Եվրադատարանի վճիռները սկսել են ազդել Ադրբեջանի դատական համակարգի վրա

15/08/2008

– ԵԽ-ին անդամագրվելիս Ադրբեջանը ստանձնեց պարտավորություններ ազգային օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության, ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ կարգավորելու ուղղությամբ: Անցել է 8 տարի, նշվածներից հատկապես ո՞ր ոլորտներում են ամենից քիչ կատարվել ստանձնված պարտավորությունները, եւ ինչո՞վ է դա պայմանավորված:

– Մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների ապահովման ոլորտում Ադրբեջանի պարտավորությունները շարունակում են կանոնավորապես խախտվել։ Ճիշտ է, Մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի վավերացումը շատ դեպքերում հնարավորություն է տալիս դիմելու Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, սակայն, իմ կարծիքով, այդ իրավունքն առայժմ օգտագործվում է հազվադեպ՝ քաղաքացիների եւ բազմաթիվ փաստաբանների ցածր քաղաքական կուլտուրայի պատճառով։ Բացի այդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործերի քննությունը տեւում է բավական երկար։ Այդուհանդերձ, այդ մարմնի կայացրած վճիռներն արդեն սկսել են դրական ազդեցություն թողնել Ադրբեջանի դատարանների այլանդակ պրակտիկայի վրա։ Ցավոք, մենք չենք տեսնում այդ ոլորտում իրադրության բարելավմանն ուղղված քաղաքական կամք։ Թեեւ վերջին տարիներին դատավորական կորպուսը զգալիորեն համալրվել եւ թարմացվել է, չի կարելի ասել, թե բարելավվել է նաեւ որակը։ Թերեւս՝ հակառակը։ Երբ խոսում ենք մարդու իրավունքների մասին, պետք է հաշվի առնել, որ մարդիկ, որոնց իրավունքները ոտնահարվում են քաղաքական համոզմունքների պատճառով, վայելում են իրավապաշտպան կազմակերպությունների նշանակալի օժանդակությունը։ Բայցեւայնպես, նման մարդկանց քանակությունը խիստ աննշան է նրանց համեմատությամբ, որոնց իրավունքները ոտնահարվում են սեփականության վերաբաժանման, պաշտոնյաների եւ բազմաթիվ դատավորների կոռումպացվածության պատճառով։ Այդպիսի մարդիկ, հատկապես` երբ զրկված են լուրջ իրավաբանական օժանդակությունից, գործնականում անպաշտպան են մնում պետական ապարատի, իսկ երբեմն էլ՝ ուղղակի առանձին «հզոր անհատների» կամայականությունների առաջ։ Կամայականությունները սահմանափակելու համար անհրաժեշտ է ունենալ ժողովրդավարական սկզբունքներով ընտրված իշխանություններ։ Բայց, սկսած 1991 թվականից, Ադրբեջանում ընտրությունների արդյունքները կեղծվում են։ Իմ կարծիքով, միակ դեպքը, երբ ընտրությունների արդյունքները կասկածներ չեն հարուցել, եղել է 1993 թվականին. Հեյդար Ալիեւի հաղթանակը կասկածելի չէր լուրջ դիտորդների եւ փորձագետների բացարձակ մեծամասնության համար։ Բայց նույնիսկ այդ ժամանակ արդյունքները մեծապես ուռճացված էին։

– ԼՂՀ հակամարտությունն ազդո՞ւմ է Հայաստանում եւ Ադրբեջանում ժողովրդավարացման գործընթացի վրա:

– Անշուշտ, ԼՂՀ խնդրի լուծված չլինելն ազդում է երկրի ժողովրդավարացման վրա, բայց այդ ազդեցության իրական չափը շատ ավելի քիչ է, քան հայտարարում են իշխանությունները։

– Միջազգային կազմակերպությունները, մասնավորապես՝ Եվրոպայի խորհուրդը, նշում են Հայաստանում քաղաքական հիմքով մարդկանց կալանավորելու, ինչպես նաեւ՝ նրանց նկատմամբ բռնություններ եւ ճնշումների այլ մեթոդներ կիրառելու մասին: Եղե՞լ են, արդյոք, դեպքեր, երբ իրավապահ մարմինների աշխատակիցները պատասխանատվություն կրեն նման գործողությունների համար:

– Վերջին տարիներին ես չեմ լսել մարդկանց կտտանքների ենթարկելու համար իրավապահ մարմինների աշխատակիցներին քրեական պատասխանատվության ենթարկելու դեպքերի մասին։ Նույնիսկ Սարդար Ջալալօղլուի (Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության փոխնախագահ.- խմբ.) բողոքի վերաբերյալ Եվրոպական դատարանի վճռից հետո, երբ կտտանքների փաստը հաստատվեց Ստրասբուրգում, հանրապետության դատախազությունը խուսափեց քրեական գործ հարուցել մեղավորների նկատմամբ։

– Խոսքի ազատությունը ժողովրդավարական հիմնարար ազատություններից է: Ադրբեջանում կա՞ այն: Ի՞նչ խնդիրների են բախվում իշխանության վերահսկողությունից դուրս գտնվող ԶԼՄ-ներն ու լրագրողները:

– Ադրբեջանի անկախ լրագրողների հիմնական խնդիրներն են. առաջին՝ բավարար ֆինանսների բացակայությունը, երկրորդ՝ պատվի եւ արժանապատվության պաշտպանության մասին հայցը քննող դատավորների կանխակալությունը։

– Կատարյա՞լ են, արդյոք, Ադրբեջանի վրա Եվրախորհրդի ազդեցության մեխանիզմները: Արդյո՞ք այդ կազմակերպության բանաձեւերը պարզապես թղթեր չեն, որոնք երկրի իշխանությունները բանի տեղ չեն դնում:

– Իշխանությունները գտել են Եվրախորհրդի կառույցների հետ շփվելու եղանակներ, որոնք թույլ են տալիս չեզոքացնել Ադրբեջանի կողմից սեփական միջազգային-իրավական պարտավորությունները չկատարելու մասին տարբեր որոշումների նշանակությունը։ Օրինակ՝ այժմ կոռուպցիան գրավել է Ադրբեջանի պետական մարմինների եւ մեր երկրի բնակիչների կենսագործունեության բոլոր ասպարեզները։ Թեեւ, Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների համաձայն, վերջին տարիներին Ադրբեջանում այդ ոլորտում ընդունվել են բազմաթիվ օրենսդրական ակտեր (մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին օրենք, փոփոխվել եւ լրացվել է պետական ծառայության մասին օրենքը), ցավոք, դրանք ընդհանուր առմամբ կրում են դեկորատիվ բնույթ եւ ստեղծում են այդ երեւույթի դեմ պայքարի տպավորություն։ Սակայն, կարծում եմ, որ իշխանությունները չեն կարողանա ներգործել Եվրախորհրդի ամենակարեւոր օրգանի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վրա այնպես, որ ազդեն նրա որոշումների բովանդակության վրա։