Հայաստանի խնդիրներն՝ ըստ ՀՅԴ-ի

20/07/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մի քանի օր առաջ ավարտվել է Դաշնակցության նորընտիր Բյուրոյի առաջին լիագումար նիստը, որի ժամանակ որոշվել են կուսակցության անելիքներն առաջիկա չորս տարիների համար:

Երեկ այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը` նշելով, որ նիստի ընթացքում քննարկված հիմնական թեմաներից մեկը վերաբերել է երկրի ներքին իրավիճակին: «Առաջին խնդիրը Հայաստանի միջազգային վարկի վերականգնումն է, երկրորդը` բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացումը, հանդուրժողականության ձեւավորումը: Պետք է առավելագույնս հետամուտ լինել, որ այն բարեփոխումները, որոնք դրված են քաղաքական կոալիցիայի ծրագրում, իրականացվեն արդյունավետորեն: Այսօր բազմաթիվ խնդիրներ կան, որոնց մի զգալի մասի աղբյուրն արմատական ընդդիմության ոչ ադեկվատ մոտեցումներն ու գործողություններն են»,- ասաց նա: Ա. Վարդանյանի խոսքերով` թեեւ Հայաստանը տարիներ շարունակ որդեգրել է եվրոպական զարգացման ուղղությունը, սակայն եվրոպական ընտանիքի անդամ դառնալու համար հսկայական քայլեր կան անելու: Նա կարեւորեց նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը` նշելով, որ ուշադրությունից դուրս է այն, ինչ կատարվում է ԼՂՀ-ում: «Այդ հայաստանցի-ղարաբաղցի մարազմատիկ հակադրություններից խուսափելուց բացի` պետք է հասկանանք, որ վերջին շրջանում Ղարաբաղում որակական փոփոխություններ են կատարվում, լուրջ ծրագրեր են իրականացվում, պետության որակական նոր մոդել է ձեւավորվում»,- ասաց նա: «Արդյոք հայ-թուրքական հարաբերություններում ՀՀ նախագահի որդեգրած քաղաքականությունը բավարարո՞ւմ է Դաշնակցությանը»: Պատասխանելով այս հարցին` Ա. Վարդանյանը հայտարարեց, որ իրենք համոզված են, թե նախագահը Հայոց ցեղասպանությունը քննելի ու վիճարկելի չի համարում: «Բացառված է, որ Հայաստանը ներկայացնող որեւէ պաշտոնյա որեւէ այլ մոտեցում ունենա: Ցեղասպանության հարցը միայն անցյալին չի առնչվում, այն վերաբերում է մեր պետության, ժողովրդի ապագային եւ գոյությանը: Ի վերջո, Թուրքիան է մեզ հետ նախապայմանների լեզվով խոսում, մենք չենք խնդիրներ հարուցում վերջին տասնամյակներում: Թուրքիան է փակել սահմանը, միջազգային ասպարեզում ցանկացած հարցով փորձում է կանգնել Ադրբեջանի կողքին ու հակադրվել Հայաստանին: Աննորմալ է, որ այն Եվրախորհրդի անդամ երկիր է ու դեռ ցանկանում է Եվրամիության անդամ դառնալ»,- ասաց նա: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը հրավիրելու փաստին, Ա. Վարդանյանը նշեց, որ դժվարանում է պատկերացնել, թե ինչպես է Հայաստանը շրջափակման ենթարկած, Հայաստանի հետ միայն նախապայմաններով խոսող Թուրքիայի նախագահը որոշելու գալ Հայաստան: Իսկ խոսելով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու ուղղությամբ Հայաստանի վարած քաղաքականության մասին, Ա. Վարդանյանը նշեց, որ Լ. Տեր-Պետրոսյանի սկզբունքները ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների, այլեւ ընդհանրապես արտաքին քաղաքականության առումով իրենք մերժել են ու մերժում են: «1998-ից հետո Հայաստանը որդեգրել է նոր քաղաքական ուղեգիծ` թե՛ ներքին կյանքում, թե՛ արտաքին հարաբերություններում: Հավատում եմ, որ նոր նախագահի մոտեցումներն ու սկզբունքներն ուղղակի այս ազգային քաղաքական գծի շարունակությունն են: Գուցե կլինեն նրբերանգների որոշ տարբերություններ, սակայն դա ժամանակի թելադրանքն է»,- ասաց նա: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի նախընտրական ու հետընտրական մոտեցումների կտրուկ տարբերությանը, ապա այդ առումով Ա. Վարդանյանն ասաց. «Որոշ քաղաքական ուժեր Դաշնակցության նախընտրական ու հետընտրական շրջանի միջեւ անհամապատասխանություն են տեսնում: Իրենց իրավունքն է, թող տեսնեն: Դաշնակցության քաղաքականությունը եւ՛ նախընտրական, եւ՛ հետընտրական շրջանում բացարձակ անհամապատասխան չէ: Մենք ունեինք նախագահի թեկնածու, որը մրցակից էր այսօր ընտրված նախագահին, ու անկախ այն քննադատությունից, որ ունեցել ենք իշխանության տարբեր ոլորտների վերաբերյալ, դա բացարձակապես չէր հակասում այս իշխանության մեջ պատասխանատվություն ստանձնելուն ու միասին խնդիրները լուծելուն: Իսկ արմատական ընդդիմության ներկայացուցիչները բոլորովին այլ նպատակներ են հետապնդում, ու այդ նրանք չէ, որ պետք է երկիրը ժողովրդավարացնեն»: Ա.Վարդանյանը համոզված է, որ իշխանությունները ԵԽ ԽՎ 1620 բանաձեւի պահանջների իրենց վերաբերող մասն իրականացնելու են: Իհարկե, նրա կարծիքով` «ընտրություններից հետո երկրում եղած խնդիրների 99 տոկոսի մեղավոր ընդդիմությունը կասի, որ ոչինչ չի կատարվել: Բայց դա այլ օպերայից է»: «Ռոբերտ Քոչարյանը վերջին հարցազրույցում գնահատականներ էր տվել Լեւոն Տեր-Պետրոսյանի գործողություններին, եւ ես դրանք կիսում եմ: Համոզված եմ, որ մարտի մեկի իրադարձությունների նման զարգացումը կարող էր կանխել միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը: Բայց նա դա չարեց միտումնավոր ու հետո էլ հայտարարեց, որ շատ հանգիստ խղճով քնել է այդ գիշեր»,- ասաց նա: