Ինչպես են յուրացվում մանկատան շրջանավարտների փողերը

20/07/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը վստահ է, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը գրպանում է մանկատան շրջանավարտների համար բնակարաններ գնելու նպատակով պետբյուջեից հատկացվող հսկայական գումարները:

2007թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ տիկին Բախշյանն ուշադրություն է հրավիրել ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ ընտանիքներին, կանանց եւ երեխաներին ծառայություններ մատուցող ծրագրի շրջանակներում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու հարցի նկատմամբ: Նա եկել է այն եզրահանգման, որ այդ որբ երեխաների համար բնակարան գնելու գումարները շորթվում են: Ի դեպ, ՀՀ Վերահսկիչ պալատի 2007թ. տարեկան հաշվետվության մեջ այս կարծիքը հաստատվում է, քանի որ այնտեղ նույնպես արձանագրված է. «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրը վտանգված է: «Սոկոլ գրուպ» ՍՊԸ-ի կողմից դեռեւս ձեռք չի բերվել թվով 95 բնակարան` 533,030.0 հազ. դրամ գումարով, որը տնօրինվում է մասնավոր ընկերության կողմից 3 տարուց ավելի: Փափուկ գույքի 102 կոմպլեկտ` 89,162.4հազ. դրամ գումարով գտնվում է 3 տարուց ավելի պահեստավորված վիճակում՝ բնակարանների բացակայության պատճառով»: Տիկին Բախշյանն իշխանություններին հարցնում է, թե այսքանից հետո էլ ինչպիսի՞ խախտում, յուրացում պետք է լինի, որպեսզի մարդիկ պատասխանատվության ենթարկվեն: Նա մատնանշում է մի աղաղակող փաստ եւս. «Բյուջեում գրված է, որ 2007թ. բյուջեն կատարվել է 99.93%-ով, բայց Վերահսկիչում գրված է, որ չի կատարվել, խաբեություն է: Ես ներկա եմ եղել ՀՀ Կառավարության նիստին, որտեղ նախկին նախարար Աղվան Վարդանյանը հարց բարձրացրեց` խնդրելով 2008-ի այս ծրագրի կատարման ժամկետը երկարաձգել մինչեւ հոկտեմբեր ամիս: Վարչապետը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ, իսկ նախարարը պատճառաբանեց, թե խնդիրներ կան գնումների մասին օրենքով մրցույթ հայտարարելու հետ կապված, որի պատճառով խնդրում է ժամկետը երկարաձգել»,- ասում է տիկին Բախշյանը` մեջբերելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերը, թե` «Ինչպե՞ս է, որ ձեռքի տակ գումարն ունենալով հանդերձ` բնակարանները գնել հնարավոր չէ»: Այդուհանդերձ, ըստ Ա. Բախշյանի՝ Կառավարության հաջորդ նիստի ժամանակ ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ օպերատիվ բացահայտումներ կատարելու համար: Իսկ շնորհակալության պատճառը եղել է մանկատան շրջանավարտների համար գնվելիք բնակարանների գումարների շորթման բացահայտումը. ՀՀ Դատախազության վեբ-կայքում մենք գտանք առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար բնակարան գնելու չարաշահումների դեմ հարուցված քրեական գործի հետ կապված տեղեկատվությունը, որտեղ մասնավորապես ասվում է` «ՀՀ Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրգործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասի եւ 188 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` ծնողազուրկ երեխաներին տրամադրելու համար շուկայական գներից բարձր գներով բնակարան գնելու դեպքի առթիվ: ՀՀ կառավարության 2003թ. հուլիսի 23-ի առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կարգը հաստատելու մասին թիվ 983 որոշմամբ նախատեսված բնակարանները գնելու նպատակով 2004, 2005 եւ 2006թթ. ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Սոկոլ գրուպ» ՍՊԸ-ի եւ ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության միջեւ ստորագրվել են գործակալության եռակողմ պայմանագրեր: Ըստ այդմ` «Սոկոլ գրուպ» ՍՊԸ-ն պարտավորվել է պայմանագրերով նախատեսված ընդհանուր առմամբ 746.230.000 դրամ գումարով ձեռք բերել եւ նախարարությանն ու վարչությանը հանձնել 132 բնակարան: Նշված պայմանագրերը ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության անունից կնքել է նախարարության աշխատակազմի ղեկավար Ձոնիկ Մարգարյանը, ով հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնական դիրքն օգտագործել է հակառակ ծառայության շահերին: Այն է` խախտելով Լիցենզավորման մասին ՀՀ օրենքի պահանջները, անշարժ գույքի ձեռք բերման միջնորդական գործունեության լիցենզիա չունեցող «Սոկոլ գրուպի» հետ կնքված պայմանագրերում չի սահմանել գնումների գործընթացի նկատմամբ հսկողության եւ գների ճշտման մեխանիզմներ, ձեռք բերվող բնակարանների գտնվելու կոնկրետ տարածքներ, ինչի հետեւանքով «Սոկոլ գրուպի» տնօրեն Լյովա Աղաբաբյանն առանց հատուկ թույլտվության զբաղվել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությամբ: Պայմանագրերով նախատեսված միայն 12 բնակարանների գնման գործարքների ստուգմամբ պարզվել է, որ դրանք ձեռք են բերվել շուկայական գներից շուրջ 53մլն դրամ ավելի գներով, որի հետեւանքով պետությանը պատճառվել է ծանր հետեւանքներ առաջացնող էական վնաս: Դեպքի առիթով ՀՀ Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու հատկանիշներով»: Տիկին Բախշյանը պնդում է, որ բնակարանների մեծ մասը մինչ օրս գնված չէ, իսկ գումարը փոխանցված է «Սոկոլ գրուպի» հաշվեհամարին: «Փաստորեն, մեր պետությունն այս սուղ պայմաններում որբ երեխաների համար միջոցներ է հատկացնում, սակայն այդ հատկացումները տեղ չեն հասնում: Մանկատան շրջանավարտները շարունակում են մնալ անտուն, այդ երիտասարդները հիմա ի՞նչ վիճակում են, մինչդեռ այս գործը պետք է սրտացավորեն արվեր»,- ասում է Ա. Բախշյանը, ով հունիսի 11-ին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արսեն Համբարձումյանին նամակ է հղել, մասնավորապես խնդրելով` իրեն հայտնել, թե ՀՀ պետբյուջեից «Ընտանիքներին, կանանց եւ երեխաներին մատուցվող ծառայություններ» ծրագրի շրջանակներում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարանի տրամադրման հետ կապված որքա՞ն ծախսեր են կատարվել 2004, 2005 եւ 2006 թվականներին, ո՞ր ընկերությունների հետ են կնքվել պայմանագրեր, քանի՞ բնակարան է գնվել, եւ խնդրել է նշել բնակարանների հասցեները: «Այդ հասցեներով ես անպայման կգնայի, կարող էի նաեւ այդ մարդկանց ուրիշ կարիքները հոգալ: Ի վերջո, ես պարտավոր եմ տեսնել, թե նրանք ինչպես են ապրում, տունը խնամում եւ այլն, բայց այդպես էլ չստացա հասցեները: Այս նամակին արձագանքեց ծրագրի ղեկավար Լալա Ղազարյանը, ով եկավ, զրուցեցինք, եւ պարզվեց, որ ծրագրի գաղափարն ամբողջությամբ իրենն է եղել: Բայց, թե ինչո՞ւ այդ ջանքերը, գումարները տեղ չեն հասել` այդպես էլ չկարողացա իմանալ»,- վստահեցնում է Ա. Բախշյանը` հավելելով, որ իրականում «Սոկոլ գրուպ» ՍՊԸ-ն «Գնումների մասին օրենքով» մրցույթով չի ընտրվել, պարզապես Կառավարության որոշմամբ` այդ ընկերությանն են բնակարաններ գնելու հարցը վերապահել: Այսինքն` կոպտորեն խախտվել է նաեւ Պետական գնումների մասին օրենքը: Ի դեպ, բավականին հետաքրքիր հակասություններ կան նաեւ 2006թ. բյուջեի կատարողականում, որն ուսումնասիրելիս դժվար չէ ենթադրել, որ բյուջեի կատարողականը հաստատող մեր օրենդիրները գոնե աչքի տակով այն չեն անցկացրել: Օրինակ` բյուջեի կատարողականի 17-րդ էջում գրված է հետեւյալը. «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում 2006 թվին աջակցություն է ցուցաբերվել 56 շահառուների, մասնավորապես` ընթացքի մեջ է բնակարաններ գնելու գործընթացը, գնվել են գույք եւ կենցաղային ապրանքներ»: Մինչդեռ,

128-րդ էջում գրված է` «Միջոցառման շրջանակներում նախատեսված էր բնակելի տարածքով ապահովել՝ 56, իսկ կատարված ճշտման արդյունքում` 43 շրջանավարտների, որն ընդհանրապես չի կատարվել, քանի որ «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից հայտարարված մրցույթները չեն կայացել»: Այս կապակցությամբ Ա. Բախշյանն ասում է` «Սկսենք նրանից, թե ինչպե՞ս, ովքե՞ր են գրում բյուջեն, եւ ի՞նչ պատասխանատվություն են կրում այդ մարդիկ այս ահավոր սխալների համար: 2006-ի կատարողականի մի էջում գրել են, որ կատարվել է, իսկ մյուսում, որ չի կատարվել: Էլ չեմ ասում, որ 2007-ի բյուջեի կատարողականում ասվում է, որ կատարվել է 99.93%-ով, իսկ Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ ասվում է, որ չի կատարվել: Արձանագրենք մեր գործադիր թեւերի աշխատանքի շղթան եւ արդյունքը: Այս մեկ օրինակն ապացույց է, թե ինչ անպատասխանատվությամբ է գրվում բյուջեն եւ կատարողականը: Մինչդեռ բյուջեն ներկայացնելիս աննախադեպ «ուռաներով» կոճակներ են սեղմում, ընդունում են, իսկ կատարողականի ժամանակ էլ` կատարել ենք էսքան տոկոսով, էնքան տոկոսով: Այդ շահառուներն անտեր, անտուն մարդիկ են, որոնք իրենց իրավունքը չեն կարողանում պաշտպանել, իսկ մեր պետությունն ինչ հեշտությամբ է այդ մարդկանց ճակատագրերի վրայով անցնում: Պետությունն իր մաշկի վրա չի զգում, թե ի՞նչ կնշանակեր այդ մարդու համար այն տանիքը, որ պետությունը պիտի տար: Եվ այդ մարդն ինչ ակնածանք, սեր, երախտիք պիտի ունենար այդ պետության հանդեպ: Ինչքան այդպիսի սերեր ենք կորցնում»։ Տիկին Բախշյանը հիշեցնում է, որ վերոնշյալ ոտնձգությունները կատարվում են մեր հասարակության ամենաանպաշտպան խավի նկատմամբ:

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանի հավաստմամբ` «Պետական աջակցություն մանկատան շրջանավարտներին» ծրագիրն իրականացվել է 2003-ից: «Ծրագրով նախատեսված է իրականացնել հետեւյալ միջոցառումները` շրջանավարտների ուսումնասիրություն, անհատական ծրագրերի կազմում, շահառուների սոցիալական պատրոնաժ, բնակելի տարածքով ապահովում, մասնագիտական կողմնորոշում, ուսուցում, վերապատրաստում, հիմնական կարիքները բավարարող եկամտի ապահովում, բնաիրային օգնություն, գույքի տրամադրում, բժշկական եւ իրավաբանական օգնության տրամադրում»,- ասում է Լ. Ղազարյանը` հավելելով, որ ծրագիրը կյանքի կոչելու ժամանակ Անկախության տարիներից մանկատներից դուրս մնացած անտուն շրջանավարտների հաշվառում է եղել: Հետեւաբար՝ որոշում է կայացվել 1991-ից հետո մանկատնից դուրս եկած շրջանավարտների խնդիրն ուսումնասիրել, խմբավորվել են 356 շրջանավարտների տվյալներ, որոնցից 282-ը՝ ներառյալ 2008-ը, դարձել են ծրագրի շահառուներ: Ինչ վերաբերում է բնակարանների խնդրահարույց թեմային, ապա տիկին Ղազարյանն ասում է` «Կապված բնակարանների գների տատանումների, կտրուկ աճի հետ՝ մենք միշտ խնդիր ենք ունեցել դրանք գնելու գործընթացում: Սկսած 2003-ից մենք բնակարանի գնման այդ ծրագրի բաղադրիչի հետ ունեցել ենք մեծ խնդիր: 2003թ. ծրագրի իրականացման ժամանակահատվածում մրցույթ է հայտարարվել, «Գնումների մասին օրենքով» կայացել են գնումները: 1-ին տարվա ընթացքում նախատեսված 45 բնակարաններից գնվել է 10-ը, իսկ 35 բնակարանների հետ կապված մենք պայմանագիր ենք կնքել «Կարեն-z» կազմակերպության հետ»: «Սոկոլ գրուպ» կազմակերպության հետ 2004, 2005, 2006 թթ. համար է պայմանագրեր կնքվել, իսկ 2007-ի համար`«Արեաս գրուպի» հետ: «Այս պահին մեր խնդիրը «Սոկոլ գրուպ» կազմակերպության հետ կնքած պայմանագրի կատարումն է` բնակարանների ստացումը եւ շահառուներին տրամադրումը: Մենք ունենք մինչեւ 2008-ի հոկտեմբեր ամսվա ժամկետ, որի ժամանակահատվածում պետք է ուսումնասիրենք եւ ընդունենք այն բնակարանները, որոնք պետք է տրամադրվեն «Սոկոլ գրուպի» կողմից շահառուներին բնակեցնելու համար»,- վստահեցնում է Լ. Ղազարյանն` ասելով, որ ընդհանուր առմամբ` «Սոկոլ գրուպը» մինչեւ հոկտեմբերի 1-ը պետք է տրամադրի 69 բնակարան: Ինչ վերաբերում է ծրագրի կատարման ժամկետը երկարաձգելուն, ապա Լ. Ղազարյանը դա բացատրում է անշարժ գույքի գների անկանխատեսելի տատանումներով, ինչը պատճառ է դարձել պայմանագրով կնքված պարտականությունների կատարման ուշացմանը: Անդրադառնալով հարուցված քրեական գործին` տիկին Ղազարյանն ասում է. «Քննություն է կատարվում եւ կպարզվի, բայց այսօրվա իրականությանը, շուկայական գների աճին տեղյակ ենք բոլորս, եւ կարող եմ ասել, որ իրական պատկերը շատ ավելի վատ է, գները բավականին բարձր են: Բնակարանների գներն այնքան արագ են աճում, ինչպես ոչ մի գործընթաց Հայաստանում այդքան արագ չի զարգանում»: Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում տիկին Ղազարյանը փողերի լվացման մասին մեղադրանքներին, նա պատասխանում է. «Գիտե՞ք, ամեն մարդ կարող է իր վերաբերմունքն արտահայտել, բայց առկա խնդիրներն օբյեկտիվ են, իհարկե, ոչ ցանկալի եւ ցավալի, որովհետեւ եղած իրավիճակի համար առաջին հերթին նախարարությունն է ցավ ապրում: Մեր խնդիրը, շահն ու ցանկությունը եղել է՝ ծրագիրն իրականացնել, որն աննախադեպ, բազմակոմպոնենտ ծրագիր է, մշտապես ունեցել է բազմաթիվ դժվարություններ, որը մենք հաղթահարել ենք: Մինչդեռ, բնակարանների հետ կապված խնդրի կարգավորումը վեր էր նախարարության իրավասություններից»:

Ինչ վերաբերում է ծրագրի համար պետբյուջեից տրամադրվող գումարներին, ապա այդ թվերը ներկայացնում ենք ըստ տարիների. 2003թ.` 199.8մլն դրամ, 2004թ.` 416.7մլն դրամ, 2005թ.`302.2մլն դրամ, 2006թ.` 324.3մլն դրամ, 2007թ.` 379.3մլն դրամ, 2008թ.` 416.5մլն դրամ: