Հեղափոխություններից հետո, հաճախ բոլոր հեղափոխությունները հատկորոշող տրամաբանությամբ, գալիս է «մեծ ընդմիջման պահը»:
Հեղափոխություն կատարած առաջին մարտիկները, որոնք, ի տարբերություն ժառանգորդների, նախապես իդեաների եւ իդեալների մեծ պաշար ունեին, սկսում են տեղի տալ այն ուժերի առջեւ, որոնք ոչ իդեալ են կռել, ոչ երբեւէ եղել են բարիկադներում կամ աքսորավայրում, առաջնորդների իդեաների եւ իդեալների տեղատվության պահն օգտագործում են իրենց դիրքերն ամրապնդելու համար: Կրկնում եմ՝ նրանք չեն եղել բարիկադներում եւ ոչ էլ աքսորավայրերում եւ խրամատներում, նույնիսկ անկարող են այդ բանն անել, հեղափոխության դրոշ չեն բարձրացնում, հանրահավաքներ եւ ցույցեր չեն կազմակերպում, այլ սկսում են մանրիկ ինտրիգներով, պալատական կոնֆլիկտներ սարքելով, երկաթուղին, փոստը, հեռագրատունը գրավելու հրահանգներ չեն արձակում, սակայն տեղատվության այդ մեծ պահին ստեղծում են կառավարման «ժամանակավոր» օրենսդրական դաշտ, որով հեղափոխության ապօրինի պայթյունը դարձնելով օրինական ներքեւից վերեւ, թիզ առ թիզ նվաճում են իշխանությունը:
Այդ պահից հեղափոխության վերժամանակյա-վերպատմական պատգամը գործում է անխափան. հեղափոխության աստվածներին, ապա՝ հերոսներին, գալիս են փոխարինելու մարդիկ, որոնց համար, լատինական առածի հանգույն, մարդկային ոչ մի բան խորթ չէ:
«Խելագարն ամենեւին էլ նա չէ, ով զրկվել է բանականությունից: Խելագարը նա է, ով զրկվել է ամեն ինչից, բացի բանականությունից», Չեստերտոնի միտքը պակաս դաժան չէր լինի, եթե «Հոկտեմբերի 27»-ի կրակոցները դասական վախճանին չհասցնեին հայկական առաջին «թավշյա» հեղափոխությունը, մանավանդ, որ առաջին գնդակները վերջ տվին այն երկու առաջնորդների կյանքին, որոնցից մեկը հեղափոխությանն ամենահետեւողական «ոչ» ասողն էր եւ անգամ եղերական այդ պահին հասցրել էր ասել՝ «այդպես հարց չեն լուծում», երկրորդը՝ հեղափոխականներից ամենախիզախը, ում վերջին հարցը. «էս ո՞վ է», այդպես էլ մնաց անպատասխան: Ահա թե երբ է ավարտվում հեղափոխությունը եւ ինչպես, երբ պատմության միստիկ բանդագուշանքով ժամանակի արյունոտ կառափնաբեմին միաժամանակ հայտնվում են «ոչ»-ը եւ «այո»-ն:
Հեղափոխություն 2. Տեր-Պետրոսյանի ողբերգությունը եւ Հայաստանը
«Մատրիցա» ֆիլմում կա մի տեսարան, երբ Մորփեուսն ասում է. «Մատրիցան ամենուր է, մեր շուրջը, նույնիսկ այստեղ՝ այս սենյակում… Դա այն աշխարհն է, որ պտտվում է աչքերիդ առջեւ, որպեսզի կուրացնի քեզ եւ թույլ չտա տեսնել ճշմարտությունը»: «Ո՞ր ճշմարտությունը»,- հարցնում է Նեոն: «Այն, որ դու ստրուկ ես, Նեո: Որ դու, ինչպես բոլորը, ծնվել ես կապանքներով… որ քեզ փակել են բանտում, որն անհնար է համտեսել, զգալ հոտը: Այն քո բանականության բանտն է»,- պատասխանում է Մորփեուսը:
Մոտավորապես այս հանգրվանին է հասել հայաստանյան բնակչության ճնշող մասի գիտակցությունը, երբ բանականության իմպոտենցիան սպառնում է ի չիք դարձնել այն ամենը, ինչ, թվում է, թե դեռ ունենք: Ոչ այնքան հեղափոխությունը, որքան հեղափոխության ցանկությունն ամենուր է՝ ընտանիքներում, հաստատություններում, երթուղայիններում, բուհերում, եւ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» կարգախոսը վերաճում է «Ոչ ազգ, ոչ մշակույթ» իրողության: Եվ երկրի ներքաղաքական կացության համար վտանգավորը միայն այն չէ, որ իշխանությունները ձգտում են ավտորիտարիզմի, վտանգավորն այն չէ, որ ընդդիմությունն արմատական է, այլ, որ երկուսն էլ իրենց ընդերքից ծնում են քաղաքական գործիչների մի նոր սերունդ, Միխայիլ Բուլգակովի ասած՝ «խոռով երգողների», այսինքն՝ կոմսոմոլին: Նրան, ով ոչինչ չունի կորցնելու, որովհետեւ ոչինչ չունի, որ կորցնի: Երկրով մեկ շրջում են «Կարլ Մարքսի կեղծ թոռնիկները, Ֆրիդրիխ Էնգելսի գոյություն չունեցող զարմիկները, Լունաչարսկու եղբայրները, Կլարա Ցետկինի զարմուհիները, կամ, վատագույն դեպքում, նշանավոր անիշխանական, իշխան Կրոպոտկինի սերունդները»՝ ճիշտ այնպես, ինչպես «12 աթոռում»:
Այդ ամենի հեռապատկերին, որքան էլ առաջին հայացքից անհավատալի թվա, Լեւոն Տեր-Պետրոսյանի մուտքը քաղաքականություն ոչ թե հեղափոխություն անելու նպատակ ունի, այլ այն կանխելու ցանկություն, այսինքն՝ ժողովրդական ավելի քան մեկ տասնամյակ հասունացած շարժումը «թավշյա հեղափոխության» հուն տեղափոխելն է, որի «մասնագետն» է՝ սկսած 88 թվականից: Ուստի նա կանգնած է ավերիչ հեղափոխության ցանկության եւ այն իրագործելու արանքում, քանի որ, եթե չլիներ նրա առաջնորդությունը, կան եւ կգային ուժեր, որոնք արդեն ոչ մի բանի առջեւ կանգ չէին առնելու: Այս հանգամանքը նրա մեջ ծնում է երկվություն, որ երբեմն իշխանությունների հետ երկխոսելու պահանջ է թելադրում (հունիսի 20-ի հանրահավաքում), բայց քանի որ համարժեք ըմբռնում չի գտնում, կոշտացնում է դիրքորոշումը (հուլիսի 4): Եվ թվում է, որ այս պահին քաղաքական հակառակորդներ են ոչ թե ընդդիմությունն ու իշխանությունը, այլ մի երրորդ կողմ, որը ոչ միայն բացառում է երկխոսությունը, այլեւ ստեղծված կացության միակ մեղավորն է համարվում:
Առաջին նախագահը քաղաքական գործունեության ողջ ընթացքում առաջնորդվել է միմիայն դասական դիվանագիտությամբ: Իշխանության տարիներին մտավոր կյանքի այս որակը՝ դասականությունը, նրան զերծ է պահել ոչ թե սխալներից, այլ խոշոր, պետության համար ճակատագրական սխալներից: Դրանից միայն մեկ անգամ է շեղվել՝ 96-ի ընտրություններին, սակայն, կարծում եմ, այդ քայլով նա ավելի շուտ մեղանչեց ժողովրդավարության դեմ, բայց ոչ երբեք՝ պատմության: Քանի որ երկու տարի անց հրաժարական տալով՝ ապահովեց այն ուժերի իշխանության գալը, որոնք ընդդիմադիր էին 96-ին (մինուս Մանուկյան նախագահ, պլյուս Քոչարյան) եւ կառավարում են առ այսօր, եւ արդյունքներն ակնհայտ են: Այս պահին դժվար է պնդել, թե արդյո՞ք ճիշտ են Լեւոն Տեր-Պետրոսյանի հաշվարկները, սակայն մի բան պարզ է. իշխանությունից հեռանալուց հետո, նախագահական եւ խորհրդարանական վերջին վեց ընտրություններում նոր իշխանություններին ժառանգություն թողեց միայն իր միակ վրիպումը՝ օրինական ճանապարհով իշխանափոխություն կատարելու հնարավորությունը, ինչն անհատական ողբերգություն լինելուց առաջ, սկսում է դառնալ ազգային ողբերգություն: