Առեւանգել են ակցիայի մասնակցին

09/07/2008

Երեկ ժամը 15:15-ի սահմաններում Աբովյան-Թումանյան խաչմերուկից արծաթագույն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով քաղաքացիական հագուստով մի քանի հոգի առեւանգել են Հյուսիսային պողոտայից դուրս եկող Արսեն Ներսիսյանին: Վերջինս երեկ Երեւան էր եկել Վանատուրից՝ մասնակցելու ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցով դատավարության ընթացքում կազմակերպված բողոքի ակցիային: Նրա հետ եղել են եւս երկու ընկերները, ովքեր հասցրել են փախչել ոստիկաններից: «Սա դիտարկելով որպես բանդիտիզմի հերթական դրսեւորում, խստորեն պահանջում ենք Ոստիկանությունից` անհապաղ հայտնաբերել եւ պատասխանատվության կանչել առեւանգիչներին»,- ասվում է Համաժողովրդական ազգային շարժման կենտրոնի` կատարվածի առթիվ երեկ տարածած հաղորդագրության մեջ: Ավելի ուշ պարզվեց, որ առեւանգողները ոստիկաններն են եղել: Ոստիկանության լրատվական վարչությունից տեղեկացրին, որ Ա.Ներսիսյանը գտնվում է Ոստիկանության Կենտրոնի բաժնում, նրա նկատմամբ նյութեր են նախապատրաստվում եւ միայն դրանից հետո կտեղեկացնեն, թե ինչու են բերման ենթարկել: Տեղեկացնենք, որ երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը եւս երկու ամսով երկարացրեց Ս.Միքայելյանի կալանքի ժամկետը: Դատին մասնակցելու համար երեկ վանատուրցիները եկել էին դատարան, իսկ դրանից հետո միացան Հյուսիսային պողոտայում կազմակերպված շուրջօրյա նստացույցի մասնակիցներին: Երեկ ժամը 19-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում հավաքվել էր մի քանի հարյուր մարդ: Իսկ արդեն չորս օր տեւող նստացույցին մասնակցում էին քաղաքացիներ Հայաստանի տարբեր մարզերից: Նրանք Հյուսիսային պողոտայի շենքերի ապակիներին կպցրել էին բոլոր բանտարկյալների նկարները եւ նրանց ազատ արձակելու, մարտի 1-ի ոճրագործներին ու Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու պահանջներով պաստառներ: ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ ժամը 20։00-ին Արսեն Ներսիսյանին ազատ են արձակել։