Տառապանքը փորձ ունի

09/07/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Սկզբում պետք է պարզել իշխանությունների դիրքորոշումը, որը շատ մշուշոտ է: Հետո` սա ձեր թխած բանաձեւն է»,- երեկ կայացած բանավեճն այս խոսքերով սկսեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը` առաջինը խոսելու իրավունքը զիջելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանին:

Նրանք անդրադարձան ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանում ընդունված 1620 բանաձեւին: Այն, ըստ Մ. Մինասյանի, բխում է 1609 բանաձեւից, եւ երկու բանաձեւերն էլ, պատգամավորի կարծիքով` իրենց ընդհանուր բնույթով նպաստելու են ՀՀ-ում ժողովրդավարության կայացմանը: «Բանաձեւը բխում է մեր ժողովրդի շահերից: Մեր երկիրը որոշակի քայլեր արել է, բայց դեռ անելիքներ կան: Այդ բանաձեւն էլ պահանջ է ներկայացնում այդ անելիքներն ավելի արդյունավետ ու արագ իրականացնելու: Տրված ժամանակն էլ բավական է, որպեսզի իշխանություններն այդ բանաձեւն ամբողջությամբ իրացնեն»,- ասաց նա: Այս կարծիքի հետ, բնականաբար, համաձայն չէր Հ. Հովհաննիսյանը, ով ոչ միայն չի գտնում, որ նոր բանաձեւը բխում է նախորդից, այլեւ 1620-ը համարում է անտրամաբանական: «Նախորդը սահմանում էր կոնկրետ ժամկետ` մինչեւ հունիսյան նստաշրջանը, ու ենթադրում էր այդ ժամկետում պահանջների կատարում: Չկատարման արդյունքը պետք է, բնականաբար, լիներ Հայաստանին ձայնի իրավունքից զրկելը: Այսօր, երբ զոհվել է 10 հայ մարդ, մեր ժողովուրդը պահանջում է Եվրոպայի խորհրդից՝ հարգալից վերաբերմունք հայ մարդու կյանքի արժեքի նկատմամբ: Ի՞նչ է փորձում մեզ ապացուցել Պրեսկոտը, որ այս պատվիրակների ձայնի իրավունքն ավելի շա՞տ է կշռում, քան այն 10 մարդկանց արյունը, որ թափվեց Երեւանի փողոցում»,- հարցրեց նա: Մ. Մինասյանը, սակայն, գտնում է, որ Հայաստանում որոշակի դրական քայլեր արվել են ու կարվեն: Սակայն, նրա գնահատմամբ, երբ ամեն ինչ սեւ ու սպիտակի դաշտում ենք նայում, որեւէ երկխոսություն չի կարող լինել: «Եվրախորհուրդն այն կառույցն է, որին անդամագրվել ենք ամբողջ ժողովրդով: Նրանք իրենց մասնագետներով եկել, ուսումնասիրել են ու տեսել, որ կա աշխատանք, բայց այդ աշխատանքը լիարժեք չի: Հիմա ժամանակ է տրվել, որպեսզի դրանք լիարժեք կատարվեն: ԵԽ-ն լուրջ կազմակերպություն է, իր որոշումների ամեն տառի համար պատասխանատու, եւ ես վստահ եմ, որ այն, ինչ գրվել է, բազմիցս ծանրութեթեւ է արվել: Ու իրենց կարծիքով` սա այն ճանապարհն է, որով մեր երկիրը պիտի անցնի»,- ասաց Մ.Մինասյանը: Նրան հակադարձեց

Հ. Հովհաննիսյանը: «ԵԽ անդամ երկրներից մեկի փողոցում գնդակահարվել են անմեղ մարդիկ` մինչեւ արտակարգ դրություն մտցնելը: Ինչո՞ւ ԱԺ-ն սրա մասին հարց չտվեց Ռոբերտ Քոչարյանին: Արտակարգ դրությունը մտցվեց նրանից հետո, երբ մարդիկ սպանված էին»,- ասաց նա` հավելելով, որ 20 որբ է մնացել, եւ արդյոք իշխանությունը կառավարության որոշում ընդունե՞լ է շուտափույթ փոխհատուցման մասին: Մ. Մինասյանի հավաստմամբ էլ` երբ պարզվի ամեն ինչ, կառավարությունը նման որոշում կընդունի, ու փոխհատուցում կտրվի: Քաղաքագետների միությունը ստեղծել է մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով, որի երրորդ նիստը կայանալու է վաղը, որտեղ, Հ. Հովհաննիսյանի հավաստմամբ, պետք է վերլուծեն այն իրողությունները, որոնք ի հայտ եկան 1620 բանաձեւի ընդունման հետ կապված: «Այդ բանաձեւն, այնուամենայնիվ, անակնկալ էր շատերի համար: Մենք հետեւողականորեն փորձում ենք կյանքի կոչել հասարակական հետաքննության գաղափարը, որովհետեւ որեւէ հույս չենք կարող տածել այն հանձնաժողովի նկատմամբ, որը ստեղծվել է խորհրդարանի կողմից, քանզի մեր տառապանքը փորձ ունի: Տեսել ենք, թե ինչպես աշխատեց «Հոկտեմբերի 27»-ի հարցով ստեղծված խորհրդարանական հանձնաժողովը»,- ասաց նա: Ի պատասխան՝ Մ. Մինասյանը նշեց, որ իզուր են թերագնահատում ԱԺ-ի ստեղծած ժամանակավոր հանձնաժողովը, քանի որ այն «քաղաքական այն ամբիոնն է, որտեղից հնչում են մտքեր, ու ժողովուրդը դրանք լսում է»: «Ասում ենք` եկեք միասին աշխատենք, հավասար իրավունքներով: Ընդդիմությունը խորհրդակցական ձայնի իրավունք ունի: Հիմա ասում ենք` եկեք միասին աշխատենք, բոլորիդ համար դռները բաց է, բայց հրաժարվում են, որովհետեւ սեւի ու սպիտակի ինստիտուտ կա»,- ասաց նա:

Հ. Հովհաննիսյանի կարծիքով էլ` ընդդիմությունն այսօր բոլոր հիմքերն ունի պնդելու, որ ԱԺ-ն նպաստել է մարտի մեկի արյունահեղությանը: «Նպաստել է իր մոտեցումներով ու անգործությամբ, հետագայում էլ` հանրահավաքների, երթերի մասին օրենքի նախագիծն ընդունելով, ու նաեւ` հանձնելով իր իսկ անդամներին»,- ասաց նա: Ի պատասխան՝ Մ. Մինասյանը նշեց, որ անազատության մեջ գտնվող իր գործընկերների անմեղությունը եթե ապացուցվի, նրանք ազատ կարձակվեն ու հետ կվերադառնան` իրենց գործունեությունը շարունակելու: