Ցանկացած քաղաքական գործիչ, երբ չգիտի ինչ անել, դառնում է հայրենասեր: Նրանց թվում է, թե հայրենասիրությունից խոսողին շատ բան է ներվում: Բայց պատմությունը ներում է միայն հաղթողին: Իսկ պարտված հայրենասերներն ընդամենը կարեկցանքի պես վերաբերմունքի են արժանանում: Միլոշեւիչը փորձեց Հարավսլավիայի փլատակների տակից հզոր հայրենիք հանել: Նա իր ձգտման մեջ, հնարավոր է, ազնիվ էր: Բայց երկիրն ու մայրաքաղաքը քաշեց ՆԱՏՕ-ի ռմբակոծության տակ: Նրանից հետո մնացած երկիրն ամենեւին էլ սերբերի երազած հայրենիքը չէր: Բայց, միեւնույն է, սերբերի լեզուն չի պտտվի հայրենիքն ավերակ դարձրած գործչին դավաճան համարել: Բայց նրանք բոլոր հիմքերն ունեն Միլոշեւիչին անհաջողակ քաղաքական գործիչ համարելու: Հատկապես, որ սեփական արյունով էր վարձահատույց եղել անհաջողություն կոչվածի համար: Հիմա նույն վիճակում է հայտնվել Սահակաշվիլին: Վրաստանի երիտասարդ ու տաքարյուն նախագահը պաշտոնավարումը հաջող սկսեց: Կարողացավ կենտրոնական իշխանության համար վերահսկելի դարձնել Աջարիան: Մյուս «անհնազանդ» տարածքների` Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հարցերը մնացին առկախ: Հետո երիտասարդ նախագահը բավական արդյունավետ պայքար սկսեց կոռուպցիայի դեմ: Բայց տնտեսական բարեփոխումները սպասված արդյունքը չտվեցին: Հավակնոտ նախագահը ոչ մի կերպ չհամակերպվեց այն փաստի հետ, որ այլեւս հարազատ ժողովրդի սիրեցյալ նախագահը չէ: Տարածքային խնդիրները լուծելու եւ ազգային հերոսի կարգավիճակ ստանալու ակնկալիքով Վրաստանի նախագահն աննախադեպ ծավալներով մեծացրեց երկրի ռազմական ծախսերը: Այս տարվա ռազմական բյուջեն կազմում է մոտ 1 մլրդ 100 մլն դոլար եւ համարյա հավասար է Ադրբեջանի ռազմական բյուջեին: Մինչդեռ Վրաստանի տնտեսությունը 3 անգամ փոքր է Ադրբեջանի բյուջեից: Բայց ի՞նչ իմաստ ունի ափսոսալ ժողովրդի սոցիալական կարիքներից խլված գումարի համար, երբ հավակնոտ նախագահը մտադիր է իրականացնել հողահավաք ծրագրեր: Մերկապարանոց հայրենասիրությունը միշտ էլ բարձր է գնահատվում: Ճիշտ այնպես, ինչպես մեր դաշնակցական թուրքատյացությունը: Քանի դեռ չի վերածվել աղետի: Հարավային Օսեթիան վերադարձնելու արկածախնդրությունը Վրաստանին «տվեց» 150 զոհված զինվորական, 50 հազարից ավելի փախստական, ավերված գյուղեր, Գորի քաղաքն ու ենթակառուցվածքներ: 1600 դիակ թաղելուց հետո օսեթները Ռուսաստանի հետ կփորձեն միջազգային ատյաններում կատարվածը որակել եղեռն: Հետագա բոլոր հետեւանքներով: Այսօր վստահ կարելի է ասել, որ ռուս-վրացական հարաբերությունները դեռ երկար չեն կարգավորվի: Սեփական երկիրը ռմբակոծության տակ դրած քաղաքական գործչի համար տնտեսական հարցերն, իհարկե, երկրորդական են: Իսկ հարեւան պետությունների, մասնավորապես՝ Հայաստանի տնտեսական հետաքրքրություններն ընդհանրապես հաշվի առնելու բան չեն: Հայրենասիրական մղումները նման մանրուքների համար չեն: Ժամանակին մեր նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն էլ էր պնդում, որ Հայաստանը 100 տարի կզարգանա շրջափակման մեջ: Ու պաշտոնավարման շրջանում ոչինչ չարեց շրջափակումը վերացնելու ուղղությամբ: Շրջափակողը թշնամի Թուրքիան է, ինչպե՞ս կարելի է բանակցել թշնամու հետ: Վրաստանի ռմբակոծված ենթակառուցվածքները, մասնավորապես՝ Փոթի նավահանգիստը տնտեսական բացասական հետեւանքներ են ունենալու եւ՛ Վրաստանի, եւ՛ Հայաստանի համար: Մեր գործարարներն առայժմ խոսում են ուշացող բեռների մասին:
Իսկ այն, որ այդ ենթակառուցվածքները երկար չեն շահագործվելու` ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ: Առայժմ կանխատեսումներ չկան, թե ի՞նչ է լինելու գազամատակարարման հետ: Վրաստանի հայրենասեր նախագահը հայտարարելով ԱՊՀ-ից դուրս գալու մասին՝ չի մտածում, որ շուտով Ռուսաստանից գազ գնելու է առնվազն 2 անգամ ավելի բարձր գնով: Ակնհայտ է, որ վրացական տնտեսությունը եվրոպականի նման չի կարող հազար խորանարդ մետր գազի դիմաց 400-450 դոլար վճարել: Ճիշտ այնպես, ինչպես մեկ այլ «հայրենասեր» նախագահ ունեցող ուկրաինական տնտեսությունը: Ուկրաինան առայժմ այլընտրանք ունի` յուրացնում է Եվրոպայի գնած գազի մի մասը: Վրաստանի պարագային դա հնարավոր չէ` գազատարը միայն Հայաստան է հասնում: Այսինքն` չվճարման դեպքում հարցեր չեն կարող ծագել` Հայաստանը կվճարի սահմանի վրա գրանցված չափաբաժինը: Իսկ մեծ կորուստների դեպքում Ռուսաստանը պարզապես կփակի գազատարը: Հարավային հարեւաններին առաջարկելով ընտրություն կատարել իրական ցրտի ու մերկապարանոց հայրենասիրության միջեւ: Իմ խոսքում հակավրացական երանգ փնտրել պետք չէ: Ես սիրում եմ Վրաստանը, վրացիներին, վրացական մշակույթը: Մենք` հայերս էլ նույնքան ու ոչնչով չպատճառաբանված հայրենասեր ենք: Ես պարզապես չեմ հասկանում, երբ հայտնի դաշնակցական գործիչը հարազատ որդուն ծառայության է ուղարկում ՊՆ Լրատվության բաժին ու սահմանի վրա ծառայող հարեւանի որդու արյան գնով հայրենասիրություն քարոզում: Չեմ հասկանում, երբ ազգիս երիտասարդներին կոչ են անում լոլիկ շպրտել Թուրքիայի վարչապետի վրա, երբ դեռ վերջինս չի էլ ասել, թե ընդունում է Հայաստանում ֆուտբոլ դիտելու հրավերը: Ի վերջո, իր ամենաբարի մղումներով Միլոշեւիչը կոտորեց սեփական բանակը եւ մասնատեց սեփական հայրենիքը: