… Տգիտությունը փաստարկ չէ

14/08/2008 Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

Հոդվածիս վերնագիրը դրել եմ Վ. Ի. Լենինի օգնությամբ, ում դեռեւս մեջբերում են կոմունիստները եւ ումից ջանում են խուսափել ոչկոմունիստները. երբեք չեմ եղել կոմունիստ, ոչկոմունիստ՝ նույնպես, եւ իմ ազատությունը թույլատրում է հավասարապես օգտվել թե՛ Նիցշեի, թե՛ Լենինի «խոհանոցից»: Սա լավագույն միջին չէ. սա նավը ափ հանելու տարրական գրագիտություն է: Ինչ չգիտես, կարելի է սովորել նրանից, ով դա ավելի լավ գիտի, եւ ամեն մեկից սովորել այն, ինչ նա ավելի լավ է հասկանում, եւ մերժել այն, որտեղ մոլորվում է նա: Պատմությունը բաց գրքի պես մեր առջեւ է. ուղղակի պետք է ճիշտ ընթերցել, ընթերցել հանուն նպատակի եւ ոչ հեղինակության։

Երբ Վլադիմիր Իլյիչը հեղափոխություն էր անում, հստակ գիտեր՝ ինչն է մերժում եւ ինչ հասարակություն է ուզում կառուցել, ուներ մինիմում եւ մաքսիմում ծրագրեր, պարզ շարադրված, գիտեր ուղիները, սակայն սխալվում էր մեթոդների հարցում: Այսինքն՝ սոցիալապես հավասար հասարակարգ ստեղծելու համար՝ գիտեր, որ անհրաժեշտ է զանգվածային գրագիտություն հաստատել, ընդգրկելով հասարակության բոլոր տարիքներն ու խավերը, բացել տարրական, միջնակարգ, կիրակնօրյա, բանվորական եւ այլ դպրոցներ, գիտեր, որ գաղափարախոսությունը հասարակությանը հասցնելու համար պետք էր սկսել համամիութենական թերթից, եւ գիտեր, որ հասարակության վրա ազդելու ամենակարեւոր միջոցը կինոն է, որը նոր-նոր էր ծլարձակում, գիտեր նաեւ, որ այն, ինչ ծրագրված էր, պետք էր սկսել միաժամանակ՝ տնտեսությունը, մշակույթը, քաղաքականությունը եւ այլն (եւ ոչ թե հերթի դնել, ինչպես հիմա է արվում), իսկ մեթոդը, որով պետք է իրագործվեր այս ամենը, բռնությունն էր, եւ սա էր, որից չկարողացան խուսափել կոմունիստները, եւ որն էլ կործանեց Խորհրդային Միությունը: Սա էր այն արմատական սխալը, որը ստվերի պես ուղեկցում է ոչ միայն նրանց հետեւորդներին, այլեւ նրանց, ովքեր մերժում են հասարակության զարգացման «լենինյան ուղին»։

Բռնությունն իր հետ ձեւավորեց անձի պաշտամունք: Շարքերը զտելու գործընթացն ի դերեւ էր հանում «ուժեղներին», որոնցից վախենում էին, իսկ վախը թելադրում էր պաշտպանություն, իսկ թելադրված պաշտպանությունը հանգեցնում էր կույր պաշտամունքի: Սկզբնապես առերեւույթ դրսեւորված պաշտամունքն ապացույցների կարիք ուներ, եւ այն աստիճանաբար վերածվում էր որոշակի գործողությունների, իսկ ինչը կարող է ստրկամտության ավելի վառ ապացույց լինել, քան մատնիչությունը, իսկ մատնիչությունից անմիջապես բխում է դահճությունը, որը ժողովրդի միջից «զտած» «ժողովրդի թշնամիներին» կախաղան էր բարձրացնում։ Ահա եւ լենինյան ողջ ծրագրերից ու գաղափարախոսությունից մնաց սոսկ զտման գործընթացը, քանի որ գաղափարախոսությունն, ի վերջո, ստորադասվեց այդ գաղափարախոսությունը հաստատելու մեթոդին: Գաղափարախոսությանը տիրանալու շտապողականությունը հանգեցրեց գաղափարախոսության խեղաթյուրմանը, քանի որ մի հասարակարգից մյուսին անցնելու ընտրված ճանապարհը ոչ թե աստիճանական բարեփոխումներով անցումն էր, երբ հաշվի են առնվում հասարակության բոլոր խավերի ու շերտերի հնարավորություններն ու շահերը, երբ հաշվի են նստում ժամանակի հետ, այլ այն իրագործվում էր այդ հասարակությունը գլխատելու ճանապարհով։

Սա այն բռնությունն էր նաեւ, որ թույլ չտվեց իրագործել գորբաչովյան պերեստրոյկան: Բարեփոխումների փաթեթով սկսված պերեստրոյկան կրկին բախվեց անձի պաշտամունքի եւ այդ պաշտամունքը միմյանցից առգրավելու խնդրի հետ, եւ գորբաչովյան մանուկը բարուրով դուրս շպրտվեց օրորոցից (հիշենք տնտեսության ազատականացման նրա ծրագրերը, որ արդեն գործի էին դրվել կոոպերատիվների, անհատ ձեռներեցների, տնայնագործների աշխատանքը խթանելու միջոցով, մտավոր-մշակութային մտածողության ազատ դրսեւորումները եւ այլն)։

Նոր ստեղծվող երազանքների երկիրն առանձնապես ծրագրեր չուներ, այլ ընդամենը հինը քանդելու նպատակ էր հետապնդում, եւ կոմունիստներն ուղղակի փորձում էին դառնալ ոչկոմունիստ: Երկրի շահը մասնատվեց կուսակցությունների, խմբերի ու առանձին անհատների շահերի: Գաղափարախոսական բանավեճ այդպես էլ չկայացավ: Այն չկար եւ կոմունիստների ժամանակ, չկար ոչ մի ոլորտում: Ամեն ինչ իսկույն անձնավորվում էր եւ անձնավորվում է մինչ այժմ: Այդ պատճառով էլ բանավեճն իբր սկսվում է գաղափարախոսությունից եւ ավարտվում անձնական մոտիվացիայով: Կարեւորը ոչ թե ինչն է, այլ ով, ոչ թե ինչ է ասվում, այլ ով է ասում. ըստ անձի, ինչը կարող է փոխել դերակատարությունը, որակվել դրական կամ բացասական, եւ ինչպես լենինյան հեղափոխության ժամանակ ու խորհրդային տարիներին, այնպես էլ հիմա, տեղի է ունենում շարքերի շարունակական զտում. «ով մեզ հետ չէ՝ մեր թշնամին է»։ Ցավոք, այս կարգախոսով են առաջնորդվում թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը։ Այս մտայնությունը կործանարար է երկուսի համար էլ, քանի որ նրանց ետեւում ժողովուրդն է, իսկ ժողովրդին պետք է համոզել ու կրթել եւ ոչ բռնանալ նրա կամքին։

Այս պահին կարեւոր շրջադարձ է տեղի ունենում ընդդիմության մարտավարության մեջ: Իշխանափոխության խնդրի ետին պլան մղվելով, ընդդիմությունը նոր որակ է ձեռք բերում, այն, ինչ չկայացավ նախորդ փուլերում, երբ ընդդիմությունը չկարողացավ տիրել իր օրինական իշխանությանը։ Այն ժամանակ ընդդիմությունը նահանջեց, չպատկերացնելով իր իրական դերը քաղաքական դաշտում, այնինչ՝ ընդդիմության դերը ոչ միայն եւ ոչ այնքան իշխանափոխությունն է, որքան ստիպել իշխանությանը՝ հաշվի նստել ժողովրդի պահանջների հետ, լինել շարունակական ակտիվ վիճակում, հատկապես այն պարագայում, երբ ո՛չ պառլամենտն է ժողովրդական կամարտահայտություն, եւ ո՛չ էլ արդարադատությունը՝ օրինական։ Իսկ իշխանությունը նման պարագայում կարող է պահպանել իրեն՝ միայն դառնալով ժողովրդի կամակատարը, այսինքն՝ երկուստեք՝ թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը պետք է ենթարկվեն ժողովրդի կամքին ու պահանջին, եւ միայն այդ դեպքում կարող է իսկապես քաղաքական երկխոսություն լինել, որը կհանգեցնի փոխըմբռնման եւ ոչ թե բռնությունների, իսկ փոխըմբռնման արդյունքում կկարեւորվեն ոչ թե անձերը, այլ այն գաղափարները, որոնցով պետք է կայանա մեր նոր հանրապետությունը։