Մի պաշտպանը մեկնաբանում է

20/07/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հուլիսի 4-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմել էր ՀՀ Մարդու իրավունքների (ՄԻ) պաշտպան Արմեն Հարությունյանին եւ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին` կոչ անելով իրավական գնահատական տալ` Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Անդրանիկ Միրզոյանի Վայոց Ձորի մարզի դատախազին ուղղված հանձնարարականին, որը ՀՀ առաջին նախագահը հրապարակել էր հուլիսի 1-ին հրավիրված ասուլիսում:

Իսկ երեկ հրավիրված ասուլիսում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանը հայտարարեց, որ Ա. Միրզոյանի այդ հանձնարարականը օրինական չէ: Ըստ նրա, «քննչական հանձնարարությունը» չի կարող տրվել դատախազին, ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում նման խնդրանքով դատախազին դիմելու հնարավորություն: Հակառակը` մեր երկրում դատախազն է վերահսկում քննիչների աշխատանքը: «Նրա հասցեատերը պետք է լինի բացառապես նախաքննության եւ/կամ հետաքննության մարմինը: Եվ չնայած գրության երկրորդ պարբերությունում օգտագործվում է «խնդրում եմ» արտահայտությունը, սակայն այն որեւէ կերպ չի կարող դիտարկվել խնդրանք դատախազին, ինչի մասին ակնհայտ վկայում են գրության վերնագիրն ու վերջին նախադասությունը»,- պարզաբանեց Ա. Հարությունյանը:

Հիշեցնենք, որ այդ գրությամբ Ա. Միրզոյանը Վայոց Ձորի մարզի դատախազին հանձնարարել էր կրկնակի հարցաքննության ենթարկել Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի բոլոր պետերին, պարզել նրանց հեռախոսների համարները, ունեցած գույքը, հարցաքննել նրանց հարեւաններին եւ մտերիմներին, ինչպես նաեւ՝ այն մեքենաների վարորդներին, որոնք ժողովրդին տեղափոխել են ընդդիմության հանրահավաքներին, պարզել, թե մարդիկ ինչ էին խոսում դրանց ընթացքում: Իսկ ՄԻ պաշտպանին այլ հարցերի թվում հետաքրքրում է` արդյոք Հատուկ քննչական ծառայության պետը նմանատիպ հանձնարարական տվե՞լ է նաեւ այլ մարզերի դատախազներին: Երեկ մեզ հետ հեռախոսազրույցում ՀՔԾ պետի մամուլի քարտուղար Վահե Կոստանյանը չհերքեց, որ նույն բովանդակությամբ հանձնարարականներ տրվել են նաեւ այլ դատախազների: «ՀՔԾ-ում գտնվող այդ գործի նախաքննության ընթացքում տարբեր մարզերի դատախազներին տրվել է տարաբնույթ հանձնարարական»,- ասաց Վ. Կոստանյանը` չկոնկրետացնելով, սակայն, թե նույն բովանդակությամբ հանձնարարական հատկապես ո՞ր մարզի կամ քանի՞ մարզերի դատախազների է տրվել: Իսկ Ա.Հարությունյանը երեկ հայտարարեց նաեւ, որ ՀՔԾ պետի հանձնարարականի արդյունքում ոստիկաններին տրված «ցուցումները», ապացույցները, հարուցված եւ դատարան ուղարկված գործերը եւ ընդհանրապես ողջ գործողությունն օրինական լինել չեն կարող: «Առնվազն տարակուսանք են առաջացնում Միրզոյանի հանձնարարականում տրված այն հարցերը, թե հանրահավաքի մասնակիցները գիտակցո՞ւմ էին միջոցառումն այլ պետություններին ձեռնտու լինելու մասինգ Իսկ Տեր-Պետրոսյանի շտաբների պետերի հեռախոսների մուտքային եւ ելքային զանգերը վերծանելու իրավունք ստանալու համար Միրզոյանը չպետք է հանձնարարություն տար դատախազին: Այդպիսի միջնորդությամբ հանդես գալը չի կարող դիտվել քննչական գործողության կատարում, չի կարող հանձնարարվել որեւէ մեկին: Ավելին, դատարանն իրավասու է պահանջել լրացուցիչ նյութեր, որոնք չեն կարող տրամադրվել հանձնարարվողի կողմից,- ասաց Ա. Հարությունյանն` ավելացնելով,- Այս ամենը վկայում է, որ գործ ունենք ոչ թե «քննչական հանձնարարության», այլ ամբողջական քննություն անցկացնելու հանձնարարականի հետ, որտեղ հանձնարարվում է իրականացնել քննչական, դատավարական գործողություններ, միջնորդությամբ հանդես գալ դատարանում` քննչական գործողություն իրականացնելու թույլտվություն ստանալու նպատակով, ինչպես նաեւ կազմակերպել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ»: Այդպիսով, ըստ Ա. Հարությունյանի, Ա. Միրզոյանը Վայոց Ձորի դատախազին դրդել է խախտել Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածներ: «Մեր օրենսդրությանը դելեգացված քննություն հայտնի չէ, որը շեղվում է սահմանված դատավարական ձեւերից»,- նշեց ՄԻ պաշտպանը` տեղեկացնելով, որ իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու համար ՄԻ պաշտպանի գրասենյակը նամակով դիմելու է Ա. Միրզոյանին եւ Վայոց Ձորի դատախազին:

Ա. Հարությունյանը երեկ անդրադարձավ նաեւ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ կալանքի ժամկետը երկարացնելու խնդիրներին: Նա պարզել է, որ մարտի 1-ի հետ կապված գործերի մեծ մասում դատարանները հիմնականում բավարարել են կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունները եւ դա արել են, որպես կանոն հիմք ընդունելով միջնորդությունը ներկայացնող նախաքննության մարմնի փաստարկները, հազվադեպ են ուշադրություն դարձրել պաշտպանների փաստարկներին, ինչը, ըստ օմբուդսմենի, եվրոպական չափանիշների խախտում է: Նրա խոսքերով՝ դատարան ներկայացված միջնորդություններում չի եղել տվյալ մեղադրյալի հետ կապված դեպքերի կոնկրետ նկարագրություն, եղել է ընդհանուր վիճակի նկարագրություն, ինչը գրեթե բոլոր միջնորդություններում ունեցել է նույն բովանդակությունը: Այս համատեքստում Ա. Հարությունյանը կասկածում է նաեւ Ալեքսանդր Արզումանյանի, Գագիկ Ջհանգիրյանի, ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի եւ Սասուն Միքայելյանի կալանքը մի քանի անգամ երկարացնելու որոշումների հիմնավորվածությանը, այն դեպքում, երբ նրանց նկատմամբ, ըստ էության, քննչական գործողություններ չեն իրականացվում:

Ա. Հարությունյանը մի քանի օր առաջ դիմել էր ԱԱԾ պետին՝ իր եւ իր ընտանիքի անվտանգությունն ապահովող ուղեկցող մեքենա եւ ծառայողներ տրամադրելու խնդրանքով: ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանն արձագանքել էր նրա նամակին` ՄԻ պաշտպանից պահանջելով ներկայացնել անվտանգությանը սպառնացող լրացուցիչ հիմնավորումներ: «Ես փաստերի հիման վրա չեմ դիմել, որ ներկայացնեմ: Եթե ԱԱԾ-ն համարում է, որ ՄԻ պաշտպանը պաշտպանված է, մենք խնդիր չունենք, իսկ եթե համարում է, որ մենք պետք է իրեն փաստեր տանք, այստեղ էլ անելիք չունենք: Օրենքում հստակ նշվում է, որ պաշտպանի դիմումի հիման վրա պետությունը եւ համապատասխան մարմինները պարտավոր են միջոցներ ձեռնարկել»,- անդրադառնալով ԱԱԾ պետի արձագանքին՝ հայտարարեց Ա. Հարությունյանը: Վերջինս, ի դեպ, համաձայնվել է մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հետ համագործակցելու առաջարկին: Հանձնաժողովն էլ, իր հերթին, ընդունել է օմբուդսմենի առաջարկը` ուսումնասիրությունը սկսել մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած դեպքերից: Սակայն, ինչպես երեկ հայտարարեց Ա. Հարությունյանը, քանի որ չի կարող ամեն շաբաթ 3-4 ժամ անցկացնել հանձնաժողովում, դրա աշխատանքներին մասնակցելու համար կուղարկի իր ներկայացուցչին` Արման Խաչատրյանին, իսկ հարկ եղած դեպքում` անձամբ կմասնակցի: Իսկ առանց ընդդիմության՝ պաշտպանն իրեն միայնակ չի՞ զգա հանձնաժողովում: Այս հարցին ի պատասխան՝ Ա. Հարությունյանն ասաց. «Ինձ շատ լավ եմ զգում եւ իմ գործողություններով` բացարձակապես հույսս չէի դրել նրա վրա, թե ընդդիմությունը կմասնակցի՞, թե՞ ոչ: Բացի այդ, ես չեմ պատրաստվում գնահատական տալ ոչ ընդդիմությանը, ոչ էլ իշխանությանը: Պարզապես ես համոզմունք ունեմ, որ եթե այդ հանձնաժողովում ամբողջ քաղաքական սեկտորը ներկայացված լիներ, բոլորս ավելի կշահեինք»: Նա ավելացրեց, որ դեռ շատ հարցեր պետք է պարզվեն` կապված մարտի 1-ի հետ: «Ինձ համար, օրինակ, պարզ չէ, թե ինչո՞ւ մարտի 1-ին խոչընդոտեցին լրագրողների գործունեությունը: Թող նկարեին, մենք էլ կտեսնեինք` ինչ է կատարվել: Եթե ամեն ինչ նորմալ էր, ինչո՞ւ էին տեսաժապավենները վերցնում լրագրողներից»,- հայտարարեց ՄԻ պաշտպանն ու ավելացրեց, թե հանձնաժողովի հետ համագործակցելու իմաստը չտեսնելու դեպքում կդադարեցնի մասնակցությունը:

Նա անդրադարձավ նաեւ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի կողմից նախկին նախագահ Ռ. Քոչարյանի` իրեն պաշտոնից ազատելու եւ կոչումից զրկելու հրամանները վիճարկելու փաստին: Ա. Հարությունյանը չի «խորացել» այդ գործի մեջ, սակայն, նաեւ չի կարծում, որ Ջհանգիրյանի դասային աստիճանը կարելի էր այդ ձեւով վերցնել: Լրագրողները ՄԻ պաշտպանին խնդրեցին մեկնաբանել նաեւ նախօրեին Հյուսիսային պողոտայում Վահրամ Սահակյանի հարբած, զենքով հայտնվելու եւ նստացույցի մասնակիցներին սպառնալու փաստը, նաեւ այն, որ Կենտրոնի ոստիկանությունը հրաժարվել է այդ դեպքի առիթով քրեական գործ հարուցել` պատճառաբանելով, թե պետք է տուժողները ներկայանան: «Եթե տուժողը պետք է չգնա եւ չներկայանա, համապատասխան մարմնից արդյունավետ գործունեություն պահանջել չի կարելի, բայց համապատասխան մարմինն էլ հույսը չպետք է դնի տուժողի ներկայանալու վրա ու ոչինչ չանի»,- ասաց պաշտպանը: Ի դեպ, լրագրողներն Ա. Հարությունյանից հետաքրքրվեցին նաեւ` արդյոք նա մասնակցե՞լ է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդու` նախորդ շաբաթ կայացած հարսանյաց արարողությանը: ՄԻ պաշտպանն ասաց, որ հրավեր ստացել է, սակայն չի մասնակցել: