«Մեկ խնդրի լուծում պահանջող ընդդիմությունը կայացած չէ»,- օրերս նման հայտարարություն էր արել ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Ռուզան Առաքելյանը:
Երեկ «Հայելի» ակումբում կայացած բանավեճի ժամանակ մեկնաբանելով իր այդ հայտարարությունը` նա նշեց, որ եթե ընդդիմությունն ընդամենը նպատակ ունի, այն է` իշխանափոխություն, նախագահի հրաժարական, ապա այդ ընդդիմությունը կայացած չէ: Տիկին Առաքելյանի կարծիքով` ընդդիմության նպատակը պետք է լինի երկրում կայունություն ստեղծելը: Բանավեճի մյուս մասնակիցը` Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) նախագահ Լյուդմիլա Սարգսյանը, համամիտ չէր Ռ. Առաքելյանի հետ եւ կարծում է, որ նա ընդամենը «փորձում է արդարացնել Դաշնակցության այսօրվա կեցվածքը»: «Մեզ համար բացարձակ անընդունելի է այն, ինչ տեղի ունեցավ ընտրություններից հետո: Ունենալ ընդդիմադիր կեցվածք ու ընտրությունների վիճարկելի արդյունքներն ընդունելն ու անցնելը իշխանական կոալիցիա՝ խոսում է կուսակցության չկայացած լինելուց: Ընդդիմությունը կայացած է այն ժամանակ, երբ ժողովուրդը նրա հետ է, ժողովրդի հետ համատեղ փորձում են լուծումներ տալ խնդիրներին»,- ասաց նա: Ի պատասխան` Ռ. Առաքելյանն արդարացավ, որ իրենք նախընտրական քարոզարշավը սկսել են ոչ թե ընդդիմադիր կեցվածքով, այլ խոսելով բացթողումների ու իշխանությունների թերությունների մասին: «Կոալիցիա մտնել՝ չի նշանակում՝ դառնալ իշխանությանը համակարծիք, ծափահարել այն կարծիքին, որ հայտնվում է իշխանության կողմից: Դա նաեւ նշանակում է՝ այլակարծիք լինել իշխանության մեջ, ունենալ տարբեր տեսակետներ»,- ասաց նա: «Ձեզ գոհացնո՞ւմ են նախագահական ընտրությունների արդյունքները, արդյոք Սերժ Սարգսյանն ազգի կողմից ընտրվա՞ծ նախագահ է»,- Լ. Սարգսյանի այս հարցին ի պատասխան՝ Ռ. Առաքելյանը նշեց, որ Սերժ Սարգսյանն ընտրված նախագահ է, սակայն այլ հարց է` արդյոք ընտրությունները կայացե՞լ են ազատ, արդար մթնոլորտում: «Մենք ընտրությունների վերաբերյալ ունենք վերապահումներ: Բայց Սահմանադրական դատարանն իր վճիռը կայացրել է»: Ի պատասխան՝ Լ. Սարգսյանը նշեց, որ ինքը համոզվեց, որ «Դաշնակցությունը սկզբունքային չէ եւ, որ պահին ոնց հարմար է, կարողանում է աճպարարություն անել»: «Շարունակում եք մնալ իշխանության մեջ եւ խուսափել իշխանությունների սխալների պատասխանատվությունը կրելուց: Ես վստահ եմ, որ լեգիտիմության մասին այսպես չեք մտածում, քանի որ ակնհայտ է, որ իշխանությունը բռնազավթված է, եւ արտահերթ նախագահական ընտրություններ իրոք կայանալու են»,- ասաց նա:
Սակայն, ըստ Ռ. Առաքելյանի, Դաշնակցության առանցքային խնդիրը Հայաստանում հավասարակշիռ մթնոլորտ ստեղծելն է, որտեղ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը կկարողանան նորմալ աշխատել: Մյուս խնդիրներն են` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը, Ռ. Առաքելյանի կարծիքով` քաղաքական այս վայրիվերումների մեջ կարող է վնասվել, ինչպես նաեւ` Հայ դատի, Ցեղասպանության խնդիրը: Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած կուսակցության եւ նրա խոսքով` ամբողջ հայ ժողովրդի գերակա խնդիրն էլ իշխանությունների լեգիտիմությունն է, որից կախված է նաեւ ղարաբաղյան հարցի լուծումը, Հայ դատի հարցը: «Այսօր ակնհայտ է, որ ժողովրդի 80 տոկոսը չի վստահում գործող իշխանություններին: Մենք բոլոր միջազգային ատյաններում պարտություններ ենք կրում, որովհետեւ իշխանությունները, կոնկրետ նախագահը չի կարող վստահաբար ներկայացնել իր երկիրը»,- ասաց նա` երկրորդ հարցն ուղղելով Ռ. Առաքելյանին` ինչպե՞ս է Դաշնակցությունը վերաբերվում նախագահի` հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկությանը համաձայնելուն, եւ ինչո՞ւ է լռում ՀՅԴ-ն: Ի պատասխան` ՀՅԴ ներկայացուցիչը նշեց, որ իրենք երբեք չեն շտապում վերլուծություններ անելիս: Սակայն իր անձնական կարծիքով, երբ այսպիսի հարց է բարձրացվում, արդեն կասկածի տակ է դրվում ցեղասպանության խնդիրը: «Եթե մենք խորհուրդ ստեղծելու, որեւէ խնդիր քննարկելու հարց ենք դնում, պատմական ճշմարտությունը կասկածի տակ ենք դնում: Բյուրոյի կարծիքը փոխանցել չեմ կարող, քանի որ հարցը դեռ վերլուծվում է»,- ասաց նա: Լ. Սարգսյանն այս հարցում համամիտ էր Ռ. Առաքելյանի հետ: «Դաշնակցությունը սփյուռքում մեծ լծակներ ունի, եւ արդյոք ճիշտ չէ՞ր լինի, եթե նորաստեղծ Սփյուռքի նախարարությունը ղեկավարեր ոչ թե Հրանուշ Հակոբյանը, այլ Դաշնակցության ներկայացուցիչներից մեկը»՝ լրագրողներից մեկի այս հարցին ի պատասխան՝ Ռ. Առաքելյանը նշեց, որ դա կադրային ճիշտ քաղաքականության դրսեւորումներից մեկն է: «Այս ապագա նախարարության նախարարը պետք է լինի անկուսակցական: Կարծում եմ` սա ճիշտ մոտեցում է»,- ասաց նա: