«Անթիջենիքս» կենսատեխնոլոգիական ընկերության սեփականատեր Կարո Արմենը երկար տարիներ աշխատում է Օնկոֆագ անձնականացված քաղցկեղային պատվաստանյութի վրա: Պատմում է, որ քաղցկեղ հիվանդությունն ուսումնասիրելու ցանկությունն իր մեջ առաջացել է այն ժամանակ, երբ մայրը 47 տարեկանում մահացել է կրծքի քաղցկեղից: «Դրանից հետո տարիներ անցան, ու առաջացավ բիոտեխնոլոգիան: Ու ինձ շատ հետաքրքրեց մարմնի իմունային համակարգը: Հետաքրքրական էր, որ արդեն մարմինը, անձն ինքը կարող է պայքարել այս հիվանդության դեմ ու բուժել այն` իմունիտետի միջոցով»,- ասում է նա: Կ. Արմենի խոսքերով` Օնկոֆագ պատվաստանյութի տեխնոլոգիան պարզ է` յուրաքանչյուր անձի համար քաղցկեղն անհատական հիվանդություն է: «Օրինակ, կրծքի քաղցկեղի պատճառն այն է, որ կրծքում բջիջների մուտացիա է լինում: Սակայն այդ մուտացիայի արդյունքը տարբեր մարդկանց մոտ տարբեր է: Ու յուրաքանչյուրի հիվանդությունը փաստորեն տարբեր է: Հետեւաբար՝ մենք մտածում էինք, որ սովորական` ունիվերսալ դեղը չի կարող հաջող կերպով պայքարել այս հիվանդության դեմ: Իսկ մեր առաջարկած այս ձեւը բավական հետաքրքիր է»,- ասում է նա: Ներկայացնելով, թե ինչ է իրենից ներկայացնում այս պատվաստանյութը` Կ. Արմենը նշում է, որ իրենք ստանում են հյուսվածքը` տվյալ անձին հատուկ մոլեկուլներով, պատրաստում պատվաստանյութն ու այն ներարկում քաղցկեղով հիվանդ տվյալ անձին: «Այն իմունային համակարգին սովորեցնում է` ինչպես ճանաչել տվյալ անձի քաղցկեղը: Փաստորեն` երկու արդյունք ենք ստանում, նախ` տվյալ անձի իմունիտետն է բարձրանում, երկրորդ` այդ իմունիտետը կարողանում է անձի քաղցկեղը ճանաչել ու պայքարել դրա դեմ»,- ասում է նա: Ի դեպ, 2008թ. ապրիլին Ռուսաստանի հետ պայմանագիր է կնքվել, ու շուտով այս պատվաստանյութը կփորձարկվի երիկամի քաղցկեղ ունեցող հիվանդների վրա: Կ. Արմենը նշում է, որ 1997-ից իրենք սկսել են փորձարկել այն, ու ներկայումս կան մարդիկ, որոնք կենդանի են հենց այս դեղամիջոցի շնորհիվ: Կ. Արմենը հավաստիացնում է, որ քաղցկեղի համար նախատեսված շատ դեղեր, օգնելու փոխարեն, հաճախ ավելի են վնասում: «Շատ դեղեր պարզապես թույն են: Իսկ այս դեղն ընդհանրապես վնաս չի տալիս, միակ վնասն ասեղի ծակոցն է»,- ասում է նա` ավելացնելով, որ սովորաբար դեղերը մի քանի ամսով երկարացնում են մարդկանց կյանքը, բայց չեն բուժում: Կարո Արմենը հիմնադրել է նաեւ «Սի.Օ.Էյ.Էֆ» բարեգործական հիմնադրամը, որն իրականացնում է «Օրինակելի գյուղախումբ» ծրագիրը: Նա պատմում է, որ երբ շրջել է հայկական գյուղերով, շատ է տպավորվել. «Տպավորությունս այն էր, որ շուտափույթ պետք է կարողանանք օգնել նրանց: Պետք է նաեւ նրանց սովորեցնեինք, որ կարողանան օգնել իրենց, ապագան կերտեն, միայն փող տալով չպետք է լուծել խնդիրը: Մեկ գյուղից սկսեցինք: Դպրոցները, մանկապարտեզներն էինք նորոգում, սակայն այնքան շատ էին խնդիրները, որ դա քիչ էր: Որոշեցինք ժողովրդի հետ միասին աշխատել, ու առաջնահերթ խնդիրները որոշեցինք: Հիմա փոփոխություններն ակնհայտ են, 16.000 հոգու կյանքն իրապես փոխվել է»: