Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Lավրովը երեկ հայտարարել է, թե Հարավային Օսիայի եւ Աբխազիայի կարգավիճակի շուրջ միջազգային քննարկումներ սկսելու հարցը շարունակում է մնալ օրակարգում, թեեւ այն նախօրեին Վրաստանի նախագահի պահանջով հանվել էր խնդրի կարգավորման հիմնական դրույթներն ամրագրող փաստաթղթից:
«Այդ դրույթը կարող է տարընթերցումների առիթ դառնալ, այդ թվում` Վրաստանի տարածքային ամբողջականության շուրջ: Մենք Վրաստանի տարածքային ամբողջականության հարցում երբեք փոխզիջման չենք գնա»,- ասել է Միխայիլ Սահակաշվիլին:
Կողմերի միջեւ համաձայնեցված փաստաթուղթը, ըստ այդմ, նախատեսում է հրադադարի կնքում, մինչեւ օգոստոսի 6-ն առկա ստատուս-քվոյի վերականգնում, մարդասիրական օգնության տրամադրում: Փաստաթղթում ասվում է նաեւ, որ մինչեւ խնդրի կարգավորման երկարաժամկետ ծրագրի մշակումը ռուս խաղաղապահները շարունակելու են մնալ վրաց-օսական հակամարտության գոտում, իսկ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կայունության եւ անվտանգության հարցը դառնալու է միջազգային քննարկման առարկա: Այն, մասնավորապես, այժմ քննարկվում է Բրյուսելում` Եվրամիության արտգործնախարարների նիստում: Եվրոպական ընտանիքի մի մասը պահանջում է կոշտ դիրքորոշում որդեգրել եւ խստորեն դատապարտել Ռուսաստանի որդեգրած քաղաքականությունը: Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դեյվիդ Միլիբանդը, մասնավորապես, հայտարարել է, թե Եվրամիությունը պետք է «Վրաստանի դեմ Ռուսաստանի ագրեսիվ գործողություններից հետո վերանայի պաշտոնական Մոսկվայի հետ իր հարաբերությունները»: Իսկ Lիտվայի արտգործնախարար Պետրաս Վայտյեկունասը պնդել է, թե եվրոպական ընտանիքը պետք է «որոշակի հետեւություններ անի Ռուսաստանի կողմից անընդունելի ու անհամարժեք ուժի գործադրումից»:
Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելն էլ հայտարարել է, թե կառույցի նոր անդամները, որոնք Ռուսաստանի հետ փոխազդեցության փորձ ունեն, պահանջում են Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել: «Հուսով եմ, որ Եվրամիության ներկայացուցիչներին կհաջողվի համաձայնության գալ այս հարցի շուրջ, թեեւ, ամենայն հավանականությամբ, սպասվում են բավական բարդ քննարկումներ»,- ասել է Ռուպելը:
Մինչդեռ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պնդել է, թե այս պահին ավելի հրատապ են իրավիճակի կայունացմանն ուղղված քննարկումները: «Կարծում եմ` անիմաստ է ժամանակ կորցնել կատարվածի պատասխանատուների եւ խնդրի թեժացման հիմքերի շուրջ երկարատեւ քննարկումների վրա: Կարելի է կոշտ եւ միակողմանի հայտարարություններով հանդես գալ, բայց կարելի է նաեւ նայել ապագային եւ իրական դեր ստանձնել իրավիճակի կայունացման գործընթացում»,- ասել է Շտայնմայերը: Ի թիվս այլ հարցերի` Եվրամիության արտգործնախարարի կողմից այժմ քննարկվում է նաեւ հակամարտության գոտի եվրոպական ընտանիքից խաղաղարար ուժեր ուղարկելու հնարավորությունը: