Պատասխանել է Օբամային

20/07/2008

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մարի Յովանովիչը պատասխանել է դեմոկրատ սենատոր, ԱՄՆ նախագահի թեկնածու Բարաք Օբամայի գրավոր հարցերին, որոնք մաս էին կազմում Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի` հունիսի 19-ին անցկացված լսումներին: ՀՅԴ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակից «Արմենպրեսին» հայտնել են, որ Բ.Օբամայի` Հայոց ցեղասպանության մասին գրավոր հարցին Մ.Յովանովիչը պատասխանել է. «ԱՄՆ կառավարությունը եւ, իհարկե, ես սգում ենք զանգվածային սպանությունների, էթնիկ զտումների եւ բռնի տեղահանության համար, որն Օսմանյան Կայսրության վերջին շրջանում խլեց 1,5 միլիոն հայերի կյանք: ԱՄՆ-ը ճանաչում է այդ իրադարձությունները՝ որպես 20-րդ դարի ամենամեծ ողբերգություն, «Մեծ եղեռն», ինչպես շատ հայեր անվանում են այն: Դա է պատճառը, որ ամեն ապրիլ ԱՄՆ նախագահը հարգում է զոհերի հիշատակը եւ արտահայտում իր զորակցությունը հայ ժողովրդին: Որպես փախստականի ընտանիքի զավակ (այլ վայրից եւ այլ ժամանակաշրջանում)` ես խորապես հասկանում եմ հայ ժողովրդի վիշտն ու տառապանքն այն ժամանակ եւ ներկայում, երբ հիշում են նրա պատմության այդ սեւ էջի մասին: Ես եւս սգում եմ անմեղ կյանքերի կորուստն ու հարգում ամերիկահայ համայնքի, ողջ հայ ժողովրդի ջանքերը` իրենց ցավն ու կորուստը տեսնել ճանաչված եւ ընդունված»: Սենատի որոշումը թեկնածությունը հաստատել-չհաստատելու վերաբերյալ՝ ակնկալվում է հուլիսի ընթացքում: Մ.Յովանովիչին գրավոր հարցեր է ուղղել նաեւ Կալիֆոռնիայից ընտրված դեմոկրատ սենատոր Բարբարա Բոքսերը: Հիշեցնենք, որ ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը հետ կանչվեց Հայոց ցեղասպանության մասին հրապարակայնորեն խոսելու համար: Նախկին թեկնածու Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը երկու անգամ սառեցվեց սենատոր Բոբ Մենենդեզի կողմից, ապա հետ կանչվեց: ԱՄՆ նախագահ Ջ.Բուշը Մ.Յովանովիչի թեկնածությունն առաջադրել է մարտին: