Ուսումնասիրում են արտաքին վարկածը

09/07/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մոտ մեկ ամիս առաջ Համաժողովրդական շարժման կողմից ձեւավորված մարտի 1-ի արյունոտ իրադարձություններն ուսումնասիրող հասարակական 6 հանձնախմբերը քննում են մարտի 1-ի դեպքերի հետ կապված 6 վարկածներ:

Այդ հանձնախմբերից մեկը ղեկավարում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, ով հիմա նաեւ համակարգում է Համաժողովրդական շարժման կենտրոնի արտաքին հարաբերությունների հետ կապված հարցերը: Վ.Կարապետյանի գլխավորած հանձնախումբն ուսումնասիրում է մարտի 1-ի եւ դրան նախորդող իրադարձությունների վրա արտաքին գործոնների ազդեցության վարկածը: Վ. Կարապետյանը մեզ հետ զրույցում նախ ասաց, որ այդ հանձնախմբերը ԱԺ-ում նույն նպատակով ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի այլընտրանքը կլինեն, սակայն չեն ունենա խորհրդարանական հանձնաժողովի լիազորությունները: Եթե պետական գերատեսչությունները եւ հատկապես իրավապահ մարմինները ստիպված կլինեն որոշակի տեղեկատվություն տրամադրել ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին, ապա հասկանալի է, որ ընդդիմության ստեղծած հանձնախմբերի դիմումները հիմնականում կմնան անպատասխան: «Այս հանգամանքը նվազեցնում է մեր աշխատանքի արդյունավետությունը: Եթե Հայաստանը նորմալ երկիր լիներ, եթե լիարժեք ժողովրդավարություն ունենար, մեր նամակները նույն ուժը պետք է ունենային, ինչը ունեն պետական մարմինների նամակները: Օրենքը չի սահմանում նման հասարակական հարցումների պատասխանը: Մեր եւ ԱԺ հանձնաժողովի տարբերությունը նրանում է, որ նրանց նամակները չեն կարող անպատասխան մնալ: Նրանք իրենց աշխատանքների ընթացքում նաեւ կարող են հրավիրել պաշտոնյաների, որոնք, թերեւս, չեն կարող չգալ: Տեսնենք, թե մեզ մոտ ինչպես կլինի: Մենք դեռեւս ուսումնասիրում ենք եղած փաստաթղթերը»,- ասում է Վ.Կարապետյանը: Նրա գլխավորած հանձնախմբի ուսումնասիրման առարկաներից մեկն էլ այն է, թե կա՞ արդյոք որոշակի կապ նախընտրական եւ ընտրական ժամանակաշրջանի գործընթացների մասին միջազգային կազմակերպությունների արձագանքների ու մարտի 1-ի իրադարձությունների միջեւ: Պարոն Կարապետյանի խոսքերով՝ Հայաստանում ընթացող զարգացումների վերաբերյալ այդ կառույցների գնահատականներն իրար հակասում էին: «Ուսումնասիրման կարիք ունեն մոնիտորինգային կամ դիտորդական առաքելության արձագանքները: Մասնավորապես՝ այն, ինչ իրենք նշեցին ընտրությունների վերաբերյալ փետրվարի 20-ին, եւ ինչպիսին էր արդյունքը վերջնական զեկույցի ժամանակ: Մի հետաքրքիր հանգամանք պետք է իմ խումբն ուսումնասիրի` թեպետ վերջնական զեկույցում գրված է, որ նախընտրական փուլում եւ ընտրության ժամանակ տեղի ունեցած զարգացումները հիմնականում համապատասխանել են ԵԱՀԿ չափանիշներին, այնուհետեւ նշվում է, որ ի հայտ եկած մարտահրավերները, խախտումներն արժեզրկեցին ողջ ընտրական գործընթացը: Բայց հաշվի առնելով նախընտրական փուլի խախտումների վերաբերյալ ծավալուն անդրադարձը` նույն զեկույցի առաջին պարբերությունն ինձ մոտ մեծ հարցականներ է առաջացնում: Այնտեղ այնպիսի ծավալների խախտումների մասին է խոսքը, որ ես պարզապես տարակուսում եմ, թե ինչպե՞ս կարելի է նշել այդպիսի խախտումները, միեւնույն ժամանակ՝ զեկույցում առաջին իսկ պարբերությամբ նշել, որ համապատասխանել է ստանձնած պարտավորություններին: Կարծես թե նպատակ են ունեցել վերջնական զեկույցն այնպես ներկայացնել, որ նախնականին ամբողջությամբ չհակասի»,- ասում է Վ.Կարապետյանը:

Հիշեցնենք, որ դեռեւս ընտրություններից առաջ կարծիք կար, որ միջազգային կազմակերպությունները եւ հատկապես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը պատրաստ են Հայաստանի ընտրությունների ժամանակ տեղի ունեցած կեղծիքների վրա «աչք փակել», ներկայացնել իշխանություններին ձեռնտու եզրակացություն, եթե հրավիրվեն դիտորդական առաքելություն իրականացնելու: Մինչեւ ՀՀ նախագահական ընտրություններն՝ անցած տարվա աշնանը ՌԴ-ում տեղի էին ունեցել խորհրդարանական ընտրությունները: Եվ ՌԴ իշխանությունները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին պարզապես չէին հրավիրել դիտորդական առաքելություն իրականացնելու: Նաեւ կարծիք կար, որ Ռուսաստանը մեր իշխանություններին հորդորել էր ՀՀ նախագահական ընտրություններին նույնպես չհրավիրել միջազգային այդ կառույցի դիտորդներին: Այս պարագայում արդեն միջազգային հանրության մոտ կվտանգվեր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վստահությունը: Նույնիսկ մամուլում հրապարակումներ եղան, թե այս կառույցը մեր իշխանությունների հետ գործարքի է գնացել եւ խոստացել է Հայաստանի ընտրությունները գնահատել «միջազգային չափանիշներին համապատասխան», միայն թե ՀՀ նախագահական ընտրություններին հրավիրվեն Հայաստան: Արդյոք նման վարկած քննարկո՞ւմ է Վ.Կարապետյանի գլխավորած հանձնախումբը: «Այո, ուսումնասիրման կարիք ունի նաեւ այդ առաքելության շուրջ ստեղծված քաղաքական բանավեճը, տարաձայնությունը, Հայաստանի առաքելության հրավիրման հետ կապված խնդիրները: Ինձ թվում է, որ այստեղ մենք անելիք ունենք, եւ այդ ամբողջն ուսումնասիրելուց հետո նոր հնարավոր կլինի ավելի ճշգրիտ գնահատական տալ եւ տեսնել` արդյո՞ք կա ուղիղ կապ Հայաստան-ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համագործակցության, այլ գործոնների, այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների՝ Հայաստանի գնահատականի եւ մարտի 1-ին նախորդող օրերի ու 1-ի հարձակումը կազմակերպելու քաղաքական որոշումը կայացնելու մեջ»,- ասում է Վ.Կարապետյանը: