H2O ֆորմուլային ծանոթ են նույնիսկ երեխաները. 40 մլ հեղուկ է անհրաժեշտ մարդու ընդհանուր զանգվածի յուրաքանչյուր կիլոգրամին: Այսինքն` 60 կգ քաշ ունեցող մարդուն օրվա մեջ անհրաժեշտ է 2,4 լիտր ջուր` ոչ ավել, ոչ պակաս: Իսկ քանի որ հաճախ ասում են՝ ամռանը քրտինքի միջոցով շատ հեղուկ ենք կորցնում, դրա համար պետք է շատ հեղուկ օգտագործենք (մինչեւ անգամ հեղուկի քանակը հասցնում են 5-6 լ)՝ այնքան էլ այդպես չէ: Կենսաբանական գիտությունների թեկնածու, բժիշկ-դիետոլոգ Անդրեյ Ռոմանովը գտնում է, որ մարդ պետք է տարբերի ծարավն ու խմելու ցանկությունը: Տարբերությունը շատ մեծ է: Ծարավի զգացումն ազդակ է օրգանիզմի կողմից, իսկ խմելու ցանկությունը հաճախ չգիտակցված է լինում, որը հիմնականում օրգանիզմին վնաս է բերում: Առավոտյան աչքերի տակ առաջացած այտուցները, երեկոյան ոտքերի այտուցվածությունը, մի թեթեւ քամուց առաջացած հարբուխը, եղանակի թեթեւակի փոփոխությունից առաջացած գլխացավերը, դաշտանային ցիկլի երկարաձգվելը հաճախ հեղուկի քանակի չարաշահման պատճառով են լինում:
Աշխատանքային օրվա մեծ մասը, որպես կանոն, զբաղված ենք սրճային ու թեյային ընդմիջումներով: Բայց ձմռանը, երբ այս ըմպելիքների տաքացնող էֆեկտն անցնում է երկրորդ պլան, դա արդեն դառնում է անօգուտ զբաղմունք` տաք ըմպելիքները միզամուղ հատկություններ ունեն, ուրեմն դրանց միջոցով ծարավի դեմ պայքարելն անիմաստ է:
Ծարավի դեմ գազավորված ըմպելիքներով պայքարելը եւս անիմաստ է` դրանց պարունակության մեջ գտնվող ածխաթթուն քայքայում է ստամոքսի լորձաթաղանթն ու աղիները: Հանքային ջրում շատ են աղերը, որոնք առաջացնում են այտուցներ: Միակ ելքը հյութ խմելն է, բայց ոչ այն հյութերը, որ վաճառվում են խանութներում, այլ թարմ քամած կամ եփած: «Նրանց, ովքեր հնարավորություն չունեն մեկնել հանգստանալու եւ ստիպված են արձակուրդն անցկացնել տոթ գրասենյակում, շատ լավ օգնում է հատապտուղներից պատրաստված հյութը` թոթափելու գերհոգնածությունն ու դեպրեսիոն վիճակը»,- խորհուրդ է տալիս Անդրեյ Ռոմանովը:
Գազարի հյութը խթանիչ է հանդիսանում նյութափոխանակության համար: Վիտամին C պարունակող բոլոր հյութերը` կիտրոնի, նարնջի, թուրինջի, կենտրոնացնում են ուշադրությունը, իսկ նարնջի հյութը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք համարվում են ոչ այլ ինչ, քան «երիտասարդության մոլեկուլներ»:
Իսկ Մասաչուսեթսի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ խնձորն ու խնձորի հյութը կարող են օգնել նույնիսկ տարեցներին, որպեսզի պահպանեն ուղեղի պայծառությունը: Նրանք այն անվանել են «ինտելեկտուալների ըմպելիք», իսկ օրվա չափաքանակն է` 2,5 բաժակը:
Բանջարեղենային հյութերը, կարելի է ասել` համադարման են գարնանային-ամառային ալերգիաներից տառապողների համար: «Բայց ինչ հյութ էլ ընտրելու լինենք,- հավատացնում է դիետոլոգ Ռոմանովը,- օրվա մեջ թարմ քամված հյութի մեկ բաժակը երկարացնում է կյանքն ամենաքիչը 4-5 տարով»: