Միքելանջելո Անտոնիոնի. գեղեցիկի գիտակը

20/07/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

«Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի իր էջերից մեկը նվիրել է այդ մեծանուն ռեժիսորին ու Երեւան է հրավիրել Անտոնիոնիի հիմնադրամի ղեկավարին, լուսանկարչին եւ այրուն` տիկին Էնրիկա Անտոնիոնիին: Երեւանում կանցկացվի Անտոնիոնիի մի քանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, կցուցադրվեն վավերագրական ֆիլմեր, որոնք կներկայացնեն Անտոնիոնիի դիմանկարը, իսկ Ազգային պատկերասրահում հուլիսի 13-ին կբացվի ռեժիսորի նկարների ցուցադրությունը: Անտոնիոնին սկսեց նկարել այն ժամանակ, երբ առաջին անգամ կաթվածահար եղավ եւ ժամանակավորապես ստիպված եղավ հրաժարվել կինոյից: Իսկ կյանքի վերջին տարիների ընթացքում կտավները դարձան ինքնարտահայտվելու նրա միակ միջոցը: Անտոնիոնին գնահատում, նույնիսկ` վեհացնում էր կյանքի գույները: Իր առաջին գունավոր «Կարմիր անապատը» ֆիլմը նկարահանելուց հետո նա ասել է. «Եթե այդ ֆիլմում ինքնակենսագրական տարրեր կան, ապա դրանք գույներն են»: Նա սիրում էր վառ գույները:

Իսկ նրա ֆիլմերը զարմանալի ուժեղ ներգործություն էին թողնում մարդկանց վրա: Անտոնիոնիի ընկեր, լուսանկարիչ Պիետրո Մարսիլին, ում լուսանկարները կցուցադրվեն Ազգային պատկերասրահում, պատմեց, որ որոշեց լուսանկարիչ դառնալ հենց Անտոնիոնիի «Blow up» ֆիլմը դիտելուց հետո: «Ես սկսեցի հագնվել ու շարժվել այնպես, ինչպես դա անում էր ֆիլմի հերոս լուսանկարիչը: Բայց նկարահանման խցիկ չունեի, փող էլ չունեի` այն գնելու համար: Եվ մի անգամ Միլանի բարերից մեկում հանդիպեցի մի հարբած եւ քնած ճապոնացու, որի պայուսակի մեջ մի քանի խցիկներ կային: Ես արագ վերցրեցի մեկն ու դուրս փախա բարից: Հետո, իհարկե, ես այդ արարքի համար բանտում հայտնվեցի, բայց լուսանկարիչ դարձա: Եվ Միքելանջելոն էլ եկավ իմ առաջին ցուցադրությունը դիտելու ու ինձ ճաշի հրավիրեց»,- պատմեց նա: Պիետրո Մարսիլին նկատեց, որ հայաստանցիներն առաջինը կլինեն, որոնք Անտոնիոնիի դիմանկարների հետ կծանոթանան` այդքան մեծ ծավալով: Անտոնիոնին չէր սիրում նկարվել, նա գերադասում էր խցիկի հակառակ կողմում գտնվել: Անտոնիոնիի ներկայությունը Հայաստանում հնարավոր դարձավ իտալացի մեկ այլ հանճարի` սցենարիստ ու պոետ Տոնինո Գուերայի միջնորդության շնորհիվ: «Գուերան Անտոնիոնիի հարազատներին ու ընկերներին այնքան էր պատմել Հայաստանի մասին, որ նրանք որոշեցին անպայման Հայաստան գալ»,- ասաց «Ոսկե ծիրանի» նախագահ Հարություն Խաչատրյանը:

Անտոնիոնիի մասին շատ են գրել: Անտոնիոնյի հիմնադրամի ղեկավար Կլաուդիո Գաբրիելեն ասաց. «Միքելանջելոյի մասին շատ ավելի գրախոսականներ ու հոդվածներ են եղել, քան այլ կինոռեժիսորների մասին: Միքելանջելոն 360 աստճանով արվեստի մարդ էր: Նա մեծ ինտելեկտուալ ու արվեստագետ էր, ոչ միայն ռեժիսոր էր, այլեւ` երաժիշտ ու նկարիչ էր: Եվ նրա մասին հենց արվեստի մարդիկ են գրել»:

Անցյալ տարի Միքելանջելո Անտոնիոնին հեռացավ կյանքից: Իր կյանքի վերջին 22 տարիները նա անցկացրել է անշարժության մեջ՝ զրկված լինելով նաեւ խոսելու հնարավորությունից: Էնրիկա Անտոնիոնին ասաց, որ իր ամուսնու մահից հետո հրաժարվում է փառատոների մեկնել, թեեւ գրեթե բոլոր խոշոր փառատոների ընթացքում ցուցադրվում են Անտոնիոնիի ֆիլմերը: «Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ ես եկա Միքելանջելոյի մահից հետո ու նրա հիշատակը բերեցի Հայաստան»,- ասաց նա:

«Բավարարվենք նրանով, ինչ տեսնում ենք»

Անտոնիոնին նուրբ պոետ էր: Նա կարող էր իր ֆիլմերով խոսել կանանց ու տղամարդկանց փոխհարաբերությունների փխրունության, շրջակա միջավայրի անդարձ աղտոտման, ըմբոստ երիտասարդների ու համարձակ մասնագետների մասին, սակայն նրա ֆիլմերը դիտելուց հետո հանդիսատեսին թվում էր, որ Անտոնիոնին ասել է ավելին, քան ցույց է տվել իր ֆիլմերում: Շատ բան կադրից դուրս, մարդկանց ներաշխարհի մեջ էր մնում` որպես գունային ու շարժական ենթատեքստ: Շատ բան պետք էր ենթադրել: Նա սիրում էր ճամփորդել ու ֆիլմեր նկարահանել Իտալիայից դուրս: «Մասնագիտությունը՝ ռեպորտյոր» ֆիլմը նա նկարահանել է Անգլիայում (գլխավոր դերը կատարել է Ջեկ Նիկոլսոնը), «Զաբրիսկի-պոյտն»՝ Ամերիկայում (երիտասարդների փնտրտուքի մասին պատմող եւ «Փինք Ֆլոյդ» խմբի երաժշտությամբ ողողված այս ֆիլմը ամերիկյան էկրաններին լրջորեն տապալվեց): Նույնպես Անգլիայում նա նկարահանեց իր գլուխգործոցներից մեկը՝ «Blow up»` «Ֆոտոխոշորացում» ֆիլմը, որի համար գրական նյութ ծառայեց Խուլիո Կորտասարի պատմվածքը: Իսկ Չինաստանում նա «Չինաստան» վավերագրական ֆիլմ նկարահանեց, որը բողոքի ալիք բարձրացրեց չինական իշխանավորների մոտ: «Անտոնիոնին հեղաշրջում արեց վավերագրական կինոյի մեջ, նա վավերագրության մեջ մտցրեց մարդուն, իսկ մինչ այդ վավերագրական ֆիլմերը միայն քաղաքների, շենքերի կամ իրադարձությունների մասին էին պատմում»,- ասաց Կլաուդիո Գաբրիելեն: Անտոնիոնին եղել է նաեւ Ռուսաստանում, Հայաստանում եւ Ուզբեկստանում` ցանկանալով ֆիլմ նկարահանել, սակայն հետո հրաժարվել է այդ մտքից:

Մարդկային կրքերի շարաններում Անտոնիոնիին առաջին հերթին հետաքրքրել են մարդու միայնության բանաձեւերը: Նրա ֆիլմերում նույնիսկ սիրահարներն են միայնակ: Միասին էին, բայց` միայնակ: Այդ միայնությունը կինոյի լեզվով փոխանցելու համար, Անտոնիոնին իր սեփական կինոլեզուն էր գտել: Երկար ձգված, երկխոսություններից ազատ, խոշոր կամ ընդհանուր պլանները, դարձան այն կինոհայտնագործությունները, որոնցով կարելի էր էկրանին փոխանցել հաղորդակցվելու պակասը, նաեւ` անհնարինությունը: «Այն իրականությունը, որտեղ մենք ապրում ենք, անբացատրելի է, եւ մենք պետք է բավարարվենք նրանով, ինչը կարող ենք տեսնել»,- ասել է Անտոնիոնին: Եվ միշտ փորձել է սողոսկել մարդու մեջ` կյանքի իմաստը հասկանալու համար: Նրա հերոսները կամ հոգեւոր ճգնաժամ են ապրում, կամ էլ ճգնաժամ է ապրում այն հասարակությունը, որտեղ նրանք հայտնվել են:

Երեւանում նրա այրին պատմեց, որ Անտոնիոնին սիրում էր տարբեր մարդկանց հարցուփորձ անել եւ, մինչեւ ամեն բան չիմանար` նույնիսկ երկրորդական դերեր կատարող դերասանների կյանքի մասին, չէր հանգստանա: «Ես զարմանում եմ, թե ինչպես է նա կարողացել հասկանալ կանանց: Մինչ Միքելանջելոյի հետ ծանոթանալը` ես դիտել էի նրա երկու ֆիլմերը եւ հասկացել էի, որ ինձ ոչ այնքան հերոսներն են հետաքրքիր, որքան հետաքրքիր է ռեժիսորը: Եվ ես ոչ թե կինոյի մասնագետ եմ, այլ` Միքելանջելոյի մասնագետն եմ: Ես 18 տարեկան էի, երբ հանդիպեցի Միքելանջելոյին»,- ասաց նա: Անտոնիոնին միշտ ուսումնասիրել է կանանց` համարելով կնոջն ամբողջական մի տիեզերք, որը մինչեւ վերջ հասկանալ չի ստացվում: Այդ պատճառով էլ նա ուշադրություն էր դարձնում ոչ թե կոնկրետ իրադարձությունների կամ սյուժետային պտույտների վրա, այլ` կարեւորում էր միջավայրը, զգացմունքների լարումից լիցքավորված օդը: «Գալիս է պահն, ու ամուսինները հասկանում են, որ շատ հեշտ է ամեն ինչը փչացնել ու քանդել: Կարծում եմ, որ փոխհարաբերությունները պետք է շատ խնամքով պահպանել, որովհետեւ կնոջ եւ տղամարդու հարաբերությունները այն միակ գեղեցիկ կապն է, որը կարող է փրկել ժամանակակից աշխարհը»,- ասել է Անտոնիոնին` բնութագրելով իր «Գիշեր» ֆիլմը, որի հերոսները քանդելու ու վերականգնելու եզրին են կանգնում:

1995 թվականին անշարժացած ու անխոս Անտոնիոնին նկարահանեց զգացմունքային «Ամպերից այն կողմ» ֆիլմը, որի ստեղծմանը մեծապես օգնեց գերմանացի ռեժիսոր Վիմ Վենդերսը, ում այցը նույնպես սպասվում է Երեւանում: Իսկ Անտոնիոնիի վերջին ֆիլմը «Էրոս» կինոնովելն է, որը դարձավ «Իրերի վտանգավոր կապը» եռապատման մի մասը (մյուս նովելները նկարահանել էին ամերիկացի Ստիվեն Սոդերբերգն ու չինացի Վոնգ Կարվայը): Այդ վերջին ֆիլմը, որտեղ ներկայացվում են ամուսնական զույգի մարած զգացմունքներն ու այդ զգացմունքայնության կայծի էլեգանտ ու եթերային վերածնունդը, ստեղծել էին երկու պատկառելի տարիքի հասած կինովարպետները` Միքելանջելո Անտոնիոնին եւ Տոնինո Գուերան: «10 տարի շարունակ ես ու Միքելանջելոն միայն աչքերի օգնությամբ էինք զրուցում իրար հետ: Նրա մագնետիզմն այնքան մեծ էր, որ բառերն ավելորդ էին դառնում: Եվ երբ մեզ հարցնում էին` ինչպե՞ս կարող ենք այդ տարիքում սիրո մասին ֆիլմ նկարահանել, մենք (ես` բառերով, իսկ Միքելանջելոն` հայացքով)՝ ասում էինք` բայց մենք հիշում ենք..»,- անցյալ տարի այցելելով Երեւան՝ պատմում էր Տ.Գուերան:

«Չեմ կարծում, որ կարելի է ֆիլմեր նկարահանել հանդիսատեսի, փողի կամ հայտնի դառնալու համար: Ֆիլմեր պետք է նկարահանել միայն գեղեցկությունը փոխանցելու համար: Կարծում եմ, միայն այդպես կարող ես սեփական աշխատանքի մեջ անկեղծ լինել»,- ասել է մաեստրո Անտոնիոնին, ով հարյուրից ավելի մրցանակներ է ստացել, գրեթե մեկ դար ապրել է ու բազմաթիվ ֆիլմեր է նկարահանել, որոնցից յուրաքանչյուրը գեղեցիկ ճիչ է` ուղղված մարդկությանը: