«Գրան պրի» է ստացել

17/08/2008

Երեկ ավարտվեց Սոչիում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» առաջնության երկրորդ փուլը: Վերջին` 13-րդ տուրում հաղթանակ տանելով Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ, հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 8.5 միավորով դարձավ առաջնության հաղթողը: Մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովը. նա իր հաշվում ունի 8 միավոր: 7.5 միավորով 3-4-րդ հորիզոնականները կիսում են Վան Յուեն եւ Գաթա Կամսկին:

Հիշեցնենք, որ «Գրան պրիի» երկրորդ փուլը մեկնարկեց հուլիսի 30-ին եւ ավարտվեց օգոստոսի 15-ին: Մրցաշարում մասնակիցները պայքարում էին շրջանաձեւ մրցակարգով, որի դեպքում նրանցից յուրաքանչյուրը պարտադիր հանդիպում է մյուս մասնակիցների հետ: Մրցանակային ֆոնդը կազմում է 162.000 եվրո: