Բոլորը կանգնած են երկընտրանքի առաջ

20/07/2008 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Քաղբանտարկյալներին իրավական, քաղաքական, բարոյական եւ նյութական աջակցություն ցուցաբերելու նպատակով մի խումբ հասարակական-քաղաքական գործիչներ ստեղծել են «ՀՀ-ում քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտե»: Նրանք բացել են նաեւ հաշվեհամար, որին փոխանցված գումարները տրամադրելու են կալանավայրերում գտնվող անձանց ընտանիքներին:

Երեկ հրավիրված ասուլիսում կոմիտեի անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը տեղեկացրեց, որ ամիսներ շարունակ կալանավայրերում գտնվողների ընտանիքները հայտնվել են սոցիալապես ծանր վիճակում, քանի որ միայն ամեն շաբաթ կալանավայրեր տարվող հանձնուքները («պերեդաչա») նրանց ընտանիքներին արժենում են 30-35 հազար դրամ: «Այն լափը, որով կերակրում են կալանավորներին, դժվար է ասել, որ կբավարարի նրանց կենսական պայմանները»,- ասաց նա:

Իսկ մինչ այս Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, որը նաեւ Համաժողովրդական շարժման կենտրոնի կողմից ձեւավորված մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանրային հանձնաժողովի համակարգողն է, վստահեցրեց, թե Քաղաքագետների միությունը կոնկրետ տեղեկություն ունի, որ մարտի 1-ի դեպքերից հետո մի խումբ օլիգարխներ հավաքվել եւ քննարկել են, թե ինչպես պետք է կանխեն լրատվական դաշտում եւ հանրահավաքներում այն վարկածի արծարծումն ու լուսաբանումը, որ իրենց «սափրագլուխներն» են կրակել ժողովրդի վրա: «Ես սա հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ: Նման բան եղել է այդ օրերին, հավաքվել եւ քննարկել են, թե որ լրագրողին ինչքան պետք է վճարվի, որպեսզի այս վարկածն այլեւս չարծարծվի ԶԼՄ-ներում` թե՛ տպագիր, թե՛ էլեկտրոնային: Եվ սա ցույց է տալիս, որ մենք իսկապես դուրս ենք եկել չափազանց կարեւոր մի հետքի վրա, եւ պետք է, ի թիվս մյուս վարկածների, շարունակենք հետազոտել նաեւ այս վարկածը, թե ինչպես են արտահայտվել մարտի 1-ի իրադարձություններում օլիգարխիայի շահերը: Այն օլիգարխիայի, որն այս 10 տարիների ընթացքում միշտ նեցուկ է եղել այն ռեժիմին, համակարգին, որն այսօր շարունակում է գործել եւ մնում է անփոփոխ, եւ որը միաժամանակ վտանգված է ահագնացող (ժողովրդական շարժման ծավալումով) այդ օլիգարխիայի համար: Այս իրավիճակը ստիպում է մի կողմից՝ շարունակել մեր աշխատանքները, մյուս կողմից՝ պատրաստ լինել տարբեր կարգի լրատվական ոտնձգություններին դիմակայելու»,- հայտարարեց Հ. Հովհաննիսյանը` վստահեցնելով, որ եթե վերանա ժողովրդի եւ իշխանությունների միջեւ առաջացած վիհը, եթե լինի ազգընտիր իշխանություն, ապա այդ դեպքում օլիգարխիան դուրս կմղվի քաղաքական դաշտից եւ կկորցնի իր անփոխարինելի ազդեցությունն իշխանությունների համար, որպես միակ հենարան:

Երեկա քննարկման հիմնական զեկուցողներից մեկը, բացի իրավապաշտպան Վարդան Հարությունյանից, պետք է լիներ նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, սակայն նա չէր մասնակցում: Այս առնչությամբ, Հ. Հովհաննիսյանն ասաց. «Չեմ ուզում հավատալ, որ որեւէ ճնշում է եղել նրա վրա, որ չի եկել»: Քաղբանտարկյալների կոմիտեի անդամ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էլ հայտարարեց, թե գործող իշխանությունները ԵԽ ԽՎ ընդունած բանաձեւում նշված պահանջների հետ կապված ոչինչ չեն արել, բացի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումից, որն էլ, ըստ նրա` ի սկզբանե ձեւական բնույթ է կրում եւ անաչառ լինել չի կարող հենց միայն այն պատճառով, որ հիմնականում բաղկացած է իշխանական ուժերի ներկայացուցիչներից, ովքեր հրապարակավ բազմիցս հնչեցրել են մարտի 1-ի դեպքերի եւ ընդհանրապես ընդդիմության գործունեության հետ կապված իրենց կարծիքները, որոնք որպես կանոն չեն տարբերվել Դատախազության հնչեցրած տեսակետներից ու մեղադրանքներից: «Այդ հանձնաժողովում ներգրավված ոչ մի պատգամավոր չկա, որը երբեւէ ելնելով թեկուզ անմեղության կանխավարկածից, պահանջեր կամ առաջարկեր ազատ արձակել կալանավորվածներին, որոնցից շատերի նկատմամբ որեւէ քննչական գործողություն չի կատարվել մինչեւ նախաքննության ավարտը: Եվ եթե նախաքննությունը կամ դատաքննությունը կհաստատեին մեղադրվողների մեղքը, այդ ժամանակ միայն կալանավորվեին կամ դատապարտվեին: Այդ ժամանակավոր հանձնաժողովում չկա որեւէ պատգամավոր, որը դեմ արտահայտված լիներ իրենց գործընկեր պատգամավորների` անձեռնմխելիությունից զրկելու մասին՝ դատախազի չհիմնավորված պահանջին: Նրանց մեջ չկա ոչ մի պատգամավոր, որը ոչ միայն այս, այլեւ կամայական թեմայի կապակցությամբ իրեն անկախ ու ազատ դիրքորոշում արտահայտելու իրավունք վերապահեր երբեւէ: Այդ պատճառով էլ վստահորեն կարելի է պնդել, որ եթե ՀՀ-ում անակնկալ քաղաքական փոփոխություններ չլինեն, եւ եթե իրավիճակը մնա այնպիսին, ինչպիսին այսօր է, ապա ԱԺ ժամանակավոր այդ հանձնաժողովը մի քանի ամիս գոյություն ունենալուց հետո հանգիստ կհայտարարի, որ լուծել է իր առջեւ դրված խնդիրը, եւ կհրապարակի Դատախազության վարկածի լուսապատճենը` որպես եզրակացություն»,- հայտարարեց նա: Անդրադառնալով քաղբանտարկյալներին, նա նախ նշեց, որ այսօր կալանավայրերում կա շուրջ 82 մարդ, ապա նկատեց, թե այսօր չկա մարդկանց որեւէ խումբ` սկսած իշխանությամբ օժտվածներից՝ մինչեւ ամենահասարակ քաղաքացի, որ պաշտպանված լինի: Նրա համոզմամբ` «կամայականության այս տեղապտույտում» բոլորն էլ հայտնվել են զոհի կարգավիճակում: «Յուրաքանչյուր հասարակական կամ քաղաքական գործիչ, յուրաքանչյուր գործարար, պաշտոնյա կանգնած է երկընտրանքի առջեւ: Նա կամ պետք է կանգնի այսօրվա բարձրագույն իշխանավորի կողքին` արդարացնելով նրա յուրաքանչյուր քայլ ու հանցագործություն, կամ նրա կողքին չկանգնելով՝ հայտնվի հալածյալի կարգավիճակում: Ոստիկանությունը վերածվել է իշխանավորի ձեռքի անլեզու մահակի, Դատախազությունը փայլում է շինծու մեղադրանքներ հնչեցնելով եւ դրանք պաշտպանելու եւ հիմնավորելու անկարողությամբ: Իսկ դատարանները կտրել են արդարադատության հետ ունեցած բոլոր կապերը եւ արդեն չեն էլ ձգտում անկախ երեւալու ձեւական կողմը պահպանելուն: Յուրաքանչյուրի ուղեղում միայն մի սեւեռուն միտք է. ի՞նչ անի, որ ամենավերին իշխանավորի բարձրացրած մահակն այս կոնկրետ պահին իր գլխին չիջնի: Դրա համար էլ ամեն մեկը կաշվից դուրս գալով՝ ի ցույց է դնում իր հնազանդությունն ու ծառայամտությունը»: