Արքայազն Ալբերտը, Վիկտորիա թագուհին եւ մենք

09/07/2008 Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

Մինչ Վիկտորիա թագուհին՝ Անգլիայում շատ գլուխներ են թռել, առանց որեւէ մեկի խնայելու՝ արքայական տոհմից թե պատահական խռովարար, որ կասկածվել է (ընդամենը կասկածվել է) արքայական գահի դեմ որեւէ գործողության մասնակից լինելու մեջ, սակայն Անգլիան չի խաղաղվել ո՛չ ներքին երկպառակություններից, ո՛չ էլ դադարել է արտաքին ուժերի համար հարմար թիրախ լինելուց. ուժն ու բռնակալությունը Անգլիան չեն դարձրել ուժեղ, եւ այն շարունակ տարուբերվել է ըմբոստացող ալիքներին կուլ գնացող նավի պես։ Եվ ահա մի օր այդ տարուբերվող նավի ղեկին կանգնեց տասնութամյա մի օրիորդ, որը ոչ թե տառապում էր թագուհի լինելու ցանկությունից, այլ որին վիճակված էր փրկել խորտակվող նավը, եւ որն այդ նավի ղեկը վերցրեց պատասխանատվության խորին զգացումով, ցավով ու սիրով իր երկրի հանդեպ, վերցրեց որպես դուստր, որպես կին եւ որպես մայր։ Այս ամենի հետ Վիկտորիա թագուհին ուներ հավատարիմ եւ լավ խորհրդատու՝ արքայազն Ալբերտը, որն ամենեւին էլ անգլիացի չէր, սակայն բարոյական եւ ուսյալ անձնավորություն էր եւ, սիրելով ու գնահատելով կնոջը, ժամանակին ու անաչառ կանխում էր հնարավոր սխալները, որ կարող էր թույլ տալ երբեմն անձնական համակրանքների թելադրանքով առաջնորդվելու փորձ անող երիտասարդ տիրակալը։ Այսպես, լինելով 1832 թվականի պառլամենտական բարեփոխումներից հետո համայնքների պալատում մեծամասնություն կազմած վիգերի կողմնակիցը, ստիպված էր 1840 թվականի ընտրություններում հաղթած տորիներին հանձնարարել ձեւավորելու նոր կաբինետ։ Հենց այս հարցում արքայազն Ալբերտը կարողացավ համոզել նրան, որ սահմանադրական միապետը, թեկուզ արտաքուստ, պարտավոր է չեզոք մնալ պառլամենտական կուսակցությունների առաջնորդության վերաբերյալ։ 1840-ականներին պառլամենտի հսկողությունը գործադիր իշխանության վրա՝ թեթեւացրեց «հացի խնդիրը», լուծեց մի շարք հարցեր, կարգավորեց աշխատանքային հարաբերությունները, թուլացրեց լարվածությունը հասարակության մեջ եւ հանգեցրեց չարտիստական շարժման անկմանը։ Իսկ երբ 1848 թվականին Եվրոպայում անցավ հեղափոխությունների ալիքը, Անգլիայում պահպանվեց հարաբերական կայունություն։ 1840-ականների վերջերից Անգլիայի տնտեսությունը բուռն վերելք ապրեց։ Նրա տեխնիկական հնարավորությունների ցուցադրումը դարձավ 1851 թվականին բացված Լոնդոնյան համաշխարհային արդյունաբերական ցուցահանդեսը, որի կազմակերպչական կոմիտեն գլխավորում էր արքայազն Ալբերտը, իսկ ցուցահանդեսի բացումն արեց անձամբ Վիկտորիա թագուհին։ Միապետությունը դարձավ կայունության, ծաղկման ու առաջընթացի խորհրդանիշ։ Վիկտորիա թագուհին իշխեց գրեթե 64 տարի՝ հավատարիմ մնալով թե՛ ամուսնու հիշատակին, թե՛ իր երկրին, եւ մի ամբողջ դարաշրջան կոչվեց նրա անունով։ Նրա դերը մեծ եղավ ոչ միայն Անգլիայի, այլեւ համաշխարհային պատմության մեջ, քանի որ թռչող գլուխների արյունը ցայտում էր ոչ միայն Անգլիայի հողին, այլեւ իր ճնշող հետքն էր թողնում մարդկության հիշողության մեջ։ Նա էր, որ լվաց այդ արյունը եւ սեր ներարկեց իր հպատակների մեջ. նա էր, որ կախաղան չհանեց այն մարդուն, որ փորձեց ձեռք բարձրացնել իր՝ Անգլիայի թագուհու վրա, եւ բաց կառքով շարունակեց ճանապարհը խռնված ամբոխի միջով. նա էր, որ ստիպեց ամբոխին խոնարհվել իր առջեւ, ստիպեց սիրով ու հավատարմությամբ, եւ նրան հավատացին։ Իսկ նրա մասին պատմական հեքիաթն այսօր շարունակվում է ջրվեժների, լճերի, քաղաքների եւ այլ անունների ու երազանքների մեջ։

Հեշտ չէ, անշուշտ, պետությունը կառավարել միայնակ կամ այն մարդկանց հետ, ովքեր միայն խոնարհվելու եւ ծափահարելու գեշ սովորություններ ունեն, ովքեր հլու-հնազանդ սպասում են սոսկ հրամանի եւ պատրաստ են ի կատար ածել, թեկուզ դա հարազատի գլուխը թռցնելու անհավասարակշիռ մարդու խելագար կամքի թելադրանքը լինի։ Եվ ահա այս էլ քանի տարի ու տասնամյակ բազմության մեջ ազգովի փնտրում ենք մեր արքայազն Ալբերտին, փնտրում ենք այն եզակի մարդուն, ով համարձակություն կունենա «արքայի» ականջին շշնջալ ճշմարտությունը եւ կանխել մեր ազգի համար պատմության ցավալի շրջադարձը, սպասում ենք, որ «արքան» ականջալուր կլինի նրան, որքան էլ դա հաճո չլինի իր ականջին, եւ նույնքան պատվախնդրորեն, որքան տասնութամյա օրիորդը, որ, հայելու առջեւ կանգնելու փոխարեն, վերցրեց փոթորկված ալիքների վրա տատանվող երկրի ղեկն ու հավատարմորեն պահեց այն մինչեւ իր օրերի վախճանը, նա էլ տեր կկանգնի մեր երկրի տնքացող վերքին եւ վերջապես մեր հիվանդ ու անկյալ երկիրը կհանի անկողնային վիճակից։

Բայց պետք է ասել, որ հուրախություն թե ի դժբախտություն մեզ, մենք ոչ թե մի, այլ մեղվապարսի չափ արքայազն Ալբերտներ ունենք, որ ցանկացած պահի պատրաստ են հավաքվել փեթակի շուրջը։ Իհարկե, լավ բան է, երբ մեղուները հավաքվում են փեթակի շուրջը. սա, անշուշտ, ուրախություն է, սակայն չպետք է մոռանալ, որ փեթակի շուրջ հավաքվող ամեն մեղու չէ, որ մեղր է արտադրում. դրանց մեջ շատ են եւ փեթակից մեղր թռցնողները. սա արդեն դժբախտություն է. կարեւորն այստեղ նրանց տարբերելն է՝ ո՞վ է մեղր բերողը, եւ ով՝ տանողը։ Ասածս այնքան էլ այլաբանություն չէ, եթե սոսկ իրերն իրենց անուններով կոչենք։ Ասենք՝ մեղուներին փոխարինենք մտավորականներով, իսկ փեթակը՝ նախագահով։ Ու երբ այս տեղափոխությունը կատարվում է, հասկանում ենք, որ փեթակի շուրջը բզզացողների մեջ ծաղկից ծաղիկ թռչելու ոչ սովորություն, ոչ էլ հավես կա, ավելին՝ նրանք նույնիսկ կեղծ ու արդար մեղրը չեն ջոկում իրարից, սակայն պատրաստ են հեղինակավոր կարծիք արտահայտել այդ մասին, կարող են եւ, հարկ եղած դեպքում, թեկնածուական պաշտպանել, եւ նրանց արդարացման միակ հույսն այն է, որ վաղուց արդարություն չհամտեսած ժողովուրդը կեղծն ու արդարը հազիվ թե տարբերի իրարից (մանավանդ, որ երկուսն էլ քաղցրահամ են), եւ ոչ միայն ժողովուրդը, հաճախ հենց փեթակն է դռնակից ներս թողնում մեղուների պես բզզացող բոռերին, հավանաբար՝ այն պատճառով, որ բարձր են բզզում, իսկ գուցե հակառա՞կը. ո՜վ գիտի…

Այստեղ, իհարկե, մեր օրերի հեքիաթը չի ավարտվում, բայց արժե՞, արդյոք, շարունակել մի հեքիաթ, որի արքայազնն այդպես էլ չի հայտնվելու հեքիաթում…