– Պարոն Մանոյան, ՀՅԴ-ն հայտարարել է, որ բողոքի ակցիաներ կկազմակերպի, եթե Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը եւ սեպտեմբերի 6-ին ժամանի Հայաստան` մեր հավաքականների ֆուտբոլային խաղը դիտելու: Արդեն որոշե՞լ եք, թե կոնկրետ ի՞նչ ակցիաներ եք իրականացնելու:
– Ես չգիտեմ, Գերագույն մարմինն է զբաղվում այդ հարցերով:
– ՀՀ նախագահը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված քայլ է կատարել, դուք ինչո՞ւ եք դժգոհում այդ քայլից:
– Այո, բայց դա չի նշանակում, թե մենք էլ մեր տեսակետն արտահայտելու իրավունք չունենք: Չեմ կարծում, որ հասարակության մի կարեւոր մասն իր իրավունքը արտահայտելուց պետք է զրկվի: Հասարակության ցանկացած մաս, կարծում եմ, իր տեսակետը արտահայտելու իրավունք ունի այն պետության ներկայացուցչի նկատմամբ, որը մինչեւ հիմա Հայաստանի համար գլխավոր վտանգ է հանդիսանում, որ Հայաստանին շրջափակման է ենթարկել, որ իր պատկերացումների մեջ Հայաստանին տեսնում է որպես խեղճուկրակ մի հարեւան: Եվ համոզված եմ, որ Թուրքիայի քաղաքական վերնախավի կողմից Հայաստանի հետ հարաբերությունները չհաստատելու հիմնական խնդիրն այն է, որ իրենց քաղաքական մտածողության մեջ չկա, թե Հայաստանը կարող է լինել պետություն, որն իրենցից կախված չէ: Կարծում եմ՝ նրանց քաղաքական մտածողությունը մնացել է 1915-1919թթ. մակարդակին, փորձում են այնպիսի Հայաստան ունենալ, որը տարածաշրջանում քաղաքական դերակատար չէ, որին կարող են թելադրել ցանկացած բան: Նման պետության ղեկավարի նկատմամբ, կարծում եմ, որ հասարակությունն իր տեսակետն արտահայտելու իրավունք ունի, թեեւ նախագահի կողմից այլ տեսակետ կա: Հասարակությունն իր տեսակետն ասում է հրավիրող նախագահի մասին, չի՞ կարող հրավիրվողի մասին ասել:
– ՀՅԴ-ն ՀՀ նախագահի գլխավորած կուսակցության հետ կոալիցիա է կազմել եւ հավանություն է տվել կառավարության ծրագրին: Չի՞ նշանակում, որ այս քայլով դավաճանում եք գործընկերներին:
– Նախագահի ծրագրի կամ կոալիցիոն համաձայնագրի մեջ չկա, որ ժողովուրդն իր կարծիքը պիտի չասի, պիտի մոռանա իր իրավունքները: Եթե փոփոխություն լիներ իշխանության կեցվածքի մեջ, ապա դա կարող էր կոալիցիայից դուրս գալու հիմք ծառայել: Բայց իշխանությունը չի փոխել իր հիմնական քաղաքականությունը:
– Այս պահին Վրաց-օսական պատերազմի պատճառով Հայաստանի բեռնափոխադրումը, ըստ էության, կանգ է առել: Չե՞ք կարծում, որ ժամանակն է Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու գործնական քայլեր նախաձեռնել եւ այդ երկրի տարածքով արտաքին աշխարհի հետ կապող այլ ուղիներ գտնել:
– Ձեր տեղեկությունները որտեղի՞ց են, չգիտեմ, իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ այդ վտանգը, կարելի է ասել, վերացել է: Պարզ է, որ սա մեզ հետ ընդհանրապես կապ չունեցող խնդիր էր, եւ իսկապես մենք պետք է ավելի արագ փորձենք գտնել այլ հնարավոր ճանապարհներ: Մեզ հետ չառնչվող նման հարցը եթե մեզ նման վտանգի առաջ է կանգնեցնում, վաղը կարող է մեր դեմ ուղղված ինչ-որ քայլ ավելի վատ վիճակ ստեղծել: Կարող ենք Իրանի միջոցով մեր ճանապարհներն ավելացնել: Բայց մենք Թուրքիային խեղճանալով չէ, որ պիտի դիմենք: Թուրքիան ճանապարհը փակել է հենց այսօրվա համար, որ մենք խեղճանանք: Թուրքիան ճանապարհները բացելու համար նախապայման է դնում, եւ այդ պայմանները բավարարելը մեզ կխեղճացնի: Եթե նախապայմաններով սկսենք, մենք նախապայման դնելու քաղաքական-իրավական-բարոյական շատ ավելի հիմք ունենք: Իրավիճակից ելնելով չենք դնում: Այս 15 տարվա շրջափակման նպատակը եթե այն էր, որ մենք Արցախի հարցում պետք է միակողմանի զիջենք, դա չի եղել երկու նախագահների օրոք, եւ, կարծում եմ, որ այս նախագահն էլ նույն կերպ կշարունակի: Փաստորեն Թուրքիան ինքն իրեն դրել է տուպիկի մեջ՝ տարբեր հաշվարկներից` Ադրբեջանի հետ իր հարաբերություններից ելնելով, ներքին որոշ շրջանակների ճնշումների պատճառով իր կեցվածքը չի փոխում: Բայց եթե այդ շրջափակումով սահմանափակվում են Հայաստանի հնարավորությունները, ապա սահմանափակվում են նաեւ Թուրքիայի հնարավորությունները: Վրաստանի վերջին դեպքերը ցույց տվեցին, որ այդ նույն շրջափակման պատճառով Հայաստանը շրջանցող ճանապարհների մի մասն այդքան էլ ապահով չեն: Հետո` Թուրքիան սահմանափակված է տարածաշրջանում իր քաղաքական դերակատարության մեջ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի հետ հարաբերություններ չի հաստատել: Թուրքիան տարածաշրջանում կողմ է եւ ոչ թե դերակատար ու իրավիճակ թելադրող: Շրջափակումը որքան մեր հնարավորություններն է սահմանափակել, այնքան էլ իր քաղաքական հնարավորություններն է սահմանափակել: Եթե այդպես չլիներ, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Եվրամիությունը Թուրքիային չէին ճնշի, որ Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ հաստատի: Թուրքիայի քաղաքական սահմանափակումները սահմանափակում են նաեւ Ամերիկայի եւ Եվրոպայի հնարավորությունները մեր տարածաշրջանում:
– Ձեր կարծիքով՝ միայն արտաքի՞ն ճնշման ազդեցության տակ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ կհաստատի:
– Նման հարաբերությունների մեջ արտաքին ճնշումներն ունեն իրենց դերակատարումները, բայց չեն կարող վճռորոշ լինել: Թուրքիան այն երկիրը չէ, որին կարելի է ասել, որ՝ այս պետության հետ այս կեցվածքը պիտի ունենաս: Այդ ճնշումը նպաստում է, որ Թուրքիան քննարկի եւ տեսնի, որ իսկապես այս 15 տարվա շրջափակումը ինչ արդյունք կամ վնաս է տվել իրեն: Իհարկե, ցանկացած պահի էլ Թուրքիան կարող է սահմանը բացել, բայց հարաբերությունները պետք է հաստատվեն երկկողմանի պայմանագրերով, իսկ դա Թուրքիան կանի, եթե կարողանա Ադրբեջանին ասել, թե դա իրենց` երկուսի համար էլ լավ է, եւ կարողանա ներքին ներուժն ունենալ, որովհետեւ այսօր այդ երկրի իշխանությունն այդքան էլ կայուն չէ, կան ներքին սպառնալիքներ:
– Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններ չունենալու պատճառով Հայաստանը դուրս է մնացել տարածաշրջանային ծրագրերից: Չե՞ք կարծում, որ այսպես շարունակվելու դեպքում ընդհանրապես կմեկուսանա:
– Հայաստանը միայն Թուրքիայով, միայն արեւելք-արեւմուտքով չէ, որ արժեւորվում է: Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի հետ հարաբերություններ կան: Հայաստանն իր ազգային պետական շահերից ելնելով պիտի շարժվի: Հայաստանի հնարավորությունները սահմանափակ են այս պայմաններում, բայց դա չի նշանակում, որ չկան:
– Իրանի հետ մեր երկրի առեւտրաշրջանառությունն ընդամենը մի քանի տոկոս է, իսկ Իրանի տարածքով բեռնաշրջանառությունը շատ թանկ է ու ձեռնտու չէ, հակառակ դեպքում մեր բեռնափոխադրողները կօգտագործեին այդ հնարավորությունը:
– Ես վստահ չեմ, որ իրավիճակն այդպես է, պարզապես Սեւ ծովն ավելի մոտ է: Պետք է Սյունիքի` Իրանի հետ կապող անցումն ավելի դյուրին դարձնել, երկաթգծի հնարավորությունն օգտագործել, կա նավթավերամշակման գործարան կառուցելու ծրագիրը: Սրանք ծրագրեր են, որոնց շուրջ պետք է Հայաստանն ակտիվ լինի:
– Ա.Գյուլի` Հայաստան գալու հարցում ՀՅԴ-ն համամիտ է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
– Այո, եթե դաշնակցական նախագահ էլ լիներ, այդ հրավերը չէր լինի: Բայց նաեւ աշխարհի վերջը չէ, որ հրավիրել են: Հասկանում ենք, թե նախագահն ինչու է հրավիրում: Գյուլի գալով մեր հարցերը չեն լուծվում: Մեր նախագահը որ մթնոլորտի փոփոխություն է ակնկալում, Գյուլի գալով` կարող է ստացվել, կարող է` ոչ: Մեր նախագահը հրավիրելով` գնդակը գցել է դաշտի իրենց կողմը, իրենք պիտի փորձեն անպատասխան չմնալ: Քոչարյանի օրոք էլ պատասխան եղել էր, բայց այն ժամանակ չէր կարելի ապահովել այն քարոզչական դաշտը, որ Սերժ Սարգսյանի հրավերով կարելի է ապահովել: Քոչարյանն անպատասխան չէր թողել նրանց վարչապետի հրավերը: Փոխադարձ առաջարկ էր եղել, որը առայսօր մնացել է անպատասխան: Բայց քարոզչական առումով նրանք շահեցին:
– Պարոն Մանոյան, բոլոր դեպքերում, Ձեր կարծիքով՝ Գյուլը կգա՞ Հայաստան, կամ նրա գալը միջազգային հանրության կողմից ինչպե՞ս կընկալվի:
– Այս տարածաշրջանում միջազգային հարաբերությունների տեսակետից ինքն ինչ-որ խաղաղության աղավնինի կերեւա: Դրա համար կարծում եմ, որ կգա: Հատկապես, որ գալը մեծ բան չի փոխի: Մթնոլորտը կարող է մի քիչ դրական փոփոխություն ունենա, քարոզչական իմաստով պիտի ինքն օգտվի այդ հնարավորությունից: Իհարկե, մեր նախագահն էլ կօգտվի այդ քարոզչական հնարավորությունից, այլապես չէր հրավիրի:
– Ինչի՞ն եք հատկապես դեմ, Գյուլի գալո՞ւն, նախագահի հրավիրելո՞ւն:
– Մենք Գյուլի դեմ առաջին անգամը չէ, որ ակցիա ենք արել, ուրիշ տեղեր էլ արել ենք: Հարցեր ունենք, որ պիտի հիշեցնենք:
– Բայց հավաքականի խաղից հետո էլ մեր երիտասարդ ֆուտբոլիստները պետք է գնան Թուրքիա: Այդ դեպքում այնտեղ էլ նրանք ակցիաներով կպատասխանեն:
– Եթե պատանդի հոգեբանությամբ պիտի աշխատենք որպես պետություն` շատ վատ է: Այդ դեպքում նախընտրելի կլինի, որ չուղարկենք երիտասարդներին:
– Հիմա ՀՅԴ-ի համար ո՞ր տարբերակն է ընդունելի` որ Գյուլը գա, բողոքի ակցիաներ կազմակերպե՞ք, թե՞ ընդհանրապես չգա:
– Կնախընտրեինք, որ չգա, որովհետեւ նա դա պիտի օգտագործի քարոզչական նպատակներով: