Շաբաթ օր տեղի կունենա Հայաստանի լիբերալ կուսակցության հիմնադիր համագումարը: Այս մասին երեկ լրագրողներին տեղեկացրեց կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը` նշելով, որ ըստ էության` դա ինչ-որ առումով Հայաստանի ազատական-առաջադիմական կուսակցության հերթական համագումարն է, քանի որ այդ կուսակցությունից, նրա խոսքերով` 4000-ից ավելի համախոհներով իրենք դուրս են եկել ու որոշել նոր կուսակցություն հիմնել:
«Մենք պահպանել ենք մեր տեսակետները, մեր սկզբունքներն ու դիրքորոշումը ներքաղաքական իրավիճակի հանդեպ: Մենք ստորագրել ենք Համազգային կոնգրեսի համաձայնագիրը եւ կուսակցության գրանցումից հետո կդառնանք կոնգրեսի լիարժեք անդամ: Մենք շատ կարեւորում ենք ընտրությունները, քանի որ փորձը ցույց տվեց, որ ընտրությունների պարբերաբար կեղծման արդյունքում այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որը հղի է վտանգներով: Հայաստանում օդի ու ջրի պես կարեւոր են համապետական ընտրությունները»,- ասաց նա` նշելով, թե հաշվի առնելով Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները, Հայաստանը հիանալի հնարավորություն ունի աշխարհին ցույց տալ, որ ժողովրդավար երկիր է եւ կարող է Կովկասում առաջնային դեր ունենալ: «Այդ շանսը մենք հիմա բաց թողնելու իրավունք չունենք: Ու այս իրավիճակը հաշվի առնելով` այսօրվա իշխանություններն էլ են զգում, որ լեգիտիմ չեն: Յոթ օր պատերազմ էր, արդեն նույնիսկ խաղաղություն կնքվեց, բայց տեսնում ենք, թե մեր իշխանություններն ինչ կեցվածք են ընդունել: Սա այն դեպքն է, երբ լռությունը ոսկի չէ: Այս կեցվածքով ցույց են տալիս, թե ոչինչ չի եղել: Մենք Ռուսաստանի ստրատեգիական գործընկերներն ենք, Վրաստանի ստրատեգիական հարեւանները, այդ երկու երկրները գտնվում են պատերազմի մեջ: Մեր լռությամբ մենք կորցնում ենք այդ դերերը, ինչը շատ վտանգավոր հետեւանքներով է հղի»,- ասաց նա: Հ. Հովհաննիսյանի կարծիքով` այս իրավիճակում մեր երկրի դիրքորոշումը պետք է լինի ոչ հօգուտ Վրաստանի, ոչ էլ` Ռուսաստանի: Ըստ նրա` Հայաստանը պետք է միջնորդի դերում հանդես գար խնդրի կարգավորման հարցերում, ոչ թե ուղղակի լռեր: «Դա չի ընդունվում թե՛ Ռուսաստանի, թե՛ Վրաստանի կողմից: Պետք էր փորձ անել այս իրավիճակը կարգավորելու համար: Կստացվեր, թե ոչ, այնուամենայնիվ, մենք հանդես կգայինք որպես պետություն եւ կունենայինք մեր կշիռը»,- ասաց նա: Հ. Հովհաննիսյանը չի կիսում այս կարծիքը, թե Վրաստանի դեպքերը կարող են նախադեպ դառնալ Ադրբեջանի համար: Նա գտնում է, որ Վրաց-օսական պատերազմի հիմքում Ռուսաստանի ու Վրաստանի լարված հարաբերություններն են ընկած, որտեղ Հարավային Օսեթիան միայն առիթներից մեկն էր: «Կարծում եմ` Ադրբեջանը նման քայլի չի գնա ոչ թե նրա համար, որ Ռուսաստանը կմիանա Ղարաբաղին, այլ ուղղակի բոլորը նորից համոզվեցին, որ կոնֆլիկտների նման ճանապարհով լուծելը բերում է միայն արյունահեղության: Այս կոնֆլիկտները պետք է լուծվեն միայն խաղաղ բանակցային ճանապարհով: Այսօր բուն Ղարաբաղի խնդրի կարգավորումը շատ ավելի վատացել է, մենք հիմա շատ ավելի մեծ զիջումների ենք գնում: Ասում են` Ղարաբաղում պիտի լինի հանրաքվե, բայց ոչ մեկը չի ասում, թե երբ` 20 տարի հետո, 30գ Այդ հանրաքվեն այն ժամանակ արժեք կունենա, եթե լինի մեկ տարվա ընթացքում: Բայց եթե պիտի լինի 15 տարի հետո, ապա այնտեղ այդ հանրաքվեն կպարտվի: Հիմա արդեն Ադրբեջանին նման ճանապարհով Ղարաբաղի հարցի լուծումը ձեռնտու չէ, որովհետեւ ինքն արդեն լուրջ հաջողությունների է հասել խաղաղ ճանապարհով»,- ասաց նա: Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին ու մասնավորապես` հնարավոր արտահերթ ընտրությունների խնդրին` Հ. Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ Սերժ Սարգսյանը կունենա այդ քաղաքական կամքը: «Դրանով Սերժ Սարգսյանը շանս է ստանում՝ մտնել պատմության մեջ որպես քաղաքական գործիչ, ով պետականության շահն ավելի բարձր է դասում, քան սեփական աթոռը: Ինքն այդ շանսից պետք է օգտվի: Հակառակ դեպքում ճնշումներ կլինեն»,- ասաց նորաստեղծ կուսակցության ղեկավարը: Իսկ ճնշումներ ասելով` Հ. Հովհաննիսյանը նկատի ունի թե՛ արտաքին, թե՛ ներքին ճնշումները: Նրա խոսքով` ներքին ճնշումները բավականին լուրջ են. սեպտեմբերից կսկսվեն բավականին լուրջ միտինգներ: «Ներքին ճնշումների արդյունքում պետք է իշխանություններն էլ քայլ անելու հնարավորություն չունենան: Կա նաեւ արտաքին ճնշումը, որը մանավանդ կհզորանա Վրաստանում տեղի ունեցող դեպքերից հետո»,- ասաց նա` ավելացնելով, որ սեպտեմբերի 5-ին նախատեսված ընդդիմության հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը կներկայացնի իրենց հետագա անելիքները: Հարցին, թե իրենց կուսակցությունը կմասնակցի՞ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, Հ. Հովհաննիսյանը պատասխանեց` ոչ, քանի որ, ըստ նրա` մեր երկրում ընտրությունների համակարգ գոյություն չունի: «Եվ այս դեպքում մասնակցել ընտրություններին՝ անիմաստ է»,- ասաց նա: