Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահներին հրավիրել է մասնակցելու Կարս-Թբիլիսի երկաթգծի թուրքական հատվածի հիմնարկեքի արարողությանը, որը կայանալու է հուլիսի 24-ին: Հրավերն Ա. Գյուլը փոխանցել է Աստանայում: Նշելով, որ Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումն անցել է «փակ դռների» հետեւում` թուրքական «Ջիհան» գործակալությունը հայտնել է, որ 76 կմ երկարությամբ թուրքական հատվածի արժեքը կազմում է 380 մլն նոր թուրքական լիրա (մեկ դոլարը հավասար է 1,24 ՆԹԼ): Երկաթգծի թուրքական հատվածի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2009թ.: Այդ ժամկետում ծրագրվում է ավարտին հասցնել նաեւ «Մարմարիս» նախագիծը` Բոսֆորի նեղուցի հատակով թունելի շինարարությունը, ինչը թույլ կտա երկաթուղային հաղորդակցություն բացել դեպի Եվրոպա: Կարս-Թբիլիսի նախագծի շրջանակում ծրագրվում է 105 կմ երկարությամբ երկաթուղի կառուցել, որի 76 կմ-ն պետք է անցնի Թուրքիայի, իսկ 29 կմ-ն` Վրաստանի տարածքով: Բացի այդ, Վրաստանում պետք է վերանորոգվի Ախալքալաք-Մարաբդա-Թբիլիսի երկաթգծի 183 կմ երկարությամբ հատվածը, որպեսզի երկաթուղու թողունակությունը հասցվի տարեկան մինչեւ 15 մլն տոննայի: Ախալքալաքում ծրագրվում է կառուցել նաեւ երկաթուղային կետ, որը գնացքներին թույլ կտա Վրաստանում եւ Ադրբեջանում առկա երկաթուղագծի լայն ստանդարտից անցնել եվրոպական նեղ ստանդարտի: