Երեկ «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, ով գտնվում է Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում, հանդես է եկել հայտարարությամբ: Դրանում մասնավորապես ասվում է: «Հուլիս ամսվա երկրորդ կեսից, երբ երրորդ անգամ «անկախ» հանձնաժողովը մերժեց ինձ վաղաժամկետ ազատելու Դատապարտյալների հիվանդանոց ՔԿ հիմնարկի միջնորդությունը` հանձնաժողովի որոշումը դատական կարգով վիճարկելու նախաձեռնությամբ հանդես եկա, որին հետեւեց օգոստոսի 2-ին Քրեակատարողական հիմնարկների վարչության հատուկ ջոկատային դիմակավորված ներկայացուցիչների խուզարկությամբ իմ հիվանդասենյակում հայտնաբերած օրենքով չարգելվող առաջին անհրաժեշտության օգտագործման պարագաների համար ինձ նկատողության հայտարարումը, որը եւս բողոքարկել եմ դատարանում: Քրեակատարողական հիմնարկների վարչությանն ամենեւին դուր չեկավ ոտնահարված իրավունքներս պաշտպանելու իմ հետեւողական գործողությունները, եւ վարչության աշխատակիցներն իշխանությունների պատվերով որոշեցին ինձ լռեցնել: Արդեն մի քանի շաբաթ է, իսկ ավելի հետեւողական` իմ հիվանդասենյակում խուզարկությունից ի վեր, հետապնդման եմ ենթարկվում: Ավելին, ինձ հասած ստույգ տեղեկությունները մի քանի աղբյուրներից հայտնում են, որ անազատության մեջ իմ անվտանգությունը սպառնալիքի տակ է: Այս լուրը հաստատվեց նաեւ այն որոշմամբ, որ չնայած իմ առողջական տեւական եւ անընդհատ խնդիրներին, չնայած ընթացիկ ամսվա 27-ին Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում նշանակված` ինձ վաղաժամկետ պայմանական ազատելու հարցով դատական նիստին, չնայած օրենքով սահմանված կարգի համաձայն ես իմ կալանքը պետք է կրեմ կիսաբաց ռեժիմ նախատեսող քրեակատարողական հիմնարկում (իսկ Նուբարաշեն ՔԿՀ-ն փակ տիպի կալանավայր է), Քրեակատարողական հիմնարկների վարչությունն առանց իմ առողջության վերաբերյալ վերջնական հիմնավոր եզրակացության, որոշեց անհապաղ տեղափոխել ինձ Նուբարաշեն ՔԿ հիմնարկ: Այսու հայտնում եմ, որ ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ հիմնավոր կասկածներ ունեմ, որ իշխանական ամենավերին ատյաններից ստացված հրահանգի արդյունքում ինձ Նուբարաշեն ՔԿ հիմնարկ տեղափոխելու որոշումը փակ բանտային խցի պայմաններում ֆիզիկապես վերացնելու եւ կամ վնասելու խնդիր է հետապնդում, ինչի առթիվ Նուբարաշեն ՔԿՀ տեղափոխելու որոշման դեմ որպես անհամաձայնության նշան՝ այսօրվանից հայտարարում եմ անժամկետ հացադուլ: Կոչ եմ անում, որպեսզի ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակը, ԵԽ ԽՎ հայաստանյան ներկայացուցչությունը, Մարդու իրավունքների պաշտպանը, օտարերկրյա դեսպանատները, մեր երկրի հասարակական, քաղաքական կուսակցությունները եւ լրատվամիջոցները հետամուտ լինեն` Հայաստանում իրենց հայացքների համար անազատության մեջ հայտնված անձանց նկատմամբ Քրեակատարողական հիմնարկների վարչության կողմից հետապնդումներից պաշտպանելու գործում: Առայժմ ձեռնպահ եմ մնում նշելու այն պաշտոնյաների անունները, որոնք ուղղակի հրահանգ են ստացել եւ որոնք պատրաստակամությամբ ստանձնել են ինձ ֆիզիկապես վերացնելու եւ կամ վնասելու վերաբերյալ»: