«Եթե դուք դիմել եք կախարդների կամ գուշակների օգնությանը, արել եք կամ
ձեզ վրա են արել թուղթուգիր, ունեք ամուսնական, ֆինանսական, ժառանգական
անեծքներ եւ անհաջողություններ, կանացի անպտղություն, եթե կրել եք խորը
ստրեսներ, դեպրեսիաներ եւ վախ որոշ իրադարձությունների պատճառով, ունեք
ցանկացած հոգեկան խանգարում, ունեք կախվածություն ծխախոտից, ալկոհոլից,
թմրադեղերից, սեռական եւ այլ տարբեր բաներից, եթե ունեք երեխաներ
ֆիզիկական եւ հոգեկան տարբեր հիվանդություններով, եւ ընդհանրապես եթե ձեզ
ասել են, որ դուք անբուժելի եք եւ դուք կորցրել եք բժշկվելու հույսը, պետք
չի, որ կորցնեք ձեր հույսը, օգտվեք անվճար բժշկական ծառայությունից, որ
ձեզ կմատուցվի առաջիկա 7 կիրակիների ընթացքում, Հարավ Արեւմտյան Բ-1
թաղամասի շախմատի տան դահլիճում»: Մոտավորապես այս բովանդակությամբ
անստորագիր թռուցիկներ են շրջում վերոհիշյալ թաղամասում: Անվճար բժշկվելու
հնարավորությունը բաց չթողնելու ակնկալիքով հայտարարված հենց առաջին
կիրակի օրվանից որոշեցի «բուժվել»:
Բանգլադեշի շախմատի տան դահլիճում շուրջ 150 հիվանդ էր հավաքվել:
«Բժիշկը»` 30-ին մոտ մի երիտասարդ, դիմում էր դահլիճին կրակոտ ձայնով.
«Մենք դեմ չենք տրադիցիոն բժշկությանը, մենք դեմ ենք, որ այդ բժշկության
մեջ տիրում է կոռուպցիան՝ մարդը իր նմանի կյանքի վրա բիզնես ա անում, մենք
չենք մերժում տրադիցիոն բժշկությունը, բայց գիտենք, որ նա ի զորու չէ ամեն
ինչ բուժել: Օրինակ, ահա այս ժամացույցը, երբ այն փչանում է, մենք այն
ի՞նչ ենք անում, տանում ենք ժամացույց ստեղծողի մոտ, որովհետեւ նա՛ գիտի՝
ինչպես սարքել, այդպես է եւ մարդը, որ հիվանդանում է, ո՞ւր պիտի գնա՝
Աստծու մոտ, որովհետեւ նա՛ է ստեղծել քեզ՝ քո մազի ծերից մինչեւ մատներիդ
ծերը, եւ նա՛ գիտի՝ ինչպես քեզ բժշկել»: Այնուհետեւ «բժիշկը» պատմեց, թե
ինչպես անցած երկու շաբաթվա ընթացքում Տերը բուժել է մեկ արյան քաղցկեղ:
Հիվանդը մի ծեր կին էր, ով եկել էր վկայելու այդ մասին: «Երբ առաջին անգամ
մենք տեսանք նրան, նա այս պատի նման ճերմակ էր, բժիշկներն ասել էին, որ
հույս չկա: Մենք այցելեցինք նրան, աղոթեցինք նրա համար, որից հետո նա
անալիզներ հանձնեց Արյան փոխներարկման ինստիտուտում, եւ փոփոխությունն
ակնհայտ էր, որից հետո բժիշկները նրան տուն ուղարկեցին՝ ասելով, որ նա
այժմ այնքան լավ է, որ բուժումը կարող է տանը շարունակել: Հիմա նրա դեմքի
գույնն էլ է փոխվել: Իսկ ախորժակը, ինչպես ինքն է պատմում, այնպես է
բացվել, որ նա ճաշելիս հացը փրթում է ճաշի մեջ քիչ է, մի ձեռքով էլ նորից
հաց է կծում ու այդպես ուտում: Իսկ պատկերացրեք, որ նա առաջ ընդհանրապես
հաց չէր ուտում»: Այնուհետեւ «բժիշկը» բեմ հրավիրեց մի քանի հիվանդների,
ովքեր եւս բուժվել էին աղոթքների շնորհիվ: Որից հետո դիմեց դահլիճին՝
պահանջելով, որ նրանք, ովքեր հիվանդ են, ձեռքները բարձրացնեն: Դահլիճի
մեծամասնությունը, բնականաբար, հիվանդ էր: «Տերը տեսավ քո ձեռքը, այսօր
դու հիվանդների շարքից կտեղափոխվես բժշկվածների շարքը»,- հավաստիացրեց
«բժիշկը»:
«Բուժման» պրոցեսը սկսվեց բավականին աշխույժ մի երգով: Հաջորդն ավելի
աշխույժ էր: «Ալելուիա, ալելուիա, Հիսուսն հաղթեց սատանային, խաչի վրա
Հիսուսն հաղթեց սատանային»,- սա երգերից մեկի կրկներգն էր, որի ընթացքում
հիվանդները գնալով աշխուժանում էին, պարային կաշկանդված շարժումներ էին
անում, ծափ տալիս: «Ծափ տվեք Աստծուն, ծա՛փ, ծա՛փ»,- ոգեւորում էր երգիչ
բժիշկը, ու դահլիճն ավելի էր ոգեւորվում: «Եթե դու հավատաս Հիսուսին,
անպայման կբուժվես,- իր բժշկության հերթական մեթոդն էր կիրառում
«բժիշկը»,- մի ծիծաղացրա Աստծուն քո անհավատությամբ»:
Ի դեպ, երբ փորձեցի լուսանկարչական ապարատով վավերացնել բժշկվելու այդ
պրոցեսը, պարզվեց՝ չի թույլատրվում: Քանի որ «բուժումը» շատ էր երկարում,
հաջորդ օրը պայմանավորվեցի ու հանդիպեցի «բժշկի» հետ: Բժիշկը՝ Վահագն
Հարությունյանը կամ Վահագն եղբայրը, Ավետարանչական եկեղեցու հովիվ է:
Ավարտել է Փ.Թերլեմեզյանի անվան ուսումնարանը, ունի ոսկերիչի, կոշկակարի
մասնագիտություններ: Մարդկանց «բժշկելու» այս պատասխանատու բեռն իր վրա
վերցրեց, երբ ինքն էլ հիվանդ էր ու նույն մեթոդով բժշկվեց: «Ես շատ հիվանդ
էի, ունեի նյարդային խանգարում, բժիշկներն ասում էին՝ դա անբուժելի է,
բայց երբ ճանաչեցի Հիսուս Քրիստոսին, դարձա կենսուրախ»: Վահագնն ասում է,
որ բժշկվածներից կամ հավատացյալներից բոլոր չէ, որ կարող են իր նման
գործել, ինքն արժանացել է նման շնորհի, որովհետեւ եկեղեցուն ծառայելու
ընթացքում իր ծառայության արդյունքը պարզորոշ է եղել, «բազմաթիվ մարդիկ են
բժշկվել» իր աղոթքների շնորհիվ: «Բժշկության» ընթացքում հնչող երգերը,
ինչպես հավաստիացնում է Վահագնը, գրում են «Աստծո շնորհքով օժտված
մարդիկ»: Երգերը կատարում են սինթեզատորի օգնությամբ: «Մենք գիտենք, թե
եկեղեցու մարդուն պարել չի կարելի, բայց Աստվածաշնչում գրած է՝ ծափ տվեք,
պարեք, եթե Աստվածաշունչը մեզ թույլ է տալիս, մենք ինչո՞ւ պետք է
խուսափենք դրանից: 150-րդ Սաղմոսում ասում է՝ օրհնեցեք Աստծուն զորավոր
գործերի համար, օրհնեցեք նրան շեփորի ձայնով, տավիղով ու քնարով, այսինքն՝
տարբեր գործիքներով կարելի է օրհնել, սինթեզատորն էս դեպքում ամենահարմարն
է, որովհետեւ այդ բոլոր գործիքները ներառում է իր մեջ: Էդ երգերը, ճիշտ է,
կարող է պրիմիտիվ են, բայց ընդհանուր ժողովրդին հասկանալի են ու դուր են
գալիս՝ ինչո՞ւ չերգել: Եթե դուք մեր բժշկության մինչեւ վերջին րոպեն
մնայիք, կտեսնեիք, թե այդ օրը ինչքան մարդ բուժվեց»,- հավաստիացնում է
Վահագնը: Սակայն Վահագնն ինքն էլ էր կարծես մի քիչ թերահավատ վերը նշված
քաղցկեղի բուժման դեպքի հետ կապված. «Դե հիմա ես չեմ կարող 100 տոկոսով
ասել, որ իր քաղցկեղը բուժվել է, բայց այդ բոլոր փոփոխությունները նրա մոտ
եղան, երբ նա ճանաչեց Հիսուս Քրիստոսին, եթե մինչեւ վերջ չբուժվի, ուրեմն
իր հավատքից ա»:
Ընդ որում, Վահագնը խիստ զգուշավոր էր խոսում, հարցերից խուսափում էր,
ամեն հարցի հետ կապված՝ Աստվածաշնչից մի պատեհ կամ անպատեհ հատված էր
ընթերցում: Անընդհատ փորձում էր ճշտել՝ եթե ես Բանգլադեշից չեմ, ապա
ինչպե՞ս եմ իմացել իրենց ծառայության մասին, ումի՞ց եմ իմացել, ինչո՞ւ եմ
ուզում իրենց մասին գրել, եւ ոչ թե մորմոնների: «Ի՞նչ վատ է, որ մարդիկ
հավաքվում են մի տեղ, աղոթում են Հիսուս Քրիստոսին»,- ինձ էր հարցնում
հոգեւոր հովիվը:
Աստված գիտի…