Գեղեցկությո՞ւն, թե՞…

15/08/2008

Մի ժամանակ խալերն ու տարբեր տեսակի նշանները թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար հանդիսանում էին լավագույն զարդը: Կանայք իրենց դեմքին արհեստական խալեր էին նկարում, իսկ այսօր նորաձեւության պահանջները բոլորովին այլ են` խալերի նկատմամբ, կարելի է ասել, որս են սկսել:

Մասնագետները գտնում են, որ խալերը կոսմետիկական արատներ են: Խալեր կարող են առաջանալ սկսած մարդու ծննդյան օրից՝ մինչեւ նրա ծերությունը, եւ իրենց էությամբ դրանք առանձնապես վնասակար կամ վտանգավոր չեն: Դրանք շոշափելիս կարելի է զգալ կամ չզգալ` կարող է լինել մաշկի տակ կամ մաշկից մի քիչ բարձր: Իհարկե, խալերը որոշ գործոնների ազդեցությունից բարորակ գոյացությունից կարող են վերափոխվել չարորակի: Պոկված խալը կարող է շատ վատ հետեւանքներ ունենալ, ու բավականին երկար բուժման անհրաժեշտություն կզգացվի:

Պետք է աշխատել արագ հեռացնել այն խալերը, որոնք մենք անընդհատ ինչ-ինչ պայմաններում վնասում ենք` գոտիով, ուսակապով, վզնոցով կամ հագուստի այլ էլեմենտներով, հատկապես, եթե այն մի քանի անգամ արյունահոսել կամ բորբոքվել է: Ավելի լավ է ազատվել այն խալերից, որոնք հնարավոր չէ հագուստով պաշտպանել արեւից: Հավանականությունը մեծ է, որ արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթներից արդեն մի քանի անգամ այրված խալը կարող է վերածվել չարորակ նորագոյացության: Երբեք պետք չէ ինքնուրույն փորձել ազատվել խալերից: Ժողովրդական մեթոդներով երբեմն վերացնում են խալերը, բայց հնարավոր հետեւանքների համար ոչ ոք պատասխանատու չէ: Ուռուցքաբաններն ամեն օր ընդունում են նման ինքնաբուժության զոհերի: Կարելի է ասել` այսօր գրեթե յուրաքանչյուր գեղեցկության սրահում առաջարկում են խալերը հեռացնելու ծառայություններ: Բայց այնքան էլ խելամիտ չէ առողջությունը վստահել, ասենք, եռամսյա դասընթացներ անցած կոսմետոլոգին: Անցանկալի խալերից պետք է ազատվել միայն բժշկի օգնությամբ, ով ունի համապատասխան մասնագիտություն ու փորձ: Բայց հաճախ, հատկապես կանայք, ձգտելով մաշկի կատարելության, հեռացնում են բոլոր խալերը` այրելով մաշկի բավական մեծ հատվածներ: Սա հատկապես վերաբերում է քառասունին մոտ կանանց, ովքեր ափսոսանքով են հիշում իրենց երիտասարդ մաշկը, բայց, միեւնույն է, բնականաբար, մաշկն արդեն չի երիտասարդանալու, դրա համար պետք է ժամանակին կանգ առնել: Յուրաքանչյուր հեռացված խալից բծեր են մնում, իսկ եթե այն որակով չի կատարվել, այդ բծերն ունենում են մուգ շագանակագույն երանգ եւ համարվում են քիմիական այրման հետեւանք: Նման տանջալից պրոցեդուրայից հետո մաշկը միայն մասամբ է վերականգնվում: Երբեմն բոլոր ջանքերն իզուր են լինում, որովհետեւ հեռացված մեկ գոյացության փոխարեն առաջանում են մի քանիսը: Մեր վերաբերմունքը խալերին ու այլ նորագոյացություններին պետք է լինի 2 ծայրահեղությունների մեջտեղում` պետք չէ անտարբեր լինել անընդհատ մեծացող խալերի հանդեպ, բայց նաեւ չարժե կուրորեն հետեւել մոդային ու ազատվել մաշկի վրա եղած ամենափոքր բծից: Մեր միակ խորհրդականն այս դեպքում պետք է լինի բժիշկը, եւ յուրաքանչյուր որոշում պետք է ընդունվի մասնագետի հետ խորհրդակցելուց հետո: