Մոտ ապագայում «Ժառանգության» կեցվածքը չի փոխվելու

20/07/2008 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համագումարին ներկա էին ոչ միայն ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարները, այլեւ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը, ՀՌԱԿ-ին միացած «Ազգային Վերածնունդ» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը եւ այլք: Համագումարին ներկա էր նաեւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ավելի ուշ` 35 րոպե ուշացումով, դահլիճ մտավ նաեւ Համաժողովրդական շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը` Դավիթ Շահնազարյանի եւ Լեւոն Զուրաբյանի հետ: Լ. Տեր-Պետրոսյանի մտնելուն պես «Ժառանգության» պատվիրակները հոտնկայս ծափահարություններով, ընդհատելով Ժիրայր Սէֆիլյանի ելույթը, բացականչում էին` «Լեւոն, Լեւոն»: Նա նախ մոտեցավ «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին, այնուհետեւ բարեւեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանին եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, հետո զբաղեցրեց իր տեղը:

Մինչեւ Լ. Տեր-Պետրոսյանի գալը, համագումարում որեւէ արտառոց բան տեղի չունեցավ: Արտառոց չէր նույնիսկ Տ. Սարգսյանի ելույթը, որտեղ վերջինս «Ժառանգությանն» առաջարկում էր համագործակցել իշխանությունների հետ: Լ. Տեր-Պետրոսյանը դահլիճում չէր նաեւ այն ժամանակ, երբ Տ. Սարգսյանը հայտարարեց, որ ինքը եկել է «Ժառանգության» համագումարին ոչ թե կամուրջներն այրելու համար, այլ` «կամուրջներ կապելու»: Սակայն մինչ «Ժառանգության» հետ «կամուրջներ կապելը» Լ. Տեր-Պետրոսյանն իր ելույթում Տիգրան Սարգսյանին հորդորեց մաքրել կառավարության «ավգյան ախոռները»: Մինչ Լ. Տեր-Պետրոսյանի ելույթին անդրադառնալը, մեջբերենք Տ. Սարգսյանի ելույթից մի հատված. «Ես չեմ եկել` նշելու, որ կան հարցեր, որոնց շուրջ մենք ունենք տարբեր տեսակետներ: Ես այստեղ եկել եմ կամուրջներ կապելու: Կամուրջներ այրելը հեշտ է, կապելն է դժվար: Ես այստեղ եկել եմ ասելու` մեզ պետք է ուժեղ ընդդիմություն, եւ դա քաղաքավարական ժեստ չէ: Ուժեղ կառուցողական ընդդիմություն նշանակում է՝ ուժեղ հասարակություն, ուժեղ պետություն: Մենք չենք վախենում քննադատությունից եւ համարձակ առաջարկություններից, մենք ունենք դրանց կարիքը: Ես այստեղ եկել եմ կրկնելու` մենք ունենք մեկ ընդհանուր նպատակ. տեսնել ՀՀ-ն՝ որպես ժողովրդավարական, իրավական, զարգացած պետություն: Այդ նպատակին հասնելու համատեղ մասնակցության համար մենք ունենք բավարար ընդհանուր եզրեր: Ներկա քաղաքական իրավիճակում առաջարկում եմ շեշտերը դնել ոչ թե մեզ բաժանող, այլ` միավորող կետերի վրա: Թույլ չտանք, որ մեր նպատակները փոշիանան պայքարի աղմուկների մեջ, թույլ չտանք, որ դրանք դառնան քաղաքական շահարկման մանրադրամ: Հուսով եմ, որ իմ այս զրույցը ճիշտ կընկալվի: Համագործակցության դռները միշտ բաց են ձեր առջեւ»,- հայտարարեց Տ. Սարգսյանը, ըստ որի, այսօր ոչ թե նոր «ջրբաժաններ քաշելու» ժամանակն է, այլ` միասնության: Իսկ Լ. Տեր-Պետրոսյանն իր ելույթում նախ անդրադարձավ Համաժողովրդական շարժմանը ցուցաբերած «Ժառանգության» «մեծ նպաստին»` ասելով, թե առանց «Ժառանգության»՝ ընտրությունների ժամանակ իրենց արդյունքներն ավելի համեստ կարող էին լինել: «Ուզում եմ գնահատել նաեւ «Ժառանգության» մեծ գործը խորհրդարանում եւ որոշ չափով կարեկցել նրան, որ ստիպված է աշխատել այնպիսի խորհրդարանում, որը ոչ մի կապ չունի մեր ժողովրդի կամքի արտահայտության հետ, կազմված է մեծամասամբ կրիմինալ տարրերից, ինչպես մեր երկրի բոլոր ինստիտուտները: Այդ թվում՝ կարեկցելով նաեւ նորանշանակ վարչապետին»,- հայտարարեց նա եւ դիմելով Տ. Սարգսյանին՝ շարունակեց. «Շատ ծանր ժառանգություն ես ստացել, եւ առաջին հերթին ձեր պարտքն է՝ նախեւառաջ մաքրել կառավարության ավգյան ախոռները»: Դահլիճի ծափահարություններին եւ «բրավո» բացականչություններին արձագանքելով, Լ. Տեր-Պետրոսյանն ասաց. «Ես սա ասում եմ ամենայն անկեղծությամբ, ես վստահ եմ, որ վարչապետը` լինելով պրոֆեսիոնալ, լուրջ տնտեսագետ՝ հասկանում է այս երկու խնդիրները»: Եվ կրկին դիմելով Տ. Սարգսյանին, հայտարարեց. «Պրովոկացիա չեմ անում, Տիգրան: Ես ասում եմ այն, ինչ իրականությունն է, եւ ես պատկերացնում եմ: Դուք շատ անելիքներ ունեք նախեւառաջ ձեր կառավարած ինստիտուտի ներսում»: Վերադառնալով «Ժառանգությանը», Լ. Տեր-Պետրոսյանն ասաց, որ չնայած ստեղծված մթնոլորտին, այդ կուսակցության անդամները կարողանում են արտահայտել ժողովրդի կամքը: «Եթե ինձ թույլ տրվի, ես «Ժառանգությունը» կհամարեի Համաժողովրդական շարժման խոսափողը խորհրդարանում: Եվ այս առումով նրա դերը չափազանց մեծ է»,- հայտարարեց Համաժողովրդական շարժման առաջնորդը` ողջունելով նաեւ ԵԽ ԽՎ-ում իր անդամությունը կախակայելու Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը: Խոսելով Համաժողովրդավարական շարժման ձեւաչափի փոփոխության անհրաժեշտության մասին, Լ. Տեր-Պետրոսյանն ասաց, որ ընտրություններն ավարտվել են, եւ իրենք մտածել են մնայուն, լուրջ քաղաքական գործոն ստեղծելու մասին, որը ժամանակավոր բնույթ չի կրելու եւ չի հետապնդելու իրավիճակային նպատակներ: «Այն լինելու է մի գործոն, որն, անկախ իշխանափոխությունից, քաղաքական զարգացումներից՝ լինելու է այն ինստիտուտը, որը միավորելու է մեր ողջ գիտակից քաղաքացիական հասարակությունը»,- հայտարարեց Լ. Տեր-Պետրոսյանը: «Կա մի պարզ ճշմարտություն. Հայաստանում այնպիսի քաղաքական վիճակ է, որ ոչ մի կուսակցություն առանձին վերցրած չի կարող հաղթահարել այն չարիքը, որն այսօր ՀՀ-ում գոյություն ունի: Իսկ դա չարիք է: 10 տարի մենք ապրել ենք այդ չարիքի լծի տակ, եւ մեզ սպառնում է եւս 10 տարի ապրել նույն չարիքի լծի տակ»,- նշեց Լ. Տեր-Պետրոսյանը, ըստ որի, այսօրվա շարժումը նույնիսկ 1988թ. շարժումը չէ: «88-ի շարժումն, այո, հուժկու, այո, հզոր, այո, համաժողովրդական, այո, նույնիսկ համազգային էր, բայց դա պարզունակ բովանդակություն ունեցող շարժում էր: Պարզունակ չի նշանակում՝ անարժեք: Մեկ խնդրի նվիրված` Ղարաբաղը մերն է, միացում, եւ վերջ: Մտածելու խնդիր չկար»,- հայտարարեց նա` հավելելով, թե այսօրվա շարժումը ոչ թե դրան մաս կազմող ուժերի շնորհիվ էր, այլ` հասարակության արթնացման արտահայտությունն էր: «10 տարվա պայքարը, քաղաքական լուրջ խնդիրներն իզուր չեն անցել: Իզուր չեն անցել 1998թ. Կարեն Դեմիրճյանի նախագահական ընտրությունների պայքարը: Իզուր չեն անցել Ստեփան Դեմիրճյանի 2003թ. ընտրությունները: Իզուր չի անցել 2004թ. ապրիլյան ջարդը: Այսինքն` կուտակվել էր ժողովրդի հետ, եւ այս վերջին հզորությունը կապված է նաեւ այն էներգիայի հետ, որոնք գոյություն են ունեցել 1998թ., 2003թ.»,- ասաց նա: Լ. Տեր-Պետրոսյանի հավաստմամբ` «Ժառանգությունը» լինելու է շարժման առանցքային ուժերից եւ նոր ձեւավորվելիք Հայ ազգային կոնգրեսի հիմնասյուներից մեկը: Չնայած «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի` օրեր առաջ արած հայտարարությանը, թե համագումարը պետք է որոշում կայացնի Հայ ազգային կոնգրեսի ձեւավորմանն իրենց մասնակցության, ինչպես նաեւ՝ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում իրենց ներկայացուցիչներն ունենալ-չունենալու հարցին, այդուհանդերձ, երեկ որեւէ որոշում չկայացվեց: Եվ համագումարի ընդունած բանաձեւում արձանագրվեց միայն, որ` կուսակցությունը «պատվիրակում է նորընտիր վարչությանը՝ բանակցությունների եւ խորհրդակցությունների ճանապարհով ճշգրտել նորահայտ Հայ ազգային կոնգրեսի հետ կուսակցության համագործակցության փոխադարձաբար ընդունելի հարթությունը, խնդիրների շրջանակը եւ գործընկերության ձեւերը»: Ինչ վերաբերում է մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովին, ապա բանաձեւում այդ մասին որեւէ խոսք չկա: Այդ մասին, սակայն, իր ելույթում խոսեց կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ որի՝ անհրաժեշտ է, որ ԱԺ-ում ստեղծված ժամանակավոր հանձնաժողովը «բոլոր պաշտոնյաներին հրավիրելու հնարավորություն ունենա», այդ թվում` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: «Հայաստանի երեք նախագահներին, բայց հատկապես երկրորդին եւ նրա անվտանգության պետին եւ ծառայողներին, որ իրենք վկայություն տան»,- ասաց նա: Ըստ նրա, չափազանց կարեւոր է այն, թե արդյոք հնարավո՞ր է ԱԺ-ում հասնել վստահելիության մակարդակի, երբ ԱԺ-ն` ինքը, «մեղսակից է մարտի 1-ի եւ դրան հետեւող իրադարձություններին»: Նա նաեւ հայտարարեց, թե այդ հանձնաժողովում միգուցե «մեկն ու մեկն այնպիսի եզրակացության գա, որ «Ժառանգության» գրասենյակի կողոպտիչները, հետապնդողներն ու գաղտնալսողները նույն մարդիկ են, ովքեր հրամայեցին եւ իրականացրեցին մարտի 1-ը»: Ըստ նրա` միայն մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ճշմարտությունը «կփրկի մեր երկիրը»:

Բանաձեւը, որն ընդունվեց գրեթե կիսադատարկ դահլիճում (ներկա չէր անգամ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ընդմիջումից հետո այլեւս դահլիճ չվերադարձավ, եւ մյուս ելույթներն ու համագումարի փակումը տեղի ունեցան ոչ միայն կիսադատարկ դահլիճում, այլեւ` առանց կուսակցության ղեկավարի), նաեւ «պարտավորեցնում է» ԱԺ «Ժառանգություն» խմբակցությանը՝ ԱԺ աշնանային նստաշրջանում ներկայացնել համալիր բարեփոխումների փաթեթ` կուսակցության խորհրդի 2008թ. մայիսի 30-ի ընդլայնված նիստի որոշմանը եւ կուսակցության առաջարկած` «Երկրում ժողովրդավարական հաստատությունների կայացմանն ուղղված առաջնահերթ բարեփոխումների ծրագրին» համապատասխան: Բանաձեւը նաեւ լիազորում է կուսակցության խորհրդին` 2009թ. հունվարին իր ընդլայնված նիստում քննարկել ԱԺ աշխատանքներին կուսակցության հետագա մասնակցության նպատակահարմարության հարցը եւ այդ կապակցությամբ կայացնել որոշում: Համագումարում ընդունված բանաձեւի համաձայն` «Ժառանգությունը» հայտարարում է, որ մոտ ապագայում եւս մնալու է «համակարգային բարեփոխումներին միտված եւ իր ողջ ներուժն այդ կարեւորագույն գործին ի սպաս դնող քաղաքական ուժ»: Իսկ որպես կուսակցության ուղեգծի առանցքային բաղադրիչներ՝ հռչակվեցին «մասնակցությունը պետական, քաղաքական բոլոր գործընթացներին», «մշտական եւ հետադարձ կապը ընտրողի, քաղաքացու հետ», «գործընկերությունն արտախորհրդարանական ընդդիմության հետ», «համագործակցությունը բոլոր դաշտերի քաղաքական ուժերի հետ` երկրի ազգային, պետական, ինչպես նաեւ հասարակության եւ քաղաքացիների շահերից բխող առողջ նախաձեռնութունների շուրջ», «միատեսակ չափանիշների կիրառումը քաղաքական բոլոր ուժերի հետ հարաբերություններում», «գործակցությունը քաղաքացիական հասարակության այլ բաղադրիչների հետ, այդ թվում` հասարակական կազմակերպությունների հետ»: Իսկ մեր այն հարցին, թե ինչո՞ւ «Ժառանգությունն» իր խոստման համաձայն՝ համագումարի ժամանակ չհստակեցրեց իր դիրքորոշումը ստեղծվելիք Հայ ազգային կոնգրեսին միանալ-չմիանալու եւ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում ներկայացուցիչներ ունենալու հարցերի վերաբերյալ, «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանն ասաց, որ իրենք որոշել են այդ հարցերը թողնել կուսակցության նորաստեղծ վարչությանը, որն առաջիկայում նիստ կգումարի եւ կքննարկի դրանց նպատակահարմարությունը:

Հ.Գ.
Երեկ համագումարից հետո տեղի է ունեցել կուսակցության նորընտիր վարչության նիստ, որտեղ քվեարկությամբ վարչության նոր նախագահ է ընտրվել Անահիտ Բախշյանը, փոխնախագահ` Մովսես Արիստակեսյանը, քարտուղարներ` Վարդան Խաչատրյանը եւ Արմեն Մարտիրոսյանը, մամուլի խոսնակ` Հովսեփ Խուրշուդյանը, իսկ «Ժառանգության» կենտրոնական գրասենյակի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու է Գեւորգ Կալենչյանը: