Խոստովանում եմ, հեղինակի «Հայկական ժամանակ» գիրքը չեմ հասցրել ամբողջությամբ կարդալ՝ դրա համար ունենալով երկու արդարացում: Նախ՝ որ այն դեռեւս չի ավարտվել ու, ըստ առաջին տպավորության՝ հազիվ թե ավարտվի, երկրորդ՝ այնպիսի արհեստավարժի համար, ինչպիսին ես եմ, երկու տասնյակ էջերն էլ բավական են, որ պատկերացում կազմեմ գրքի եթե ոչ ողջ բովանդակության, ապա գոնե այնքան մասի մասին, որքան կարդացել եմ: Գիրքն ընթերցվում է մեկ շնչով: Այն նույն շնչով, ինչպես գրվել է: Խնդրում եմ, շունչը չհասկանալ աստվածաշնչյան իմաստով: Բայց դա չի նշանակում, թե գործ ունենք ավելի թույլ շնչի հետ: Գրված է ժամանակակից, ասել է թե՝ ոչ գրական հայերենով, իշխանությունների ճնշող մասի լեզվական ժարգոնով, որ տեղ-տեղ հիշեցնում է անցյալ դարի երեւանյան Շիլաչի թաղամասի բարբառը, ինչը գրքին առանձին հմայք է տալիս:
Հնարավոր չէ անտեսել հեղինակի շնորհը հատկապես այնպիսի մի ասպարեզում, ինչպիսին բամբասանքի կուլտուրական ավանդույթն է, այլաբանության մի տեսակ, որ ճշմարտություն լինելով՝ անապացուցելի է, իսկ անապացույց լինելով՝ համապատասխանում է իրականությանը: Այն լայն տարածում ուներ եւ իր գագաթնակետին հասավ առանձնապես երկրի անկախության առաջին տարիներին, ինչին նպաստում էին ցուրտը եւ հատկապես մութ տարիները: Բայց, անշուշտ, անլույս տարիներն ամենեւին չեն ստվերում գրքի արժանիքները, մանավանդ, եթե խոսքը վերաբերում է գրողի տաղանդին: Ստույգ տվյալներ չունենք, սակայն կան բաներ, որ ստույգ տվյալների կարիք չունեն. ասում են, իբր, հեղինակը մինչեւ, արձակին անցնելը, հրատարակել է տասից ավելի բանաստեղծական ժողովածուներ, որոնցով նույնքան հաջողության է հասել, ինչպես հիմա (չենք կասկածում) կհասնի սույն գրքով:
Քիչ տարակուսելի է պենտագրության (եթե չենք սխալվում) վերնագիրը՝ «Հայկական ժամանակ»: Դժվար, եթե չասենք՝ անհնար է կռահել, թե ո՞ր հայկական եւ ո՞ր ժամանակին է վերաբերում խոսքը, հատկապես առանձին դժվարություն է ներկայացնում ժամանակ հասկացությունն այնպիսի մի ժողովրդի դեպքում, որ յոթից տասներկու հազար տարիների գրավոր պատմություն ունի (խոստանում եմ այս հարցում խորհրդակցել ակադեմիկոս Հերունու, իսկ եթե չհաջողվի՝ Ալ. Վարպետյանի հետ): Սակայն, կարելի է ենթադրել, որ գործ ունենք ժամանակի ընկալման եթե ոչ ունիվերսալ ձեւի, ապա առնվազն ինչ-որ դեռեւս անհայտ ազգային բովանդակության հետ:
Ինչեւէ. այս փոքրիկ թերությունը չի թուլացնի ընթերցողական հետաքրքրությունը, մանավանդ հեղինակից գրեթե ջանք չի պահանջվել հաղթահարելու այնպիսի հզոր մի անջրպետ, ինչպիսին է բանաստեղծությունից արձակին սահուն անցնելու ճանապարհը. սույնով հեղինակն ապացուցել է անապացուցելին՝ պոեզիայի եւ արձակի նույնականությունը: Կարծում ենք, նա նույն կերպ կվարվի, երբ անցնի դրամատուրգիային, կինոսցենարին կամ մարտաֆիլմին, ինչի կարիքը հատկապես զգացվում է անկախությունից հետո եւ անկախության պատճառով. եթե հաց չկա, գոնե պետք է բավարարել ժողովրդի տեսարան տեսնելու անհագուրդ ցանկությունը: Արժանիքների թվում պետք է ավելացնել նաեւ, որ առանձնապես սրտառուչ են բանակային կյանքին վերաբերող դրվագները ու առանց այն էլ փոքր հայրենիքի փոքր թաղամասի նկատմամբ ունեցած անկաշառ սերը, հատկապես այն պատճառով, որ երկրում անկաշառ բան չի մնացել: Սա, անշուշտ, վերացող զգացում է, սակայն ո՞վ է ասում, թե վերացող բաները գոնե չպետք է ավանդել գրին: Չմոռանամ ամենակարեւորը՝ իր կոմպոզիցիայով գիրքը հիշեցնում է, եթե չեմ սխալվում, հռչակավոր «Հազար ու մի գիշերները». ոչ այն է՝ արաբական, ոչ այն է՝ պարսկական, ուստի՝ հայկական ծագում ունեցող պարականոն պատմությունների գիրքը: Այն ոչ վերջ ունի, ոչ սկիզբ: Այս հատկանիշով հեղինակն ուղղակիորեն կապվում է ակունքներին, եթե վերհիշելու լինենք վերեւում հիշատակված պարագան, մանավանդ անկախության առաջին տարիների անլույս գիշերները: Ուրիշ ի՞նչ կերպ էր հնարավոր հաղթահարել անլույս ու անքուն գիշերները, եթե ոչ Շահրեզադեի անվերջանալի պատմություններով, երբ լուսաբացին եթե ոչ գլխատում, ապա ցուրտն էր սպառնում: Սրանով նա մատուցում է եւս մի անգնահատելի ծառայություն, որ այնքան էլ հեշտ չէ անել հարուստ ավանդույթներ ունեցող ժողովրդի գրականության մեջ՝ վերածնում է ռեալիզմը: Այս բառը չպետք է հասկանալ միջնադարյան սխոլաստիկական-փիլիսոփայական նշանակությամբ, համաձայն որի՝ կան միայն ունիվերսալ հասկացություններ (այսինքն՝ գոյություն ունի ոչ թե իրը, այլ իրի գաղափարը), այլ ըմբռնել որպես ժամանակակից հասկացություն, ըստ որի՝ կան միայն իրեր (ընդ որում՝ թանկարժեք), եւ չկան գաղափարներ: Այդ իմաստով հեղինակն իսկապես հետեւողական նոմինալիստ է եւ հավերժության, հատկապես գաղափարների կարիք չի զգում: Զգում եմ, որ փչացնում եմ գրախոսությանս հմայքն ու պարզությունը՝ այնպիսի անհաճո բառերի գործածումով, ինչպիսին նոմինալիզմն ու ռեալիզմն է, բայց այս հարցում նույնպես մեղավորը հեղինակն է, որովհետեւ ավելի պարզ գրել, քան նա, գրականության մեջ իր նախադեպը չունի, եթե մի պահ անտեսենք այդ ուղղությամբ կատարած Թումանյանի մի քանի անհաջող եւ Խնկո-Ապոր նույնքան հաջողված փորձերը, եւ մանավանդ, որ այդ հարցում դասականները շատ ավելի տեսաբան են, քան պրակտիկ, ու նրանց գործերում հազիվ թե մեզ հաջողվի գտնել մի գործ, որ կաշառի այնպիսի թափանցիկությամբ ու աներկիմաստությամբ, ինչպիսին է գրախոսվող սագան (նկատի ունեմ Ավագը եւ ոչ թե Կրտսերը): Քանի որ անկեղծացա, նաեւ ավելացնեմ, որ պարզ գրականության այդպիսի հմուտ խարակիրիի դեռեւս չեմ առնչվել: Այնպես որ, սույն գրքով հիմք է դրվում պատմության նոր թվագրության, եթե ոչ մեզ մոտ, ապա աշխարհում, քանզի ակնհայտ է, որ այդպիսի գրականությունը սովորաբար անցյալ չի ունենում, եւ որքան էլ տարօրինակ է, ոչ էլ՝ ապագա, քանի որ գործ ունի միայն հավերժության հետ:
Գիրքը (գրքերը) պետք է հրատարակել այնպես, ինչպես գրվել է՝ առանց գրաքննության ու մանրախնդիր կրճատումների: Վաճառքի մասին թող մտահոգվեն հրատարակիչները: Չնայած, իմ խորին համոզմամբ, այդ հարցում մարքեթինգի կարիք ամենեւին չկա. այն կվաճառվի այնպես, ինչպես «Առավոտ» օրաթերթը, որ բախտ է ունեցել մինչեւ գրքի առանձին հրատարակվելը իր շաբաթօրյա համարներում հրապարակել այն: Նաեւ չեմ կասկածում, որ «Հայկական ժամանակը» (չշփոթել համանուն թերթի հետ), կարճ ժամանակում սպառնում է դառնալ բեստսելլեր, կամ վատագույն դեպքում՝ տարվա գիրք, որ քիչ նվաճում չէ, եթե նկատի ունենանք, որ մինչ այդ այն եղել է ընդամենը շաբաթվա խոսակցության նյութ, եւ այդպես՝ տարեկան հիսուներկու անգամ: Ավարտելով գրախոսությունս, հաճույքով կուզենայի նշել գրքի ներելի մի թերության մասին եւս. հեղինակը, տուրք տալով մեր ժամանակների՝ գրականություն չսիրող հասարակության պահանջին, այն ուղղել է քիչ, բայց բարձրաճաշակ գրասերներին, ուստի չեմ կասկածում, որ դուր կգա շատերին: