«Հայաստանը մտել է վտանգավոր շրջան»

09/07/2008 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է բացատրություններ պահանջել հաջորդ շաբաթ Հայաստան ժամանող ԵԽ ԽՎ նախագահ Լուիս Մարիա դը Պուչից, որը մի քանի օր առաջ Բաքվում հայտարարել էր, թե Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքները:

«Եթե նա իսկապես արտահայտել է այդ խոսքերը, ապա, առաջին հերթին, մենք մեզ վրա պետք է վերցնենք այդ պատասխանատվությունը, եւ մեր ժողովրդավարական ոչ վայել պահվածքը հրավիրենք նման հայտարարությանը: Բայց եթե հաջորդ շաբաթ հարգելի նախագահ դը Պուչը Հայաստանը գա, ես իրեն պիտի հարց տամ, թե ի՞նչ տեղեկանքի, խորհրդի հիմքի վրա է նման հայտարարություն արել, որը ոչ միայն պատմության հեգնանք է, այլեւ միջազգային իրավունքի եւ ընթացող խաղաղության գործընթացի, բանակցությունների մեծագույն խախտում»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց Ր. Հովհաննիսյանը` հավելելով, որ եթե ԵԽ ԽՎ նախագահը առաջնորդվում է երկակի չափանիշներով, ապա դա ուղղակիորեն կապված է Հայաստանի գործունեության եւ մեր ժողովրդավարության վիճակի հետ:

Անդրադառնալով ասուլիսի հիմնական նպատակին, թե ինչո՞ւ ինքն առկախեց իր անդամությունը ԵԽ ԽՎ-ին, «Ժառանգության» ղեկավարն ասաց. «Հայաստանը մտել է վտանգավոր շրջան: Մեծ խզում կա, եւ այդ խզումը երեւում է ամեն օր: Բոլորդ էլ տեսնում եք, որ Հայաստանի ներքին պահվածքը (ոչ թե իմ, այլ՝ Հայաստանի), ժողովրդավարական դեֆիցիտը, լեգիտիմության բացն անմիջականորեն ազդում են մեր արտաքին հարաբերությունների վրա: Այնպես որ` ես չէ, որ պետք է ահազանգը հնչեցնեմ: Ինձ թվում է` ցանկացած հայաստանցի` լինի իշխանություն կրող, ընդդիմության ներկայացուցիչ թե քաղաքացի, պետք է հասկանա, որ մենք մտել ենք շատ վտանգավոր հորձանուտ, եւ դրա առաջին ալիքները երեւացին ԵԽ անցած նստաշրջանի ժամանակ: Միաժամանակ տեղի ունեցավ այն, որ ՀՀ-ն իր պետական մոտեցմամբ, իշխանությունների եւ իր պատվիրակության միջոցով ամբողջ էներգիան` մտավոր, գիտական, դրամական, դրեց այն նպատակը սպասարկելու համար, որպեսզի մի քիչ խելքին պառկելի եւ ավելի ընդունելի լինի ՀՀ-ին վերաբերող բանաձեւը: Բարձիթողի վիճակում է գտնվում մեր արտաքին հարաբերությունների խնդիրը` ԼՂՀ հիմնահարցը: Առաջին անգամ ՄԱԿ-ում ընդունված տխրահռչակ բանաձեւը, որը հակապատմական, հակաիրավական փաստաթուղթ է, մտավ եվրոպական եւ միջազգային կազմակերպությունների փաստաթղթերի շրջանակների մեջ: Այստեղ մեղավորների հարց չէ, յուրաքանչյուր հայ իր վրա պետք է զգա այս պատասխանատվությունը»: Նա վստահ է, որ Ադրբեջանի բանաձեւում նման ոչ հայանպաստ դրույթ չէր ամրագրվի, եթե Հայաստանն ունենար ժողովրդավարական նվազագույն պայմաններ, հանձնած լիներ ժողովրդավարության քննությունը, ունենար նորմալ, «հայավայել» ընտրություններ եւ աշխարհին ներկայանար օրինավոր, իրավական, ժողովրդավարական պետության նման: «Կարծում եմ` այդ պետական էներգիան, որ մտավ ՀՀ-ից մեր բանաձեւը մեղմացնելու համար, կկարողանար իրացնել հայանպաստ եւ հայկական տեսակետի հաղթանակն ադրբեջանական եւ այլ բանաձեւերի վերաբերյալ: Սրանք այլեւս փոխկապակցված են, եւ պատրանք է ասել, որ մենք կկարողանանք սքողել, պարտակել մեր ժողովրդավարական բացերը եւ այդ պարտակմամբ իրականացնել մեր արտաքին քաղաքականությունը, սպասարկել մեր ազգային շահերը: Այլեւս չի անցնի: Այնպես որ` եթե ուշադիր ընթերցեք իմ ելույթների ամբողջությունը ԵԽ-ում անցած 4 նստաշրջաններում, կտեսնեք, որ ոսկե թելի նման անցնում է օրենքի իշխանության դրույթը: Պատահական չէ, որ իմ ելույթները շեշտադրումներով հուզում է մեր հարեւան երկրներին: Յուրաքանչյուրն իր չափանիշը պետք է ապահովի ԵԽ-ում: Նաեւ Ադրբեջանը` նախահարձակ պատերազմ սանձազերծող մեր հարեւանը, որ փորձում է Արցախի իրավական, օրինական ազատության պայքարը նենգափոխել: Ես մեծ ցավ եմ տեսնում, որ այսօրվա դրությամբ ՀՀ-ն եւ ԵԽ-ն իրար արժանի չեն, եւ ես ամեն ինչ պետք է անեմ, որպեսզի Հայաստանը վերագտնի իր ժողովրդավարական ակունքները, արժանիքները, որպեսզի ոչ միայն կարողանա վերադառնալ ԵԽ ԽՎ, այլ կարողանա այնտեղ ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանի շահը: Ի՞նչ է նշանակում (ոչ միայն մեզ համար, այլ` ԵԽ ԽՎ-ի), որ ադրբեջանական բանաձեւում, որպես մխիթարանք, որպես փոխհատուցում, որպես Եվրամիության արտահայտություն` նշվի, որ Ադրբեջանում անհնար է հասնել ժողովրդավարության, քանի դեռ լուծված չէ տարածքային ամբողջականության հարցը: Եթե այդպես է` ՀՀ-ն ունի պատմական հայրենազրկում, ունենք ժամանակակից շրջափակումներ, հազար ու մեկ հարվածներ մեր ազգային անվտանգությանը, բայց ես պահանջում եմ, որ Հայաստանը չունենա որեւէ պատրվակ չհանձնելու ժողովրդավարության քննությունը»,- ասաց նա: Ր. Հովհաննիսյանի խոսքերով, մինչեւ ՀՀ-ն չբավարարի ժողովրդավարության գոնե նվազագույն շեմը եւ թույլ չտա իրեն, որպես «շարքային պատվիրակ, զինվոր», գնալ այնտեղ եւ որպես ժողովրդավարական Հայաստանի ներկայացուցիչ՝ փորձի պաշտպանել Հայաստանի վարկանիշը` բոլոր չափումներով, ինքը չի մասնակցելու ԵԽ ԽՎ նիստերին: «ՀՀ գրեթե բոլոր պատվիրակությունները հիմնականում աշխատում են իրենց ներուժի 10 տոկոսով, եթե այդ խնդիրը լուծվի, կտեսնեք, թե ինչպես է մեր արդարության ձայնը հասնում թե՛ Ադրբեջանին, թե՛ այլ բանաձեւերին: Ներկա դրությամբ՝ մենք չենք կարող ասել, որ կարող ենք որեւէ խնդիր լուծել, դրա համար իմ մոտեցումը, ճիչը կոչ է մեր պետությանը, որ մենք շատ բան ենք կորցնելու, եթե չլուծենք այդ խնդիրը, եւ, ի վերջո, մենք ազգովի տանուլ ենք տալիս մեր ազգային դիրքերը: Եվ այստեղ ոչ Պուչը, ոչ Մեդվեդեւը, ոչ Ալիեւը, ոչ Գյուլն էական պատասխանատվություն չեն կրում: Սա մեր պատասխանատվությունն է, եւ հերիք է, որ մենք քավության նոխազներ փնտրենք մեզնից դուրս»,- ասաց նա:

Անդրադառնալով նախագահ Դ.Մեդվեդեւի Բաքու կատարած այցին ստորագրված ռուս-ադրբեջանական փաստաթղթին՝ «Ժառանգության» ղեկավարը նշեց. «Էլ չխոսենք Մոսկվա-Բաքու վերջերս ստորագրված ռազմավարական պայմանագրի մասին: Էդ ի՞նչ ռազմավարական գործընկերություն է, որ նման վերաբերմունք է լինում: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ամբողջ Հայաստանը` ընդդիմությունը, իշխանությունը եւ հասարակությունն իր առաջնահերթ խնդիրը համարի իսկույն եւեթ ժողովրդավարական չափանիշներին հասնելը: Սա մի Րաֆֆու, մի ելույթի, մի պահվածքի կամ դեմարշի հարց չէ: Այստեղ Հայաստանի Հանրապետության հեղինակությունն է եւ միաժամանակ՝ ահազանգ ԵԽ-ին եւ միջազգային այլ կազմակերպություններին, որ իրենք էլ պետք է իրենց չափանիշները կիրառեն համահավասար, ոչ թե Ադրբեջանի նկատմամբ, այլ Թուրքիայի նկատմամբ՝ մի այլ կերպ, իսկ ՀՀ-ի համար՝ մի երրորդ չափանիշի համապատասխան»: Հարցին, թե ինչո՞ւ ինքն անձամբ չի մասնակցում ընդդիմության հանրահավաքներին, Ր. Հովհաննիսյանը պատասխանեց, որ Հայաստանն այնպիսի շրջան է մտել, որ նման հարցերն արդեն երկրորդական են դառնում։ «Մենք մեծ վիհի առջեւ ենք կանգնած»,- ահազանգեց նա: Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացավ կուսակցության ռազմավարության վերաբերյալ հարցերի պատասխանները տալ «Ժառանգության» առաջիկա համագումարում: Նա դժվարացավ նաեւ պատասխանել այն հարցին, թե արդյոք իրենք միանալո՞ւ են ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, որ եթե մինչեւ օգոստոսի 1-ն իշխանությունները լուրջ քայլեր չկատարեն, ապա ինքը կպահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը: «Ես չէ, որ պետք է կանխատեսումներ անեմ, համագումարը կանդրադառնա այս հարցին: Ես կարծում եմ, որ բեկման կարիք ունենք բոլորս, եւ եթե գործող իշխանությունը չի կարող բովանդակային բեկում մտցնել մեր հասարակական, քաղաքական եւ համապետական գործերին, կարծում եմ` նա պարզապես հետաձգում է պայթյունը: Մենք թույլ չենք տալիս, որպեսզի հույզերը, կուտակված անարդարության ալիքները դուրս գան: Դրա համար համագումարն ինքը պետք է որոշի, ես կարծում եմ, որ արտահերթ ընտրությունները համապետական այս տագնապի լիցքաթափման եղանակներից մեկն է: Եթե մինչ այդ կարելի է հասնել համահասարակական համերաշխության այլ ձեւաչափի` խնդրեմ, բայց որքան ես տեսնում եմ վերջին շրջանում` անխուսափելի է այդ հեռանկարը»,- ասաց նա:

Լրագրողներից մեկի հարցին, թե դատարանից բացի, կա՞ արդյոք այլ մարմին, որը պետք է տարանջատի քրեական հանցագործներին քաղաքական բանտարկյալներից, Ր. Հովհաննիսյանը պատասխանեց. «Մենք հիմա կարող ենք տարբեր բանավեճերի մեջ մտնել, թե ինչպես զանազանել քրեական հանցագործին քաղաքական բանտարկյալից, բայց ես կարող եմ պնդել, որ Ալեքսանդր Արզումանյանը, Արարատ Զուրաբյանն ու Մատենադարանի փոխտնօրենը եւ շատ ու շատ մարդիկ նստել են իրենց քաղաքական հայացքների համար: Իհարկե, Խորհրդային Միության տարիներին նստեցնում էին քաղաքական հայացքների համար, եւ միշտ այդ քրեական հոդվածները գտնում էին: Օսմանյան Կայսրությունում էլ նույնն էր. իշխանության նպատակահարմարությունից ելնելով՝ որոշում էին, որ նա քաղաքական հակառակորդ է, եւ քրեական հոդվածը կար ու կար: Բայց դա չի նշանակում, որ դա իրավական է: Կարող է օրինական լինել, բայց ոչ իրավական: Եթե այդ տարանջատումը մենք չգտնենք առաջիկա շաբաթներում, վաղը-մյուս օրը` մենք պետք է լսենք ԵԽ հանձնաժողովների տեսակետները, որոնք գալու են Հայաստան: Ինչպե՞ս պետք է լռենք եւ ընդունենք այդ վճիռը, որն արդեն այն ընթացքի մեջ է: Մեզ փորձում են նույնացնել Ադրբեջանի հետ` բոլոր չափումներով, թե՛ քաղբանտարկյալների, թե՛ ժողովրդավարության հարցերով: Մենք հիմա հերթական հնարավորությունն ունենք ինքներս դուրս գալու այս հարցի տակից: Եվ որեւէ պատճառ չկա, որ ակնհայտորեն քաղաքական հայացքների համար քաղաքական գործիչները հիմա բանտերում լինեն»: Անդրադառնալով Լ. Տեր-Պետրոսյանի մեկ այլ հայտարարության, թե ԵԽ ԽՎ համազեկուցողները ստանձնել են ՀՀ իշխանությունների փաստաբանի դերը, Ր. Հովհաննիսյանն ասաց. «Ինձ համար դա կարեւոր հարց չէ: Ես հեռու եմ այն մտքից, որ նրանք գնված են, որ իրենք այս կամ այն փաստաբանական ծառայությունն են իրականացնում: Բայց միաժամանակ կարող եմ ասել, որ իրենք լիարժեք, արժանվույնս չեն գիտակցում Հայաստանի իրավիճակը: Իրենց համար սա աշխատանք է, գործուղում է: Իրենք Հայաստանի ապագայով չեն արթնանում ու քնում»: