստներ
Կարո Պապյանը, Տիգրան Ներսիսյանը, Տիգրան Խաչատուրյանը մեկնեցին՝
մասնակցելու ակցիային:
Հայաստանի Ալպինիզմի ֆեդերացիան պետական հովանավորչության բացակայության
պայմաններում մեծ հաջողություններ է արձանագրում եւ ալպինիզմի միջոցով
բարձրացնում է Հայաստանի հեղինակությունը: Հայ ալպինիստները Եռագույն
դրոշը բարձրացրին Էլբրուսի գագաթ, ինչը լուսաբանվեց աշխարհի հարյուրավոր
լրատվամիջոցներով: Նշենք, որ հայ ալպինիստների այս հաջողությանը
հաջորդելու է Էվերեստի լեռնագագաթի նվաճումը: Հայ ալպինիստների այս խումբը
հույս է հայտնում, որ Հայաստանի իշխանություններն ու գործարարները
կաջակցեն գոնե Էվերեստ բարձրանալու հարցում:
Էլբրուսը համարվում է միջոցառումների հայտնի կենտրոն, որովհետեւ այնտեղ
մեծ մարտեր են տեղի ունեցել գերմանացիների եւ ռուսների միջեւ: Էլբրուսի
բարձրությունը 5.642 մետր է, ընդ որում, այս լեռնագագաթն ալպինիզմի համար
լուրջ բարդություններով լի է, քանի որ եղանակային պայմանները բավականին
վտանգավոր եւ անկանխատեսելի են: Մինչ օրս բազում դեպքեր են արձանագրվել,
երբ Էլբրուս բարձրացող ալպինիստներն անհետացել կամ մահացել են: Նշենք, որ
հայ ալպինիստների՝ Էլբրուսի լեռնագագաթ բարձրանալու նախորդ օրն անհետացել
է մի ռուս ալպինիստ, որին դեռեւս չեն հայտնաբերել: Վերջինս պրոֆեսիոնալ
ալպինիստ էր եւ նույնիսկ մեկ անգամ նվաճել էր 8.848 մետր բարձրություն
ունեցող Էվերեստի լեռնագագաթը: Ալպինիստ Կարո Պապյանն արդեն երկրորդ անգամ
բարձրացավ Էլբրուսի լեռնագագաթ, բայց այս անգամ՝ Արեւելքից: Ի
տարբերություն Արեւմուտքի՝ Արեւելքից Էլբրուսի գագաթը 20 մետր ցածր է:
Առհասարակ նման միջոցառումների ժամանակ, տեխնիկական բարդություններից
խուսափելու համար, ծրագրված է Արեւելքի կողմից բարձրանալ լեռնագագաթ:
Ակցիային մասնակցել են նաեւ Ռուսաստանի սպորտկոմիտեի փոխնախագահը,
Սպորտնախարարի տեղակալը, ընդ որում, բացի ալպինիստների հայկական խմբից,
մասնակցել են նաեւ ռուս, բելառուս, շվեդ, ավստրիացի ալպինիստների խմբեր:
Ըստ ալպինիստ Կարո Պապյանի՝ այս միջոցառումներին մասնակցելն այնքանով է
անհրաժեշտ, որ դա ինչ-որ առումով նաեւ նախապատրաստական աշխատանք է՝
Էվերեստը նվաճելու համար: «Էլբրուսը հաղթահարելը ֆիզիկական
հնարավորությունների առումով ծանր է, թեեւ տեխնիկական տեսանկյունից շատ
բարդ չէ,- ասում է Կ. Պապյանը: -Էլբրուսի վրա մի ժայռակտոր կա, որտեղ
արձանագրված են այն ալպինիստների անուններն, ովքեր մահացել են լեռնագագաթը
բարձրանալիս»: Հայ ալպինիստներն Էլբրուսի գագաթին տեղադրել են Եռագույն
դրոշը եւ Միացյալ ազգերի կազմակերպության դրոշը: Կարո Պապյանի խոսքերով՝
թեեւ Վրաստանն ունի պրոֆեսիոնալ ալպինիստներ, այդուհանդերձ, վերջիններս
չեն մասնակցել Էլբրուսի լեռնագագաթ բարձրանալու արարողությանը: