Տոնավաճառներում հսկիչ-դրամարկղային մեքենաներ (ՀԴՄ-ներ) տեղադրելու ՀՀ կառավարության որոշումը բուռն արձագանք է գտել թե՛ առեւտրով զբաղվող անձանց, թե՛ տոնավաճառների սեփականատեր-կազմակերպիչների շրջանում:
Տոնավաճառներում առեւտրով զբաղվող անձինք իրենց դժգոհությունն արտահայտելիս նշում են, որ առանց այն էլ վաճառատեղիի համար տրվող վարձավճարները չափազանց մեծ են, եւ եթե դրան գումարվի ՀԴՄ-ների հարկը, ապա իրենց ընդհանրապես շահույթ չի մնա: Տոնավաճառների կազմակերպիչների հավաստմամբ էլ, սակայն, տեղի վճարներից խոսելիս վարձակալները հաճախ գումարի չափը չափազանցնում են: Ի դեպ, առեւտրով զբաղվողների շրջանում խոսակցություններ են պտտվում նաեւ այն մասին, թե տոնավաճառներում տարածք վարձակալող անձանցից ոչ բոլորն են գրանցված, ինչի հետեւանքով, փաստորեն, նրանց վճարած գումարներն ամբողջովին մնում են տոնավաճառների կազմակերպիչներին: Պարզելու համար, թե որքանով են նման խոսակցությունները համապատասխանում իրականությանը, զրուցեցինք «Հրազդան» մարզահամալիրի մի քանի աշխատակիցների եւ գլխավոր տնօրեն Մերուժան Հակոբյանի հետ: Վերջինիս հավաստմամբ` իրենց տոնավաճառում չգրանցված անձնավորություն, տնտեսվարող սուբյեկտ կամ անհատ ձեռներեցներ չկան. բոլորի հետ պայմանագրեր են կնքված: «Պայմանագրի մեջ նշվում է մեկ քառակուսի մետրի արժեքը, այն բազմապատկվում է իր գրաված տարածքի արժեքով, եւ գրվում պայմանագրի գինը: Եթե տվյալ սուբյեկտին ձեռնտու չէ նշված պայմանագիրը, ապա նա պարզապես չի կնքում այն եւ չի գալիս` տոնավաճառում գործունեություն ծավալելու: Եթե նա կնքել է պայմանագիրը, համոզված Ձեզ ասում եմ, որ նա կնքված պայմանագրից ավելի ոչ մեկին ոչ մի լումա չի վճարում, այդպիսի բան գոյություն չունի «Հրազդան» տոնավաճառում: Եթե այնպիսի մարդ կա, որ կարող է գալ ու մեզ ասել, որ ինքը ավելի գումար է վճարում, ես պատրաստ եմ պատասխանատվության ենթարկել այն անձին, ով նրանից ավելի գումար է գանձում: Նման բան գոյություն չունի մեզ մոտ: Բացի այդ, տարածքները բաժանված են տարբեր կատեգորիաների: Կա A տարածք, որի 80 տոկոսի մեկ քառակուսի մետրի արժեքը 16.200 դրամ է: Մնացած 15 տոկոսն այլ գին է: Ընդհանրապես, տարածքների գները տարբեր են: Եթե մարդուն ձեռք չի տալիս բարձր գին ունեցող տարածքը, ապա նա կարող է ավելի ցածր գին ունեցող տարածք վերցնել: Ինչ վերաբերում է կոմունալ ծախսերին, ապա պարզ է, որ պետք է, օրինակ, լույսի վարձ վճարեն: Լույսի վարձը նրանք ինձ չեն վճարում, լույսի մարդուն են վճարում»,- ասաց Մ. Հակոբյանը: Շատ շուտով տոնավաճառում կբացվի «Կոնվերս» բանկի մասնաճյուղը: Այսուհետ տոնավաճառի բոլոր վարձավճարները կկատարվեն բանկի միջոցով: «Սա եւս մեկ անգամ կվերացնի նմանատիպ խոսակցությունները մեր ընկերության շուրջ: Իրենք արդեն մեզ գումար չեն տա, բանկում կվճարեն, կտրոնը կտան մեզ: Ու այդ բոլոր խոսակցություններին վերջ կդրվի»,- ասաց նա: Պրն Հակոբյանի հավաստմամբ` իրենց տոնավաճառի առաջնային նպատակը «Հրազդան» մարզահամալիրի պահպանումն է, որտեղ, ի դեպ, մեծ ծավալի շինարարություն է ընթանում: Այն պետք է պատրաստ լինի սեպտեմբերի վեցին կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին: «Հիմա այս մեր խառը վիճակի հետ ՀԴՄ-ների մասին որոշումը լրացուցիչ ծանրաբեռնվածություն ստեղծեց: Ոչ ոք չի ժխտում, որ առեւտուրը պետք է լինի ցիվիլ, բայց այսօր մենք ընկել ենք շատ ծանր վիճակի մեջ: Ամբողջովին զբաղված ենք մարզահամալիրով, իսկ
ՀԴՄ-ների ներմուծման համար լրացուցիչ ուժեր են պետք՝ հաշվապահներ, տնտեսագետներ, ՀԴՄ-ների մասնագետներ, էլ չեմ խոսում այդ միասնական ցանց կոչեցյալի մասին: Այս միասնական ցանցի հետ կապված ես ինչ-որ տեղ նաեւ իրավական խնդիր եմ տեսնում: Նույնն է, որ, օրինակ, պահանջենք՝ Մաշտոցի պողոտայի վրա իրար հարեւանությամբ գտնվող տարբեր ֆիրմաների խանութները միացվեն միասնական ՀԴՄ-ների ցանցով: Այստեղ` տոնավաճառում էլ տարբեր սուբյեկտներ են, ինչպե՞ս կարելի է նրանց միացնել: Ես աշխարհում որեւէ տոնավաճառ չգիտեմ, որտեղ ՀԴՄ-ների միասնական ցանց լինի»,- ասաց Մ. Հակոբյանը: ՀԴՄ-ների ներմուծման մասին օրենքի նախագիծը կքննարկվի օգոստոսի 19-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստում: Մ. Հակոբյանի խոսքերով` օրենքի ընդունումից հետո միայն հնարավոր կլինի առավել մանրամասն խոսել ՀԴՄ-ների մասին: «Ես չգիտեմ` քննարկումների արդյունքում նախագծի ո՞ր մասը կանցնի, ո՞րը` ոչ: Գուցեեւ փոփոխություններ լինեն: Ընդհանրապես, ցիվիլ, զարգացած երկրներում ՀԴՄ-ներով կարելի է աշխատել, բայց դրա համար ժամանակ է պետք: Դրանց ներդրումը որոշակի ժամանակ է պահանջում: Միանգամից ներդնելը, առավել եւս` միասնական ցանց սարքելն այդպիսի կարճ ժամանակահատվածում, չեմ կարծում, որ հնարավոր է: Միեւնույն է, եթե օրենքն ընդունվեց, մենք կատարելու ենք այն: Բայց պետք է նաեւ ռեալ իրավիճակից, պայմաններից ելնել, արդյոք մենք ֆիզիկապես ի վիճակի՞ ենք դա հասցնել»,- նշեց Մ. Հակոբյանը: Առեւտրով զբաղվող անձինք հավաստիացնում են, որ ՀԴՄ-ների ներմուծումից հետո ապրանքի գնաճ կնկատվի: Մ. Հակոբյանը, սակայն, չի կիսում այս մոտեցումը` նշելով, որ ՀԴՄ-ների տեղադրումը նախատեսված է առեւտրի կազմակերպիչների հաշվին, հետեւաբար` տոնավաճառի աշխատակիցներն ապրանքի գները բարձրացնելու պատճառ չունեն: «Հրազդան» մարզահամալիրի գլխավոր հաշվապահ Արտակ Մարգարյանն էլ նշեց, որ տոնավաճառում առեւտուր իրականացնողն այսօր ապրանքի ֆիքսված գին չունի, այստեղ զուտ շուկայական տարբերակն է գործում, գները սակարկելի են: «Եթե նախկինում գնորդը ապրանքի գինն էժանացնել կարող էր, ՀԴՄ-ների տեղադրումից հետո միգուցե եւ չստացվի: Թե չէ` որոշել, որ ՀԴՄ տեղադրելը կարող է ապրանքի գին բարձրացնել, սխալ է: Գների թանկացումը հիմնականում կապված է մաքսային ձեւակերպումների հետ: Իսկ ապրանքի գնի շուրջ սակարկելն արդեն անհասկանալի կլինի, որովհետեւ տվյալ ապրանքն արդեն գրքում պետք է գրանցված լինի ֆիքսված գնով»,- ասաց գլխավոր հաշվապահը: ՀԴՄ-ների տեղադրումը տոնավաճառների կազմակերպիչներից, փաստորեն, բավական ծախսեր կպահանջի: Իսկ արդյո՞ք դա կբերի վարձավճարների բարձրացմանը: Մեր այս հարցի պատասխանը, Մ. Հակոբյանի հավաստմամբ, որոշ ժամանակ անց միայն հնարավոր կլինի տալ: Նրա խոսքով` նախ պետք է հաշվարկել: «Ցանկացած տնտեսվարող սուբյեկտ պիտի նայի իր շահը: Ես հիմա պատրաստ չեմ այդ հարցին պատասխանելու, հաշվարկներ կանենք, կտեսնենք, թե դա մեզ վրա ի՞նչ է նստելու: Այլ հարց է, եթե մեր շահույթի հաշվին է լինելու, այլ հարց` եթե իրենք, որպես ծախս, կհանեն մեզանից: Հետագայում ավելի ճիշտ կլինի Ձեր այդ հարցին պատասխանելը: Դեռ չգիտեմ` ինչ գնանոց ՀԴՄ պետք է գնենք, որքան աշխատողներ ենք ավելացնելու»,- ասաց նա:
«Հրազդան» մարզադաշտում խոշոր շինարարություն է իրականացվում: Մ. Հակոբյանի խոսքերով` այսօր իրենց ամբողջ ուշադրությունն ու միջոցներն ուղղված են մարզադաշտի վերակառուցմանը. այն պետք է պատրաստ լինի մինչեւ սեպտեմբերի 6-ին կայանալիք Հայաստանի ու Թուրքիայի ազգային հավաքականների միջեւ ֆուտբոլային հանդիպումը: «Այսօր խիստ անհրաժեշտ հարցերն ենք լուծել` հանդերձարանների, բուժկետի, դոպինգ կենտրոնի, ասուլիսի սրահի եւ այլն: 25-26.000 նոր աթոռներ ենք տեղադրել: Հույս ունենք մինչեւ սեպտեմբերի 6-ն աշխատանքներն ամբողջությամբ ավարտել: Մեր ֆինանսական ամբողջ հոսքերն ուղղում ենք ստադիոնի վերակառուցմանը, մտել ենք երկու-երեք ծանր վարկերի տակ, ու մեր հետագա ամբողջ գործունեությունը նպատակաուղղված պիտի լինի նրան, որ սա վերջացնենք ու հետագա ստացած օգուտների հաշվին վարկերը փակենք»,- ասաց Մ. Հակոբյանը: