Վանաձորին բարի լուր

17/08/2008

Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կայացավ «Օրրան» կենտրոնի ամենամյա «Բարեգործական ընթրիք» խորագրով միջոցառումը, որին մասնակցում էին ինչպես հայաստանաբնակ բարձրաստիճան պաշտոնյաներ, արվեստագետներ, դիվանագետներ, այնպես էլ` սփյուռքահայեր, որոնք Հայաստան էին ժամանել հատուկ այս ակցիային մասնակցելու նպատակով: «Սա միջազգային ակցիա է, որպեսզի կարողանանք միջոցներ հայթայթել Վանաձորում «Օրրան» կենտրոնի մասնաճյուղ բացելու համար: Ի դեպ, նույն օրվա ընթացքում, երբ այսօր, այստեղ այս ճաշկերույթն է տեղի ունենում` ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում Արտո Թունջբոյաջյանը համերգ է տալիս, որի հասույթը կհատկացվի «Օրրանի» Վանաձորի կենտրոնին»,- մեզ հետ զրույցում ասաց «Օրրան» կենտրոնի հիմնադիր-նախագահ Արմինե Հովհաննիսյանը: Նկարիչ-դիզայներ Արեւիկ Պետրոսյանն անցյալ տարի իր նկարն աճուրդի դնելով՝ 15.000 դոլար նվիրաբերեց «Օրրանին», որն, ի դեպ, գնել էր «Վիվա Սել» ընկերության նախագահ Ռալֆ Յիրիկյանը: Այս տարի եւս Ա. Պետրոսյանն իր ստեղծագործություններն աճուրդի դնելով՝ փորձեց մասնակցել բարեգործությանը: Հետաքրքիրն այն է, որ այս տարի միջոցառմանը մասնակցում էին Վանաձորի երկու բնակիչներ, ովքեր եկել էին բարի լուր տանելու: Վանաձորի բնակչուհի, երեք անչափահաս երեխաների մայր Հեղինե Երանյանն ասաց. «Ես Վանաձորից հասնում եմ Երեւան, որ տիկին Արմինեն ինձ օգնություն տա, նա շատ է մեզ օգնել: Մեզ համար մեծ դժվարություն է տրանսպորտի ծախսը ու, երբ իմացանք, որ ուզում են Վանաձորում «Օրրան» բացել, շատ ուրախացանք: Մենք շատ ծանր պայմաններում ենք ապրում, երեխաները թափառական են դարձել, իսկ «Օրրանում» կսնվեն, դաս կսովորեն: Էպիլեպսիայով հիվանդ երեխա ունեմ, որի առողջական հարցերում, ինձ թվում է, կօգնեն»։ Նա վստահեցնում է, որ Վանաձորի աղքատությունն այն աստիճան է, որ մանկահասակ երեխաներից շատերը մուրացկանություն են անում, որ օրվա հաց գնեն: Երեխաներից շատերն էլ դպրոց չեն գնում՝ հագուստ, գրենական պիտույք չունենալու պատճառով, իսկ բարեգործական կազմակերպություններ գոյություն չունեն, որպեսզի աջակցեն անապահով երեխաներին:

Ինչեւէ, «Օրրան» կենտրոնի միջազգային ակցիան համախմբեց բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են բարի կամք ցուցաբերել` հանուն կարիքավոր ու անպաշտպան մարդկանց աջակցության: