Ժողովրդավարության գնահատականները ներազդեցության գործիքներ են

20/07/2008

ԵԽ ԽՎ հունիսյան նստաշրջանում Հայաստանում եւ Ադրբեջանում ժողովրդավարական գործընթացների քննարկումներն ու արդյունքում ընդունված փաստաթղթերն անմիջապես դարձան երկու երկրներում կարեւորագույն թեմաները: Ո՞րն է դրա պատճառը` Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից եվրոպական կառույցների վերաբերմունքի հարցում նախանձախնդրությո՞ւնը, ստորացուցիչ պատժամիջոցների չարժանանալու հրամայակա՞նը, Հայաստանի եւ Ադրբեջանի խնդիրները նույն մամլիչի տակ դնե՞լը, թե՞ ուրիշ հանգամանքներ: Այս մասին են մեր հարցազրույցները հայ եւ ադրբեջանցի փորձագետների, իրավապաշտպանների ու քաղաքական գործիչների հետ, որոնցից առաջին երկուսը ներկայացնում ենք ստորեւ:

«Ռեգիոն» կենտրոն

– Ձեզ բավարարո՞ւմ է ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի, Եվրամիության վերաբերմունքը եւ ուշադրությունը Հայաստանում եւ Ադրբեջանում օրինականության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հետ կապված խնդիրների նկատմամբ:

– Կասկածից վեր է, որ եվրոպական երկրներն ունեն իրենց քաղաքական եւ տնտեսական առաջնահերթությունները մեր տարածաշրջանում, եւ Հարավային Կովկասի պետությունների հանդեպ իրենց ուշադրությունն ու վերաբերմունքը նրանք պայմանավորում են սեփական շահերով: Այս տեսանկյունից կարող ենք զուգահեռներ անցկացնել Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Վրաստանը շատ ավելի ժողովրդավար է ընկալվում (ավելի շուտ` հրամցվում), քան Ադրբեջանը եւ գուցե հիմա՝ նաեւ Հայաստանը: Սա պայմանավորված է նրանով, որ Վրաստանը շատ հստակ արեւմտամետ դիրք է գրավում եւ ունի կոնֆլիկտ Ռուսաստանի հետ: Այս առումով Վրաստանը միանգամայն նպաստավոր վիճակում է արեւմտյան պետությունների հետ հարաբերություններում: Չէ՞ որ վերջիններս այս տարածաշրջանում մրցակցային պայքարի մեջ են Ռուսաստանի հետ եւ գործում են ընդդեմ ռուսական ազդեցության ծավալման: Փաստորեն, ժողովրդավարության առումով մոտավորապես նույն իրավիճակում գտնվող պետությունները տարբեր ձեւով են ընկալվում եւ մատուցվում Արեւմուտքում: Ձեր նշած կազմակերպություններն ազատ են, ելնելով իրենց շահերից, տալու ավելի խիստ կամ ավելի մեղմ բնութագրումներ ժողովրդավարությանը մեր համապատասխանության հարցում:

– Հարավային Կովկասի երկրներում ժողովրդավարական ազատությունների հետ կապված իրավիճակի, միջազգային ստանդարտներին դրանց համապատասխանության՝ ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի, Եվրամիության գնահատականներն արդարացի ու հավասարակշռված համարո՞ւմ եք, թե՞ կիրառվում է երկակի ստանդարտների քաղաքականություն:

– Ժողովրդավարության չափանիշները նույնն են, շահերն են տարբեր: Արդեն ասացի, որ եվրոպական կազմակերպությունների գնահատականները հիմնականում պայմանավորված են այն հանգամանքով, թե տարածաշրջանի պետություններից յուրաքանչյուրն ի՞նչ դերակատարում ունի նրանց շահերի շրջանակներում: Դժվար չէ հատկապես բացասական գնահատականներ տալը, քանի որ բոլոր երեք երկրներում էլ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից իսկապես բազմաթիվ բացեր կան: Պետք է հասկանալ, որ գնահատականների չափաբաժինները բացառապես պայմանավորված են կոնկրետ շահերով: Երկակի ստանդարտների քաղաքականություն չի կիրառվում, պարզապես ամեն մի կոնկրետ դեպքի համար, ելնելով շատ կոնկրետ շահերից, կիրառվում է համապատասխան մոտեցում: Եվ բնական է, որ այս համատեքստում այն, ինչ ասվում է Հայաստանի մասին, չի ասվի Վրաստանի կամ Ադրբեջանի դեպքում: Սա է նրանց մոտեցումը: Այդ գնահատականները զուտ չափորոշիչներ չեն, դրանք ներազդեցության քաղաքական գործիքներ են:

– Ինչպե՞ս են մեր երկրում ընկալում Հայաստանի ժողովրդավարացման գործընթացներին եվրոպական կազմակերպությունների տված գնահատականները, արդյո՞ք այդ գնահատականները նշանակություն ունեն այս ուղղությամբ մեր երկրում իրական առաջընթացի համար:

– Մեր երկրի քաղաքական շրջանակներում այդ գնահատականները նույնպես վերածվում են ներքաղաքական հաշիվներ մաքրելու կամ հաշվեհարդար տեսնելու գործիքների: Իշխանության կողմից այդ գնահատականները վերածվում են մի թեմայի, որի շուրջ կարելի է քննարկում ծավալել եւ խոսել բարեփոխումների մասին, ցույց տալ, որ նրանք գնում են ժողովրդավարացման պահանջներին ընդառաջ: Իսկ ընդդիմության կողմից օգտագործվում են որպես ուղիղ գործիք, ցույց տալու, որ Հայաստանում ժողովրդավարության արժեքների տեսանկյունից ամեն ինչ վատ է: Երկու պարագայում էլ գնահատականները չեն գիտակցվում որպես մեր երկրի ու ժողովրդի առաջնահերթ շահը: Այդ գաղափարները չեն ընկալվում որպես բովանդակություն, ավելի շատ գործ ունենք հարցի ձեւական կողմի հետ: Սա հետեւանք է այն բանի, որ չկա միասնական վերաբերմունք, չկա այդ գնահատականների իրական արժեքի գիտակցումը: Իսկ այդ գիտակցության բացակայությունն էլ, իր հերթին, գալիս է նրանից, որ մենք չունենք արտաքին քաղաքականություն, այլ` միայն արտաքին հարաբերություններ: Ժողովրդավարացմանն ուղղված քայլերը մեզ համար նպատակաուղղված գործընթաց չէ, այլ ավելի շուտ՝ պատեհապաշտական գործողությունների շարք: Չկա միասնականություն եւ միասնական տեսլական, թե ինչպիսի՞ն է մեզ շրջապատող աշխարհը, որո՞նք են աշխարհի շահերը տարածաշրջանում, ի՞նչ ենք մենք մեզանից ներկայացնում այդ շահերի համատեքստում եւ դրանցից դուրս:

– ԵԽ ԽՎ հունիսյան նստաշրջանում քննարկվեց Հայաստանում հետընտրական եւ Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների հետ կապված իրավիճակները: Ի՞նչ գործոններ են ազդում ԵԽ ԽՎ-ում այդ քննարկումների վրա:

– Այո, կան հստակ գործոններ, որոնք ազդում են այդ քննարկումների վրա: Հայաստանում հետընտրական շրջանում մեծացել է Ռուսաստանի ազդեցությունն ու ներկայությունը, եւ համապատասխանաբար նվազել են Եվրոպայի եւ ԱՄՆ-ի ազդեցության չափաբաժինները: Դա չի կարող չմտահոգել եվրոպացիներին ու ամերիկացիներին: Բնականաբար, հավասարակշռության խախտումը կանխելու համար, նրանք փորձում են Հայաստանի իշխանությունների վրա ազդել այս միջոցներով եւ նաեւ օժանդակել Հայաստանում գործող առավել արմատական ընդդիմությանը: Ադրբեջանի դեպքում մտավախություն կա, որ այս երկիրը կարող է փորձ անել շրջվելու դեպի Ռուսաստանը, եթե Ղարաբաղի խնդրում ստանա նրա աջակցությունը: Միեւնույն ժամանակ, այսօր արդեն Ադրբեջանը բազմաթիվ թելերով կապված է Արեւմուտքին եւ կախված է նրանից: Արեւմուտքը, մի կողմից՝ պետք է պահպանի գործընկերային հարաբերություններն այդ պետության հետ տնտեսական ոլորտում, մյուս կողմից՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական արժեքների հաստատման տեսանկյունից պետք է փորձի որոշակի փոփոխություններ մտցնել: Արեւմուտքի համար կարեւոր է, որ ի դեմս Ադրբեջանի՝ իր գործընկեր պետությունն արժեհամակարգի տեսանկյունից ավելի մոտ կանգնած լինի, քանի որ, վերջին հաշվով, Ադրբեջանի` ձեւով ժողովրդավարական, բայց բովանդակությամբ միապետական ռեժիմը բավական խոցելի է:

– Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի իրավապաշտպաններն այս երեք երկրների՝ ԵԽ-ին անդամագրումից հետո առաջին անգամ դիմել են ԵԽ ԽՎ-ին` առաջարկելով նշանակել քաղբանտարկյալների հարցով հատուկ զեկուցողի: Սա կարո՞ղ է հանգեցնել կոնկրետ արդյունքների, եւ կա՞, արդյոք, իմաստ՝ շարունակելու երեք երկրների իրավապաշտպանների այդ համագործակցությունը:

– Անշուշտ, համագործակցություն իրավապաշտպան ոլորտում անհրաժեշտ է, քանի որ բոլոր երեք երկրներում էլ կան կեղեքվածներ եւ ճնշվածներ: Ընդհանրապես, ես կարծում եմ, որ պետք է համագործակցենք բոլոր այն ոլորտներում, որոնցում հնարավոր է: Պատերազմները մշտական չեն, լարվածության փուլեր միշտ էլ լինում են, բայց դրան զուգահեռ՝ պետք է ունենանք նաեւ միավորող հարաբերություններ: Այլ խնդիր է, որ այս հարցով դիմելով եվրոպական կառույցներին՝ իրավապաշտպանները եվրոպացիներին տալիս են երեք երկրների վրա ներազդելու գործիքը: Այս նախաձեռնությունը զենք է տալիս տարածաշրջանում գործող արտաքին ուժերից մեկին միայն եւ խախտում է այն հավասարակշռությունը, որը կարող էինք ձգտել պահպանել: Եթե իրավապաշտպան ոլորտում կա խնդիր, ապա գուցե իմաստ ուներ դիմել բոլոր այն կառույցներին, որոնք հայտնի են այս ոլորտում եւ ակտիվություն են դրսեւորում ամբողջ աշխարհում, այդ թվում եւ՝ տարածաշրջանում: Հիմա պատրաստ չեմ կանխատեսել, թե ի՞նչ արդյունքների կհանգեցնի համագործակցությունն այս հարցում, որովհետեւ դա կախված է նրանից, թե ինչ քաղաքականություն կորդեգրեն եվրոպական կառույցները, ԱՄՆ-ը, ԱՊՀ-ն: