ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ պաշտոնապես դիմել է Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանին` խնդրելով ապահովել իր եւ ընտանիքի անդամների անվտանգությունը: «Խնդրում եմ սեղմ ժամկետներում իմ եւ իմ ընտանիքի անդամների անհատական պահպանությունը, իմ ավտոտրանսպորտային միջոցի ուղեկցումը, ընտանիքիս անդամների տրանսպորտային սպասարկումը իրականացնելու նպատակով ապահովել լիազոր մարմնի հինգ աշխատակցով եւ երկու ավտոտրանսպորտային միջոցով»,- նամակում գրել է Ա. Հարությունյանը` հիշեցնելով, որ օրենքի համաձայն՝ օմբուդսմենը եւ նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության պաշտպանության ներքո: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շուրջ երկու տարի այս պաշտոնը զբաղեցնող Արմեն Հարությունյանը միայն այսօր է դիմում նման հարցով, մեր թղթակիցը նրանից հետաքրքրվել է` հատկապես այսօր նման խնդրանքով դիմելն արդյո՞ք պայմանավորված է իր եւ իր ընտանիքի անդամների նկատմամբ կոնկրետ սպառնալիքի մասին տեղեկատվությամբ: «Ոչ, անհանգստանալու որեւէ հիմք չունեմ եւ որեւէ սպառնալիք չի եղել իմ կամ իմ ընտանիքի անդամներին: Պարզապես մտածեցի, որ դիմելը ճիշտ է»,- ի պատասխան՝ ասել է Ա. Հարությունյանը: Վերջինիս նման պատասխանը, բնականաբար, կանխատեսելի էր, եւ հասկանալի է, որ անգամ իր անվտանգությանը սպառնացող որեւէ վտանգի մասին տեղյակ լինելու դեպքում Ա. Հարությունյանը դա չէր հրապարակի` նույն անվտանգության նկատառումներից ելնելով: Մյուս կողմից, ակնհայտ է, որ մարդու իրավունքների պաշտպանի մտավախությունը կարող է կապված լինել առաջին հերթին մարտի 1-ի իրադարձությունների մասին իր դիրքորոշմանը հետեւած, մեղմ ասած, ոչ բարեհաճ վերաբերմունքի, ինչպես նաեւ՝ նույն այդ դեպքերի ուսումնասիրման գործընթացում եվրոպական կառույցների կողմից իր ներգրավման վերաբերյալ պահանջների հետ: Պատահական չէ, որ նա իր խնդրանքում նշել է «սեղմ ժամկետների» մասին: