Հանս Օուն «Սյորեն Կիերկեգոր» գրքից

20/07/2008 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

Հայտնվում է Դոն Ժուանը

Կիերկեգորը սիրում էր երաժշտություն, եւ հատկապես Մոցարտի «Դոն Ժուանը»: Նա սովորաբար գալիս էր Արքայական թատրոն, լսում էր «Դոն Ժուանի» նախերգանքը եւ շտապում էր տուն` գրասեղանի մոտ: Պատահական չէ, որ նա Վիկտոր Էրեմիտային թույլատրում է Ա-ի թղթերի մեջ գտնել «Անմիջական էրոտիկ շրջափուլերը կամ երաժշտաէրոտիկականը»:

Հեղինակ Ա-ն գտնում է, որ երաժշտության մեջ թաքնված է իրական զգայական եւ գայթակղիչ ուժը: Եվ Մոցարտի «Դոն Ժուանը» դրա լավագույն ապացույցն է. «Այսուհետ Դոն Ժուանը ոչ միայն լիակատար հաջողություն ունի կանանց շրջանում, այլեւ նրանց դարձնում է երջանիկ եւ դժբախտ, բայց դա, որքան էլ տարօրինակ է, հենց այն վիճակն է, որին նրանք տենչում են: Եվ ինչ դժբախտ կլինի այն աղջիկը, ով չի կամենա ապրել այդ դժբախտությունը՝ հանուն Դոն Ժուանի հետ լինելու հաճույքի: Եվ եթե ես պնդում եմ այն, որ Դոն Ժուանը գայթակղիչ է, ես նկատի չունեմ, թե նա դավադրաբար ծրագրել էր իր պլանը՝ հմտորեն հաշվարկելով իր արարքների ազդեցությունը: Անկեղծ զգացմունքայնությունն ու վավաշոտությունը, որոնց մարմնացումն է նա, հենց նրա գայթակղության զենքն է: Խելամտությունն իր համար չէ, նրա կյանքը գինու պես փրփրում է, որն ամրապնդում է նրա արիությունը, նրա կյանքը հորդում է, ինչպես նրա խրախճանքին ուղեկից երաժշտությունը: Նա կարիք չունի ոչ նախապատրաստության, ոչ թմրազերծության, ոչ էլ ժամանակի. նա միշտ պատրաստ է, նրա ուժն ու ցանկությունը միշտ իր մեջ են: Նա իր տարերքի մեջ է միայն այն ժամանակ, երբ նրան մրրկում է ցանկությունը:

Ահա նա նստած է սեղանի մոտ, կենսուրախ հանց աստված, հմտորեն օգտվելով գավաթից` նա ելնում է, անձեռոցիկը ձեռքին հարձակման անցնելու պատրաստ: Եթե Լեպորելոն կեսգիշերին արթնացնի նրան, նա ակնթարթորեն քնից կզարթնի` համոզված հաղթանակում: Սակայն նրա հզորությունը ոչ մի բառ չի կարող արտահայտել. երաժշտությունը, եւ միայն այն, կարող է մեր մեջ այդ մասին պատկերացում ծնել, քանզի ոչ արտաքնապես, ոչ ներքնապես դա չի արտահայտվի: Եվ եթե էթիկական գայթակղիչը ծրագրեր ինչ-որ հնարակերտ պլան, ապա ես հեշտորեն կշարադրեի այդ խոսքերով, եւ երաժշտությունն իզուր կջանար հաղորդել նրա ծրագիրը: Դոն Ժուանի դեպքում ամեն ինչ ընդհակառակն է:

Եվ ի՞նչ իշխանություն է դա: Ոչ ոք չի կարող ասել: Եթե ես պարահանդեսից առաջ Ցերլինային հարցնեի, թե այդ ինչ ուժ է ձգում եւ գերում նրան, նա կպատասխաներ. «Չգիտեմ», եւ ես էլ կասեի` «Ճշմարիտ է ասված, մանկիկ իմ: Դու ավելի իմաստուն պատասխանեցիր, քան հնդիկ իմաստունները, եւ խնդիրն այն է, որ ես նույնպես չգիտեմ պատասխանը»:

Վիկտոր Էրեմիտան, նրա հեղինակը եւ Դոն Ժուանը կվերադառնան: Կիերկեգորը կավարտի այն, ինչ որ սկսել էր այսօր:

Դեռեւս Դոն Ժուանի մասին

Կիերկեգորը, ավելի ճիշտ՝ Վիկտոր Էրեմիտան, շարունակում է: Հանգուցալուծման պահին Կիերկեգորը կիրառում է իր մեթոդը (որը նա ամենուր գործածում է)` ոչ մեկը, ոչ մյուսը, այլ` երրորդը: Տեքստի վերջում նախադասությունների արագացված ռիթմն ասես պարուրված է երաժշտությամբ. «Դոն Ժուանի էներգիան, նրա ամենազորությունը, այդպիսի կյանքը կարող է արտահայտել միայն երաժշտությունը, եւ ես այլ մակդիր չեմ գտնում, քան բերկրալից կյանքը: Երբ Դոն Ժուանը (Կրուզի կամոք, ով լիբրետոյի հավանական թարգմանիչն է) Ցերլինայի հարսանիքի տեսարանում հայտնվելիս արտաբերում է. «Զվարճացեք, երեխաներ: Դուք հենց զգեստավորված եք՝ ինչպես հարսանիքի համար», ապա նա ճշգրիտ արտահայտում է իր մտքերը, իսկ գուցե թե՝ ավելին: Ճշմարիտ զվարճանքը միշտ իր մեջ է, իսկ ինչ վերաբերում է հարսանիքին, ապա պատահական չէ, որ բոլոր աղջիկները հարսանյաց հանդերձանքով են: Քանզի Դոն Ժուանը ոչ միայն Ցերլինայի ընտրյալն է. նա պարերով եւ երգերով տոնում է ողջ շրջանի աղջիկների հարսանիքը: Մի՞թե զարմանալի է դրանից հետո, որ նրանք զվարթ շուրջպար են բռնել նրա շուրջ: Եվ նրանք հիասթափված չեն, քանի որ նա ոչ մեկին անուշադրության չի մատնի: Շողոքորթությունը, հոգոցները, անպատկառ հայացքները, քնքուշ ձեռքսեղմումը, գաղտնի շշնջոցը, խարդավանական մոտիկությունը, առանձնանալու փորձերը` դրանք սոսկ փոքրիկ գաղտնիքներ են, փոքրիկ նվերներ հարսանիքից առաջ: Դոն Ժուանի համար դա բարձրագույն հաճույքն է` տնօրինել այդպիսի հարուստ բերքին, նա աչք է դրել ողջ շրջակայքի աղջիկների վրա, եւ, սակայն, դրա համար նրան ավելի քիչ ժամանակ է պետք, քան Լեպորելոյին, որպեսզի տարեգրության մեջ գրանցի Դոն Ժուանի հաղթանակների ցուցակը»:

«Շարադրվածը նպատակ ունի հաստատելու այն միտքը, որ Դոն Ժուանը բացարձակապես երաժշտական է: Նրա ցանկությունները խորապես զգայական են, նա գայթակղում է զգացմունքայնության սատանայական ուժով, նա գայթակղում է ցանկացած կնոջ: Ինչ-որ բառերը եւ նույնիսկ նախադասություններն իր համար չեն: Այդժամ նա խորհրդածող անձ կլիներ: Սակայն նա ոչ մի մշտատեւ բան չունի, նա պտտվում է հավերժական հայտնվել-անհետանալու մեջ, ինչպես երաժշտությունը, որն անհետանում է հնչյունի անհետացմամբ, եւ նրա հայտնվելուն պես դարձյալ ծնվում է: Եթե ես ստիպված լինեի հարցնելու, թե ինչ տեսք ունի Դոն Ժուանը, գեղեցի՞կ է նա արդյոք, երիտասա՞րդ է, թե՞ ոչ այնքան, ի՞նչ տարիքի է, դա իմ կողմից թուլացում կլիներ, համատեքստից դուրս հարց: Այստեղ բերված պատասխանը հավասարազոր կլիներ այն բանին, ինչպես՝ եթե ինչ-որ ինքնակամ անկախ կրոնական աղանդ նույն տեղում դասվեր, ինչ Պետական եկեղեցին: Այո, նա հիասքանչ է, բայց այնքան երիտասարդ չէ: Ինչ վերաբերում է տարիքին, ես կասեի՝ 33 տարեկան, մի սերնդի տարիք: Համանման վերլուծության խնդիրն այն է, որ հեշտ է շեղվելը հիմնականից, շեղվել մանրամասների վրա, լինի դա գեղեցկությունը թե այլ մի բան, ինչը մատնացույց է անում գայթակղության այս կամ այն միջոցը, որ կիրառում է Դոն Ժուանը. այդպես գործելով կարելի է նրան տեսնել, բայց չլսել, եւ այդ պատճառով՝ կորցնել նրա կերպարը: Եվ եթե ես, փորձելով ընթերցողին օգնել՝ պատկերացնել Դոն Ժուանին, ասելով` տեսնում եք, ահա նա կանգնած է, նրա աչքերում հուր է, տեսնում եք ժպիտն իր աչքերում, այնքան, որ նա վստահ է իր հաղթանակի մեջ, նրա արքայական հայացքը, որ պահանջում է այն, ինչը պատեհ է կայսրին, նայեք, թե ինչ թեթեւ է նա շարժվում, պարում, ինչ հպարտորեն է նա մեկնում ձեռքն այն երջանիկին, ով նախատեսված է իր համար, կամ էլ ես կասեի` նայեք, ահա նա ծառերի ստվերի ներքո, ծառին հենված, կիթառով նվագակցում է, եւ դուք կտեսնեք տառապանքներով տվայտող պարմանուհու աղոտ ուրվագծերը, հանց երկյուղած կենդանի, բայց նա չի շտապում, նա գիտի, որ Դոն Ժուանն իրեն է փնտրում, կամ էլ թե ես կարող էի ասել` նա տեղավորվել է լճափին, պարզ լուսնկա գիշերով, այնքան զարմանալի, որ թվում է, լուսինը կանգ է առել, փորձելով նորիցնոր վերապրել իր պատանության շրջանը, եւ ամեն բան շուրջբոլորն այնքան հիասքանչ է, որ պարմանի գյուղական աղջիկները շատ բան կտային նրան հասնելու համար, եւ օգտվելով ժամանակավոր խավարից, քանի դեռ լուսինը նորից չի հայտնվել, նրան համբույր կպարգեւեին: Եթե ես այդպես ասեի, այդժամ խորաթափանց ընթերցողը կնկատեր` ոչ, ոչ, դու ամեն ինչ փչացրիր, դու մոռացար, որ Դոն Ժուանը պետք է տեսանելի չլինի, այլ` լսելի: Այդու ես դա չեմ անի, սակայն կասեմ` լսեք Դոն Ժուանին, եւ եթե լսելով նրան՝ ձեր մեջ պատկերացում չի ծնվի նրա մասին, ապա այն երբեք չի ծնվի: Լսեք նրա կենաց սկիզբը` ինչպես կայծակը պոկվում է ամպրոպաբեր ամպի խավարից, այդպես էլ նա դեն է նետում իր լրջությունը, փայլկտող կայծակից ավելի արագ, նույնքան ակնթարթային, սակայն, այդուհանդերձ, անհողդողդ իր ռիթմում` արդյոք լսո՞ւմ եք դուք, ինչպես է նա խորասուզվում կյանքի բազմազանության մեջ, ինչպես է նա ներխուժում նրա դժվարանցանելի թաղանթի մեջ, լսեք ջութակի այդ թիռ թեւածող հնչյունները, այդ բերկրանքի շարժմունքը, մտքի հիացքը, հաճույքի երանելի վիճակը, լսեք նրա վայրի թռիչքը, նա նետի պես սուրում է ինքն իր կողքով ավելի արագ, անընդհատ, լսեք ցանկության անզուսպ պահանջները, լսեք սիրո ճողփյունները, լսեք գայթակղության շշունջը, լսեք հրապուրանքի մրրիկը եւ հանդարտության պահերը` լսեք, լսեք Մոցարտի «Դոն Ժուանը»: