Դաշնակցությունը կբացահայտի

14/08/2008

«ՀՅԴ-ն իսկապես բողոքի ակցիաների ցանկ է մշակում, բայց կարծում ենք, որ այդ ակցիաները չեն լինելու միայն Դաշնակցության երիտասարդների կամ Դաշնակցության շարքերի մասնակցությամբ: Դա կրելու է համաժողովրդական բնույթ: Ցանկացած երեւանցի էլ, կարծում եմ, կմասնակցի նման ակցիաներին, որոնք շատ հաճախ կազմակերպչական բնույթ չպետք է կրեն: Վստահ ենք, որ հազարավոր մարդիկ կմասնակցեն այդ բողոքի ակցիաներին: Բայց Գյուլի ժամանելը դեռ օդի մեջ կախված է, եւ վաղ է այդ հարցի մասին խոսելը»,- երեկ մեր թղթակցին հայտնել են ՀՅԴ Գերագույն մարմնից եւ խոստացել առաջիկայում բացահայտել, թե բողոքի ինչ ակցիաներ են կազմակերպելու, եթե Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը եւ գա Երեւան: Հիշեցնենք, որ ավելի ուշ` հուլիսի 23-ին, Կարսի նահանգ կատարած այցի ժամանակ էլ Ա.Գյուլն էր հայտարարել, թե Թուրքիան շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ եւ ցանկանում է լավ հարաբերություններ հաստատել հարեւան բոլոր երկրների հետ: «Տարածաշրջանի պետությունները պետք է աջակցեն այն ծրագրերին, որոնք խթանում են բարիդրացիական հարաբերությունները եւ նպաստում են խաղաղության հաստատմանը: Երկրները, որոնք ցանկանում են մասնակցել ծրագրերին, պետք է հարգեն այլոց տարածքային ամբողջականությունը»,- ասել էր Գյուլը: «Գյուլի երեկվա հայտարարությունը վկայում է, որ չնայած վերջին շրջանում նկատվող որոշակի ջերմացմանը` Թուրքիան մտադիր չէ վերանայել Հայաստանի հանդեպ որդեգրած քաղաքականությունը, քանի դեռ պաշտոնական Երեւանը չի նահանջում ԼՂ-ի շուրջ վեճում»,- գրել էր թուրքական «Զաման» թերթը: