«Քարերն» իրար վրա նետելու ժամանակը

20/07/2008 Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ

Արմատական ընդդիմության վերջին հանրահավաքում ընդդիմադիր առաջնորդների ելույթների խիստ քննադատական բովանդակությունն ու տոնայնությունը շատերին առիթ տվեց ենթադրելու, որ ընդդիմության եւ գործող իշխանության միջեւ թույլ նշմարվող «ընկերական սիրավեպն» արդեն սկսում է ճաքեր տալ: Գործող իշխանություններին «դարձի բերելու» գործընթացի տեմպերը սկսում են առնվազն չգոհացնել ընդդիմությանը: Այդ տրամադրություններն այս անգամ բացահայտորեն արտահայտվեցին հենց Լ. Տեր-Պետրոսյանի ելույթում։ «Սերժ Սարգսյանի երկընտրանքը կամ հոգեկան տվայտանքները կարող են ծանր նստել թե՛ մեր ժողովրդի, թե՛ պետության ապագայի վրա: Երկրի կառավարման ղեկը ստանձնած անձը պարտավոր է հստակ եւ վճռական դիրքորոշում հանդես բերել եւ իրական գործերով ցույց տալ` ժողովրդի՞, թե՞ քրեական օլիգարխիայի հետ է: Նրա դանդաղկոտությունը կամ պաշտոնեական անգործությունը կարող են հանգեցնել տեւական ապակայունության ու լճացման` ժողովրդին ու պետությանը սպառնացող բոլոր անցանկալի հետեւանքներով»,- առանց «ավելորդ դիվանագիտական խաղեր տալու» նախազգուշացրեց ընդդիմության առաջնորդը:

Ընդդիմության հունիսի 20-ի հանրահավաքից հետո հասարակության լայն շրջանակներում ակտիվ քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել էր հենց հետեւյալ «դարի դիլեման». իր մոտակա քաղաքական ապագան կառուցելիս՝ Սերժ Սարգսյանն իր երկու «հին ընկերներից» կնախընտրի Ռ. Քոչարյանի՞ն, թե՞ Լ. Տեր-Պետրոսյանին: Պատահական չէ, որ այդ ընթացքում իշխանական եւ ընդդիմադիր քաղաքական շրջանակներում ու մամուլում պարբերաբար լուրեր էին տարածվում ընդդիմության առաջնորդի եւ ՀՀ գործող նախագահի՝ «բոլորի աչքից հեռու» կայացող «տետատետ» հանդիպումների մասին: Գրեթե կասկած չկար, որ ընդդիմության եւ իշխանության միջեւ ավելի «ցածր մակարդակի» հանդիպումները վաղուց դարձել են սովորական եւ առօրյա գործընթաց: Իհարկե, կային նաեւ բացարձակապես իրարամերժ տեղեկատվական արտահոսքեր: Այսպես՝ «երրորդ ուժի» անհրաժեշտությունը քարոզող լրատվամիջոցներից մեկում նույնիսկ «սլիվ» եղավ, որ երրորդ նախագահի ծննդյան օրն առաջին նախագահն անձամբ է զանգահարել եւ շնորհավորել նրան: Բայց միեւնույն ժամանակ՝ մեկ այլ լրատվամիջոց տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանի հետ նրա ծննդյան տարեդարձը նշող «միայն մերձավորների շրջապատում» ընդգրկված էր նաեւ ՀՀ երկրորդ նախագահը` Ռոբերտ Քոչարյանը: Իրականում հասկանալի է, որ երեք «նախկին ընկերներն» ամենեւին էլ «ձեռքները ծալած» չեն նստել: Եվրոպայից եւս վեց ամիս «ազատ շունչ քաշելու» ժամանակ ստանալուց եւ Մոսկվայում որոշակիորեն իր գործերը կարգավորելուց ու կայունացնելուց հետո՝ Սերժ Սարգսյանն այժմ, ինչպես հայտնի է, ձեռնամուխ է եղել «թուրքական կամպանիայի» իրականացմանը: Վերջինս նրա համար նաեւ յուրահատուկ «տրամպլին» է ամերիկացիների հետ նույնպես հարաբերությունները կարգավորելու համար: Ինչ վերաբերում է ընդդիմության հետ փոխհարաբերություններին, ապա «ներքին ֆրոնտում», ըստ էության, ընտրվեց ընդդիմությանը «ո՛չ այո ու ո՛չ էլ ոչ» ասելու ճանապարհով «ժամանակ ձգելու» մարտավարությունը: Մի կողմից՝ այդ «ժամանակն» օգտագործվում է ամեն օր «ժողովրդի համար գոնե մի «բարեշրջում» իրականացնելու» եւ նոր իշխանության նկատմամբ հասարակության վստահությունը փոքր-ինչ մեծացնելու համար: Մյուս կողմից էլ՝ արդեն նկատելի է, որ իշխանական նոր կոնֆիգուրացիաներ կառուցելիս՝ Ս. Սարգսյանը նախընտրել է Ռ. Քոչարյանի «ծանր ժառանգությունից» ձերբազատվելու ոչ թե կտրուկ, այլ աստիճանական, առանց «կամուրջներն այրելու» ուղին: Սերժ Սարգսյանի այս «կոմպլեմենտարիզմը» նրա հետ որոշակի ծրագրեր իրագործելու մեծ հույսեր փայփայող ընդդիմության համար ուշ թե շուտ պետք է որ անընդունելի դառնար: Այդ մտահոգությունն արտահայտվեց հուլիսի 4-ի հանրահավաքում նախ եւ առաջ Լ.Տեր-Պետրոսյանի ելույթում։ «Ստանալով այսպիսի ծանր ժառանգություն` թվում էր, թե Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարության առաջին իսկ օրվանից պետք է կտրուկ միջոցներ ձեռնարկեր ստեղծված իրավիճակից դուրս գալու եւ հասարակական դժգոհության ալիքը մեղմելու ուղղությամբ: Քանի որ դա տեղի չի ունենում, մնում է ենթադրել, որ կա՛մ Սերժ Սարգսյանը դեռեւս դրության տերը չէ, եւ երկիրը շարունակում է կառավարել Ռոբերտ Քոչարյանը, կա՛մ էլ, որ՝ լինելով իր նախորդի օրոք ստեղծված ավազակապետական համակարգի առանցքային դեմքերից մեկը` Սարգսյանն ի վիճակի չէ դուրս գալ այդ համակարգի փոխպարտավորիչ կապանքներից»,- ենթադրեց ընդդիմության ղեկավարը:

Այսքանից հետո Լ. Տեր-Պետրոսյանն, այնուամենայնիվ, հասկացնել տվեց, որ դեռեւս մտադրություն չունի հրաժարվել իր ծրագրերից եւ հույսը չի կտրում Սերժ Սարգսյանից: Պատահական չէ, որ հետագայում նա նաեւ ակնարկեց, թե հասկանում է, որ Սերժ Սարգսյանի համար կտրուկ որոշումներ ընդունելն ինչ բարդ գործ է, սակայն կարծես նաեւ հորդորեց, որպեսզի երրորդ նախագահն էլ իրեն հասկանա։ «Ժողովրդական շարժումը, անշուշտ, չի կարող հաշվի չառնել վերոհիշյալ հանգամանքները, բայց պետք է որդեգրի ոչ թե իրավիճակային քաղաքականություն, այլ առաջնորդվի պայքարի սեփական մարտավարությամբ ու ռազմավարությամբ` հիմնվելով ինքնուրույն վերլուծությունների եւ հաշվարկների վրա,- հայտարարեց Լ. Տեր-Պետրոսյանը` դիմելով իրեն հոգեհարազատ մեթոդին` ուղղակի «պրոֆիլակտիկ ճնշման»,- Մենք իշխանություններին տվեցինք ժամանակ եւ հնարավորություն` լրջորեն մտածել քաղբանտարկյալներին ազատ արձակելու պայմանով կառուցողական երկխոսություն սկսելու մեր առաջարկի վերաբերյալ: Սակայն նրանք չհասկացան կամ սխալ գնահատեցին մեր այդ քայլի դրդապատճառ-մոտիվացիան` ըստ երեւույթին դատելով, որ քաղբանտարկյալներին պատանդ պահելով` մեզ կհարկադրեն զբաղվել միայն այդ հարցով ու շեղվել շարժման բուն նպատակներից: Ուստի, մենք առաջիկայում որոշ չափով փոխելու ենք մեր մարտավարությունը` ձգտելով հուլիս ամսին հասնել հասարակական առավելագույն մոբիլիզացիայի»:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս ընթացքում` տեսնելով, որ թե՛ ՀՀ գործող իշխանությունների, եւ թե՛ ընդդիմության գործողությունների ու ելույթների ամբողջ մեղադրանքներն ուղղվում են իր դեմ, դիմեց որոշակի եւ կոնկրետ գործողությունների: Պատահական չէ, որ ընդդիմության եւ ներկայիս իշխանության միջեւ հաստատված որոշակի «զինադադարի» եւ հարաբերությունների մեղմացման ժամանակահատվածում Հյուսիսային պողոտայում կազմակերպված ծեծկռտուքը թե՛ ընդդիմությունը՝ բացահայտորեն, ու թե՛ իշխանությունները՝ քողարկված ձեւով, կապում են հենց ՀՀ երկրորդ նախագահի ակտիվացման հետ: Եվ պատահական չէ, որ գործող իշխանությունն «իր կանալներով» անմիջապես փորձեց ձերբազատվել կրիմինալը նորից ներքաղաքական հարցերին ներգրավելու մասին մեղադրանքներից: Ընդ որում, ի տարբերություն անցյալում նման դեպքերում կիրառվող քարոզչական հնարքների, այս անգամ գրեթե փորձ չարվեց ամեն ինչում մեղադրել հենց Հյուսիսային պողոտայում «քաղաքական զբոսանք» կատարող ընդդիմադիր զանգվածներին:

Թերեւս, կարելի է համաձայնել հնչող այն տեսակետների հետ, որ այդ ռեսուրսներով Ռ. Քոչարյանը ոչ միայն փորձում է պահպանել իր ազդեցությունը երկրի կառավարման համակարգում, այլեւ անհրաժեշտության դեպքում (կամ անհրաժեշտ պահին) «սաբոտաժի» ընթարկել նոր վարչախմբի «բարեշրջումների» քաղաքականությունը: Նման պահ, օրինակ, կարող է լինել այն ժամանակ, երբ ՀՀ երկրորդ նախագահը որոշի «ստվերային քաղաքականությունից» վերադառնալ «ֆորմալ քաղաքականություն»՝ որպես վարչապետ, ինչի համար անհրաժեշտ կլինի «տապալել» վարչապետ Տիգրան Սարգսյանի «բարեփոխական ծրագրերը»: Այս առումով ամենեւին պատահական չէ, որ որոշակի դադարից հետո նորից ակտիվացան, այսպես կոչված, «երրորդ ուժի», «ազգային ընդդիմության» եւ նման այլ գաղափարների դավանողները: Ըստ մամուլում եղած տեղեկությունների` միաժամանակ եւ՛ իշխանությանը, եւ՛ ընդդիմությանն «այլընտրանք» հանդիսանալուն միտված այդ «բեւեռի» ձեւավորման համար արդեն լուրջ ֆինանսական ներդրումներ են իրականացվել, ընդ որում, քոչարյանական շրջապատի ներկա եւ նախկին օլիգարխների ու ազդեցիկ որոշ պաշտոնյաների գրպաններից: Թեպետ միանգամից պետք է նկատենք, որ այս գաղափարն ի սկզբանե անհեռանկար է թվում, քանի որ «երրորդ ուժայինների» շարքերում փաստացի չկան ուժեր եւ կադրեր, որոնք հասարակական ընկալման եւ վարկանիշային առումով (վերջին համապետական երկու ընտրությունները դա ապացուցեցին) քիչ թե շատ մրցունակ լինեն հայաստանյան քաղաքական շուկայում: Այնուամենայնիվ, Ռ. Քոչարյանի ակտիվացումը եւ քաղաքականություն վերադառնալու փորձերը որոշակի մտահոգություն առաջացրին Լ. Տեր-Պետրոսյանի մոտ: Եվ զարմանալի չէ, որ հուլիսի 4-ի հանրահավաքի իր ելույթի գրեթե կեսն ընդդիմության ղեկավարը նվիրեց «Քոչարյանի նախագահական շրջանի գործունեության սեղմ հաշվեկշռի» ներկայացմանը: Գուցե նաեւ այդ ելույթում իր հասցեին հնչած ծայրահեղ կոշտ գնահատականներն էին պատճառը, ինչպես նաեւ՝ Սերժ Սարգսյանի որդեգրած որոշակի անորոշ գործելաոճն էր այն վերջին կաթիլը, որը լցրեց սովորաբար «ծով համբերություն» ունեցող Ռոբերտ Քոչարյանի համբերության բաժակը` ստիպելով նրան, փաստորեն, «երրորդ ուժի» բարձունքներից պատասխան-գնահատական հնչեցնել այսօրվա քաղաքական զարգացումների շուրջ: «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում Ռ. Քոչարյանը միանգամից մի քանի կարեւորագույն «մեսիջներ» հղեց, ընդ որում` տարբեր հասցեատերերի: Նախ՝ ընդդիմությանն ասվեց, որ սխալ են Լ. Տեր-Պետրոսյանի պատկերացումները, որ նա իրականում պարտվել է ոչ թե Սերժ Սարգսյանին՝ դրանով իսկ փորձելով հետընտրական արյունալի զարգացումների համար մեղադրանքների սլաքն ուղղել նաեւ դեպի Սերժ Սարգսյանը: Միեւնույն ժամանակ՝ նաեւ ենթադրեց, որ «գուցե նրան՝ Լ. Տեր-Պետրոսյանին, նաեւ թվում է, այդ գործողությունները կարող են դուր գալ իշխանություններին, եւ այդ ճանապարհով նա թողության գիր կվաստակի մարտի 1-ի կատարված հանցագործության համար` միաժամանակ նաեւ հնարավորություն ստանալով առանց խոչընդոտների աքլորանալ հանրահավաքներում»: Բայց ամենակարեւոր «մեսիջը», որն ուղղված էր եւ՛ իշխանությանը, եւ՛ ընդդիմությանը, եւ, ըստ էության, ամբողջ հասարակությանը, ապագայում քաղաքական ասպարեզ հնարավոր վերադարձի մասին թափանցիկ ակնարկն էր: «Ռազմավարության առումով չեմ բացառում, որ ի դեմս ինձ նա շարունակում է տեսնել իր հիմնական քաղաքական մրցակցին ապագա քաղաքական մարտերում»,- հայտարարեց Ռ. Քոչարյանը: Իսկ Սերժ Սարգսյանի «նոր սերնդի բարեփոխումների» քաղաքականությունից դժգոհ կամ տուժած՝ իր քաղաքական եւ տնտեսական հենարաններին ուղղակիորեն հասկացրեց, որ եթե ինքը՝ «միակ տղամարդը», այսօր լիներ իշխանություն (պետք է հասկանալ նաեւ, որ եթե հաջողվի վերադառնալ իշխանություն), ապա ի տարբերություն այսօրվա «լիբերալ» վարչախմբի՝ «Տեր-Պետրոսյանն իր հանցավոր գործունեության համար հավանաբար արդեն նստած կլիներ»: Հատուկ դաշնակցական շրջանակներին, սփյուռքին եւ միգուցե աշխարհաքաղաքական որոշ շահագրգիռ կենտրոններին էր ակնհայտորեն ուղղված նախկին նախագահի հարցազրույցի հետեւայլ «հայդատական» հատվածը. «Եթե իրականում այսօր ես երկիրը ղեկավարեի (ինչպես դա ոմանք պնդում են), ապա հաստատ Թուրքիայի նախագահը հրավիրված չէր լինի Երեւան ֆուտբոլային հանդիպում դիտելու»: Հավանաբար, նույնիսկ Սերժ Սարգսյանը դժվար թե պատկերացներ, թե ինչպիսի մեծ քար պիտի նետվեր իր «բոստանն» իր իսկ ընկերոջ ձեռքով: Թերեւս, սա առաջին, բայց, ինչպես երեւում է, ամենեւին էլ ոչ վերջին նման «քարն» է լինելու,,,