«Հունիսին ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար պատժվել են ոչ միայն շարքային քաղաքացիներ, այլեւ նախարարներ ու Ճանապարհային ոստիկանության եւ Ոստիկանության համակարգի աշխատակիցներ»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը` վստահեցնելով, թե նրանց բոլորի անունները կհնչեցնի անձամբ ՀՀ Ոստիկանության պետը: «Մեր կառույցում պատիժները եղել են խստագույնս: Վերջին մեկ ամսվա ընթացքում 2 ավագ լեյտենանտ Ոստիկանության պետի կողմից ստացել են խիստ նկատողություն, մեկը՝ ճանապարհային երթեւեկության կանոններն իր անձնական օգտագործման ավտոմեքենայով խախտելու, իսկ երկրորդը` իր ծառայողական ավտոմեքենայով անհարկի Մաշտոցի պողոտայով հետադարձ կատարելու համար»,- ասել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետը: Հիշեցնենք, որ ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը հանձնարարել էր Մ. Օհանյանին՝ «արմատախիլ անել գիտակցաբար կատարվող խախտումները», օրինակ՝ հարբած վիճակում մեքենա վարելը, պետհամարանիշներ փոխանակելը, կարմիր լույսի տակով անցնելը, մայթերով երթեւեկելը եւ այլն: «Հանձնարարվել է անաչառ վերաբերմունք ցուցաբերել նման խախտում կատարողների նկատմամբ. հանձնարարությունը կատարման փուլում է»,- ասել է Մ. Օհանյանը` վստահեցնելով, թե հունիսին նախորդ ամիսների համեմատ՝ Երեւանում գրանցվել է երթեւեկության կանոնների 8 հազարով ավելի խախտում: Դրանց համար կազմված արձանագրությունների մեծ մասը թանկարժեք մեքենաներ վարող վարորդների նկատմամբ է, որոնցից շատերը տարվել են տուգանային հրապարակ: Մ. Օհանյանը տեղեկացրել է նաեւ, որ բարձրացվել է ճանապարհային ոստիկանների աշխատավարձը, նրանք վերջին 6 ամիսների ընթացքում ստացել են նաեւ հավելավճարներ: «Սակայն նրանց եկամուտներն ավելացնելու նոր ճանապարհներ ենք փնտրում, իհարկե, ոչ խախտում կատարող վարորդի հաշվին»,- ասել է նա: Ըստ նրա` դա արվում է, որպեսզի հնարավորինս նվազեցվի կաշառակերությունն այս ոլորտում: