Օգոստոսի 19-ին Երեւանում կայանալու է հայ-ֆրանսիական ջազ-ռոք համերգ՝ ֆրանսիացի երաժիշտներ` կիթառահար Մարսելո Կորդովայի, դաշնակահար Վենսան Բուիգի, հարվածային գործիքների մասնագետ Անդո Պարսեղյանի եւ հայ երաժիշտ, կիթառահար Բորիս Անդրեասյանի մասնակցությամբ: «Համերգային ծրագիրը բաղկացած է լինելու մի քանի մասից: Ջազ-ռոք երաժշտությունը հնչելու է միասին, ինչը հազվադեպ է լինում»,- երեկվա ասուլիսում ասել է Բորիս Անդրեասյանը: Համերգին հնչելու է Բ. Անդրեասյանի, Մարսելո Կորդովայի, Վենսան Բուիգի ստեղծագործությունները: Երաժիշտների խոսքով, իրենք ընդամենը երկու փորձ են կատարել, բայց շատ լավ կարողացել են հասկանալ իրար, մինչդեռ անգլերենով շփվելուց` դժվարություններ են ունեցել: «Բազմաոճ երաժշտությամբ ցանկանում ենք զարգացնել հայ ունկնդրին, քանի որ այսօր շատ են միջակ երաժիշտները, երգիչ-երգչուհիները, ովքեր մտել են շոու-բիզնես ու իրենց աղավաղումներով ազդում են մեր երիտասարդների ճաշակի զարգացման վրա»,- ասել է Բ. Անդրեասյանը: Վենսան Բուիգի խոսքով էլ` Հայաստանը լավ երկիր է. «Այն ոչ Արեւելք է, ոչ Արեւմուտք: Այս երկիրն իր տեսակի մեջ եզակի է` լեզվի, մշակույթի, բնապատկերի տեսանկյունից»: